Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԳՄՍՆ-ն բուհերի հեռակա ուսուցմամբ ընդունելության քննությունները ԳԹԿ-ի կողմից կազմակերպելու մասին նախագիծ է ներկայացրել

ԿԳՄՍՆ-ն բուհերի հեռակա ուսուցմամբ ընդունելության քննությունները ԳԹԿ-ի կողմից 
կազմակերպելու մասին նախագիծ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոններում փոփոխություններ կատարելու նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ներկայացված նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական մոտեցմամբ, որը կիրառվել է առկա ուսուցման ընդունելության ժամանակ: Ըստ այդմ` առաջարկվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման (այդ թվում՝ համապատասխան կայքի միջոցով առցանց տարբերակով), ընդունելության քննությունների և մրցույթի անցկացման գործառույթը փոխանցել ԳԹԿ-ին։

Փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, կազմակերպման, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։ Նշենք, որ համաձայն մինչև այս գործող կանոնների` դիմորդները քննություններին, ինչպես նաև մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար ընդունելության դիմում-հայտերը և փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհում:

Ակնկալվում է, որ նոր կարգավորումը գործընթացն առավել արդյունավետ և կանոնակարգված դարձնելու հնարավորություն կտա: Միաժամանակ նախագծով սահմանվել է, որ հեռակա ընդունելության գործընթացին առնչվող կարգավորումները տարածվում են ինչպես պետական, այնպես էլ հավատարմագրված ոչ պետական բուհերի վրա:

Նախագծի ընդունմամբ  նախատեսվում է ապահովել բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ընդունելության գործընթացի պատշաճ կազմակերպումը:

Շահագրգիռ կառույցները, բուհերը, քաղհասարակության ներկայացուցիչները նախագծի առնչությամբ իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև հուլիսի 22-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am