Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

KnowWay հարթակը արտերկրում բնակվող հայ երիտասարդներին ՏՏ ոլորտում հմտանալու հնարավորություն է տալիս

KnowWay հարթակը արտերկրում բնակվող հայ երիտասարդներին ՏՏ ոլորտում 
հմտանալու հնարավորություն է տալիս

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտերկրում գտնվող հայ երեխաներին ու երտասարդներին աշխատաշուկայում ավելի մրցունակ և հաջողակ դարձնելու համար մշակվել և անցկացվում են արդի ժամանակներին համապատասխան օնլայն դասընթացներ: 

KnowWay հարթակի հիմնադիր Հակոբ Թագայանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց՝ լուծելու են մի քանի խնդիր. իրականացնելու են  համեմատաբար էժան ու որակով դասընթացներ, դրսում ապրող հայերին իրար կապելով՝ ստեղծելու են  հետաքրքիր ու լավ մասնագետների համայնք (network), դասընթացները հայերեն իրականացնելով՝ նպաստելու են, որպեսզի ուսանողները չմոռանան ու  զարգացնեն իրենց մայրենի լեզուն: 

Թագայանը նման այլ կրթական հարթակում աշխատել է ավելի քան 4 տարի: Սկզբում աշխատել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, հետագայում ծրագրավորում է դասավանդել: Դասավանդման տարիներին հասցրել է շատ ընկերներ ձեռք բերել, որոնք օգնել են միասին հասունացնել KnowWay հարթակի գաղափարը: 

KnowWay-ը կրթական հարթակ է որտեղ ուսանողները կարող են ծանոթանալ ուսուցման առկա 5 ուղղություններին. ծրագրավորում, գրաֆիկ դիզայն, խաղերի ստեղծում, երաժշտություն և շախմատ: Հիմնադիրը ընդգծում է՝ KnowWay անունը հուշում է, որ  ուսանողներին փորձելու են գիտելիքի ու նոր բան իմանալու ճանապարհը ցույց տալ: Իր հավաքած թիմով պատրաստվում է կրթական և ՏՏ ոլորտում ունեցած փորձը, գիտելիքները ներդնել ու հնարավորինս արդյունավետ դարձնել ուսուցման պրոցեսը։

«Նմանատիպ այլ հարթակ կա, որն ավելի մասնագիտացված է դպրոցական կրթության մեջ՝ լեզուներ , մաթեմատիկա: Մենք շեշտադրումը փոխեցինք, վերցրեցինք այնպիսի մասնագիտություններ որոնք արդի են ժամանակակից աշխարհում: Շուտով ևս 2 ուղղություն կունենանք՝ character design և ալգորիթմներ»,- նշեց Թագայանը: 

Հիմնադրի խոսքով ուղությունները դասավանդվում են բացառապես թվային ժամանակաշրջանին համապատասխան: Ուսանողները կարիք չունեն տետրեր ու գրիչներ պահելու: Իսկ առաջին հայացքից տեխնոլոգիաների հետ կապ չունեցող երաժշտություն և շախմատ ուղղությունները հարթակում ամենաուղղակի կապն են ձեռք բերում թվային աշխարհի հետ: 

«Շախմատը ներմուծել ենք հարթակ  պահանջարկի հիման վրա: Այն ուղիղ կապ ունի ուսանողի զարգացվածության հետ, դրա սխեման հնարավոր է արտացոլել ծրագրավորման դասերի մեջ: Օրինակ JavaScript ծրագրավորման լեզվով սարքում ենք 2D մատրիցա, որը կոորդինատային համակարգ է: Մատրիցան նման է շախմատի, որն էլի կոորդինատային համակարգի հիման վրա է կառուցված: Ինչ վերաբերվում է երաժշտությանը,  մենք այն հետաքրքիր գործիքներով ենք դասավանդում»,- պարզաբանեց Թագայանը: 

Հարթակի դասընթացներին, կրթական ծրագրին, դասընթացավարների ինքնակենսագրականներին հնարավոր է ծանոթանալ հարթակի կայքում: Ունեն «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի էջեր, որտեղ հնարավոր է ծանոթանալ նորություններին: Դասընթացավարներն աշխատում են ոլորտի առաջատար կազմակերպություններում: Հիմնադիրը վստահեցնում է՝ ուսանողների հետադարձ արձագանքի շնորհիվ հարթակն անընդհատ կատարելագործվում է: 

«Կարևոր է ընդգծել նաև, որ նման ուղություններն արտերկրում սովորելը թանկ արժե: Մենք ուսուցման համար ժամում 18 դոլար ենք պահանջում: Ուսուցման գրաֆիկն ազատ է, դասընթացավարն ու ուսանողը դասընթացի ժամը որոշում են միասին: Վճարվող 18 դոլարը սիմվոլիկ է, դասընթացավարների համար հարթակում օնլայն դաս վարելը ուղղակի հոբբի է: Մենք շահույթ չենք հետապնդում»,- նշեց հիմնադիրը: 

Ծրագրում ուսուցման համար նախատեսել են 6 ամիս: Թագայանը նշում է, որ ուսանողներին անհատական մոտեցում է ցուցաբերվում, կան մարդիկ, որոնք արագ են նյութն ընկալում, շատերը՝ ոչ այնքան: Տարիքային սահմանափակումներ չկան: Ներկա պահին ունեն 10-15 ուսանող, որոնց հիմնական մասը հետաքրքված է ծրագրավորմամբ և խաղերի ստեղծմամբ: 

Հետագայում նպատակ ունեն ընդլայնել ուսանողների քանակը, մեծացնել դասերի քանակը, ընդլայնել հարթակի հնարավորությունները: Ներկա պահին հարթակի լեզուն անգլերենն է, շատ շուտով հայերեն տարբերակ ևս ունենալու են:

«Լիահույս ենք, որ մեր տված գիտելիքներն ուսանողները կներդնեն ոլորտում: Եղել են դեպքեր երբ օնլայն դասավանդումից հետո տվյալ ուսանողը եկել է Հայաստան, ծանոթացել շփվել ենք, կապն էլ ավելի ամուր ենք դարձրել»,- նշեց Թագայանը: 

Հիմնադիրը նշում է՝  եթե հարթակը շատ տարածում ունենա, մեծ թվով ուսանողներ ներգրավի, դա իրենց համար շարժառիթ կլինի էլ առավել մեծ եռանդով աշխատելու համար: 

Կարինե Տերտերյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am