Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Podcast-Հարց բժշկին. պատվաստումները տարիներ ի վեր օգնել են կանխել մի շարք վարակիչ և մահացու հիվանդություններ՝ փրկելով միլիոնավոր կյանքեր

Podcast-Հարց բժշկին. պատվաստումները տարիներ ի վեր օգնել են կանխել մի շարք 
վարակիչ և մահացու հիվանդություններ՝ փրկելով միլիոնավոր կյանքեր

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պատվաստանյութերը ժամանակակից բժշկության ամենամեծ ձեռքբերումներից են: Դրանք աշխարհում կիսով չափ կրճատել են մահացության մակարդակը՝ փրկելով միլիոնավոր կյանքեր: Տարիներ շարունակ պատվաստանյութերը մեզ օգնել են մոռանալ մի շարք վարակիչ և մահացու հիվանդությունների մասին, իսկ վերջին տարիներին ամբողջ աշխարհում շատ արագ տարածված COVID-19 համավարակը հիշեցրեց, թե ինչ կարող է լինել, եթե  չկանխվի արագ տարածվող վարակիչ հիվանդությունը։ Պատվաստումները պաշտպանում են բոլորին մի շարք  հիվանդություններից՝ յուրաքանչյուր տարի փրկելով միլիոնավոր կյանքեր:

Պատվաստումների կարևորության, կոլեկտիվ իմունիտետի և պատվաստումների մասին հիմնական միֆերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք  «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի իմունիզացիայի ծառայության պատասխանատու Իրինա Մամյանի հետ։ 

HM2_7678.jpg (549 KB)

Մասնագետը նշեց, որ պատվաստանյութերն օգնում են իմունային համակարգին ավելի արդյունավետ պայքարել վարակների դեմ՝ խթանելով իմունային համակարգի արձագանքը կոնկրետ հիվանդության հանդեպ։ Դրանից հետո, եթե վիրուսը կամ բակտերիան երբևէ հայտնվի օրգանիզմում, ապա իմունային համակարգն արդեն կկարողանա պայքարել դրա դեմ։ 

Անդրադառնալով պատվաստանյութերի վտանգավոր լինելու փաստին՝ մասնագետը նշեց, որ մինչ  օգտագործման հավանություն ստանալը բոլոր պատվաստանյութերի անվտանգությունը ստուգվում է կլինիկական եռափուլ փորձարկումների միջոցով։ Ամեն երկիր գրանցում և կիրառում է բացառապես այն պատվաստանյութերը, որոնք համապատասխանում են որակի և անվտանգության խիստ չափանիշներին։

«Պատվաստանյութերը կյանքեր են փրկում և ապացուցված է, որ ամբողջ աշխարհում ամեն տարի յուրաքանչյուր պատվաստանյութը միլիոնավոր մահեր է կանխում։ Պատվաստումը բոլորի  համար շատ կարևոր է։ Հակառակ դեպքում սուր վարակիչ հիվանդությունները, ինչպես օրինակ՝ կարմրուկը, դիֆթերիան և պոլիոմիելիտը, որոնք արդեն իսկ վերացել են շատ երկրներում, կրկին կվերադառնան»,-նշեց նա։

Խոսելով կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու կարևորության մասին, Իրինա Մամյանը նշեց, որ երբ շրջապատում բավականաչափ մարդիկ արդեն պատվաստված են որոշակի հիվանդության դեմ, ապա ձևավորվում է կոլեկտիվ իմունիտետ կոչվող երևույթը, որի դեպքում կանխվում է հիվանդության տարածման շղթան, քանի որ  հիվանդությունն այլևս անկարող է հեշտորեն փոխանցվել մեկից մյուսին։ Կոլեկտիվ իմունիտետ ձևավորելը հատկապես կարևոր է խոցելի խմբերի համար, ինչպիսիք են երեխաները, տարբեր խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ և այն մարդիկ, ում հակացուցված է պատվաստվել։ Կոլեկտիվ իմունիտետը նաև կանխում է վարակի բռնկումները՝ խոչընդոտելով հիվանդության տարածումը։ Հիվանդությունն, այդպիսով, ավելի հազվադեպ է դառնում, երբեմն  իսպառ վերանում է։

Մասնագետն ընդգծեց, որ պատվաստանյութերը մարդկանց պաշտպանում են այնպիսի ծանր հիվանդություններից, ինչպիսիք են պոլիոմիելիտը, կարմրուկը, փայտախտը և էլի մի շարք վարակիչ և մահացու վիրուսներ։

Ինչպե՞ս են «համագործակցում» իմունային համակարգն ու պատվաստանյութը։ Ինչո՞ւ է կարևոր հետևել պատվաստումների ժամանակացույցին: Կան արդյո՞ք հիվանդություններ, որոնք պատվաստումների շնորհիվ վերացել են և այլևս վտանգավոր չեն։  Որո՞նք են այդ ամենավտանգավոր սուր վարակիչ հիվանդությունները։ Որո՞նք են պատվաստումների մասին հիմնական միֆերը և ի՞նչ գիտական հետազոտություններ կան այդ միֆերի վերաբերյալ։ Որո՞նք են պատվաստանյութերի հնարավոր կողմնակի ազդեցությունները և ինչպե՞ս են դրանք սովորաբար առաջանում և կանխարգելվում: Որո՞նք են պատվաստանյութերի մշակման վերջին միտումները։

Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am