Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների և հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական 
հարաբերությունների և հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերությունների, Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների և ծովով հացահատիկի արտահանման համար այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր:  

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

«Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների լույսի ներքո, ինչպես նաև Սև ծովով հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ստեղծումը», - ասվում է հայտարարության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում էրդողանը նշել է, որ հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու պլանի իրականացմանն ուղղված գործողությունները սկսելու ժամանակն է:

Էրդողանը Պուտինի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել Սիրիային անդրսահմանային մարդասիրական օգնության մեխանիզմի ընդլայնման կարևորության վրա։

Այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հարցը հունիսի 8-ին Անկարայում քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի բանակցություններում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան երաշխավորելու է ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերի անխոչընդոտ անցումը, եթե Կիևը մաքրի իր նավահանգիստները ականներից և կարողանա ապրանքների արտահանումն ապահովել Ռուսաստանի կողմից վերահսկվող նավահանգիստներով, ինչպիսիք են Բերդյանսկը և Մարիուպոլը։

Հունիսի 21-ին Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել ուկրաինական հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցի շուրջ։ Թուրքիայի ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը դրանք անվանել են դրական և կառուցողական՝ նշելով, որ որոշվել է շարունակել խորհրդակցությունները։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Անկարան պատրաստ է վերաարտահանել գյուղմթերքները, որոնք կտեղափոխվեն Սև ծովով։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նավահանգիստներում մոտ 20 թուրքական առեւտրային նավ կա, որոնք պատրաստ են փոխադրման։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am