Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի 
են մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց  փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լիամետրաժ ֆիլմերի միջազգային» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Լի Ժույծյունի «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմը, Արծաթե ծիրան ստացավ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը, Հատուկ հիշատակման արժանացավ Սիրիլ Շեյբլինի «Խմորումը»։

Մրցույթի ժյուրիի նախագահն էր իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Օսկարի»: Թերի Ջորջի հայտնի աշխատանքներից  են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։

Մրցանակները հանձնելիս Թերի Ջորջը շնորհակալություն հայտնեց փառատոնի հիմնադիրներին, ժյուրիի  անդամներին՝ կախարդական համարելով Երևանն ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:

«Պետեր վան Բյուրենի անվան տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Քուրդուին Այուբի «Արևը», Արծաթե ծիրանի՝ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Զայնե Աքյոլի «Ռոժեքը»։

FIPRESCI մրցանակը տրվեց Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը» կինոնկարին:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Մոհամադռեզա Ֆարզդի «Ենթագումարներ»-ը, Արծաթե ծիրան ստացավ Անա Ջեգնարաձեի և Մարիտա Թեվձաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը, հատուկ հիշատակման արժանացավ Ահմադ Սալեհի «Գիշերը»։  

«Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ» ստացավ Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» (լավագույն հայկական կարճամետրաժ) կինոնկարը: Համբարձումյանը բեմ բարձրացավ և ժպիտով ասաց, որ ժամանակին զբաղված է եղել հայկական ֆիլմերը քննադատելով, այժմ ինքն է կինոնկար նկարահանում և սպասում է քննադատությունների:

«Խոստում լավագույն մարդասիրական ֆիլմ» հատուկ մրցանակ ստացավ Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը»։ Մրցանակը հանձնեց 2019 թվականին «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր եզդի իրավապաշտպան, գրող և ակտիվիստ Միրզա Դինային:

«Կարող էինք շատ երկար խոսել փառատոնի մասին, անդրադառնալ 150-ից ավելի հյուրերին, բայց մեզ համար ավելի էական է այն փաստը, որ փառատոնը մեզ համար դարպաս է, որը տարվա մեջ բացվում է ընդամենը 7 օր, և մենք էկրանների միջով ներս ենք հրավիրում ամբողջ աշխարհին, նաև այն հրաշալի հյուրերին, որոնք ներս են մտնում այդ դռնով: Դռները փակելուց առաջ մենք այդ դարպասի բանալին փորձում ենք հանձնել բոլոր մասնակիցներին»,- ասաց կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Մրցանակաբաշխության ավարտին բեմ բարձրացավ «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: Նա շնորհակալություն հայտնեց փառատոնի ժյուրիի անդամներին, հյուրերին, հանդիսատեսին: «Կարծում եմ՝ բոլորս այսօր մրցանակակիրներ ենք, որովհետև հաղթահարել ենք դժվարին ժամանակաշրջան: Ե՛վ կինոգործիչներն աջակցեցին փառատոնի կայացմանը, և՛ հովանավորները: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին»,-ասաց նա՝ բեմ հրավիրելով բոլոր նրանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել կինոփառատոնի անցկացման գործում:

Մրցանակաբաշխության արարողությանը հաջորդեց Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությունը։ Ըստ սցենարի՝ երբ Արցախի Հանրապետությունում պատերազմ է բռնկվում, գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանն ապաստան է գտնում և սկսում գրել։ Նա դեռ չգիտի, որ իր օրագիրը դառնալու է Արցախյան 44-օրյա պատերազմի մի ամբողջական և բազմաշերտ պատմագրություն։

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնն անցկացվեց հուլիսի 10-17-ը: Փառատոնին ցուցադրվեց շուրջ հարյուր ֆիլմ: Հատուկ փառատոնին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել մի շարք պատվավոր հյուրեր, որոնցից էին իսպանացի կինոռեժիսոր, Լոկառնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Ալբերտ Սեռան, Եվրոպական կինոյի առաջատար պրոդյուսեր, 35-ից ավելի փառատոնների մրցանակակիր, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին և այլք։

Փառատոնն անցկացվեց Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]