Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

«Դրական շոկ» տնտեսության համար. ինչ գործոններ են նպաստել մոտ 12 տոկոս տնտեսական ակտիվության աճին

«Դրական շոկ» տնտեսության համար. ինչ գործոններ են նպաստել մոտ 12 տոկոս 
տնտեսական ակտիվության աճին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած հիմնական առևտրատնտեսական գործընկեր Ռուսաստանի տնտեսությունից Հայաստանի տնտեսության վրա սպասվող բացասական ազդեցությանը՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում աճել է մոտ 12 տոկոսով, տնտեսության համար դրական «շոկ» են հանդիսացել կապիտալի և տուրիստական հոսքերը: Կառավարությունում շարունակում են տարվա համար 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսում ունենալ, ընթացիկ տեմպերի պահպանման դեպքում հավանական են համարում անգամ ավելին:

«Արմենպրես»-ը տնտեսությունում զարգացումների, դրամի արժևորման ֆոնին տուժող ոլորտներին Կառավարության կողմից հավանական աջակցության, պետական պարտքի և այլ հարցերի մասին զրուցել է ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Էդուարդ Հակոբյանի հետ:

- Տարվա առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրվել է 11.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Այդ աճն առավելապես ապահովել է ծառայությունների ոլորտը՝ 26.9 տոկոսով: Ինչի՞ մասին է խոսում այս ցուցանիշը, ի՞նչն է նպաստել դրան:

- 6 ամսում մոտ 12 տոկոս տնտեսական ակտիվության աճ. դրա մեծ մասը ծառայությունների ճյուղում է, սակայն միայն ծառայություններով չի բացատրվում տնտեսական ակտիվության աճը: Մյուս ճյուղերում ևս ունենք բավական դրական դինամիկա՝ բացառությամբ գյուղատնտեսության: Տարվա տնտեսական զարգացումների ակնկալիքները վատատեսական էին, սակայն փաստացի ունեցանք մի իրավիճակ, երբ դրական ռիսկերն առարկայացան, և ունեցանք բարձր տնտեսական աճ: Ինչով է սա պայմանավորված. տարեսկզբին կանխատեսում իրականացնող բոլոր պրոֆեսիոնալ ինստիտուտները Հայաստանի համար կանխատեսում էին շուրջ 2 տոկոսանոց տնտեսական աճ: Ունենք ռուս-ուկրաինական հակամարտություն՝ իր բոլոր բացասական հետևանքներով, ՌԴ-ում սպասվող խորը անկումներով, որոնք, իհարկե, պետք է ազդեին Հայաստանի տնտեսության վրա: Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր առևտրատնտեսական գործընկեր է  մի քանի «կապուղիներով»՝ արտահանում և ներմուծում, տուրիզմի հոսքեր, տրանսֆերտներ, օտարերկրյա ներդրումներ: Այս մասով ակնկալիքները բացասական էին: Սակայն արդեն 4-րդ ամսից սկսած մենք տեսնում ենք, որ այդ բոլոր ուղղություններով բավականին տպավորիչ աճեր կան: Ե՛վ դեպի Ռուսաստան արտահանման, և՛ Ռուսաստանից տրանսֆերտների, և՛ օտարերկրյա ներդրումների, և՛ տուրիզմի մասով կա դրական դինամիկա, վերջինս այս զարգացումների առանցքում է: Այս զարգացումները բերեցին նրան, որ մենք ունեցանք տուրիզմի և  կապիտալի հոսքեր մեր երկիր, որը տնտեսության համար, այսպես ասած, «դրական շոկ է»: Բավականին տպավորիչ զարգացումներ ունենք 4-5 ուղղություններով՝ հատկապես ծառայությունների ոլորտում, տուրիզմի հետ կապված ոլորտներում, կացության ոլորտը՝ հյուրանոցներ, ռեստորաններ, նաև անշարժ գույքի ոլորտը, ֆինանսական համակարգը, տրանսպորտը:  

- Այսինքն, կարող ենք ասել, որ այդ վատատեսական կանխատեսումները չիրականացան շնորհիվ կապիտալի միջազգային հոսքերի և մարդկա՞նց, որոնք այստեղ օգտվել են ծառայություններից:

- Այո, մարդկանց և կապիտալի միջազգային հոսքերի մասին է խոսք գնում: Այսինքն, մարդիկ տեղափոխվել են Հայաստան, ընկերությունների որոշ մասը տեղափոխվել է Հայաստան, մարդիկ իրենց հետ տեղափոխել են կապիտալի որոշ հոսքեր: Բացի այդ, նաև տեղի է ունենում արտարժույթի որոշակի հոսք Հայաստան, որը լրացուցիչ պահանջարկ է ձևավորել ծառայությունների ոլորտի համար: Հետևաբար, ունենում ենք նմանատիպ բարձր աճեր:

- Սակայն մեր հիմնական առևտրատնտեսական գործընկեր երկրում՝ ՌԴ-ում, ռիսկերը դեռևս շարունակվում են պահպանվել: Ի՞նչ է ակնկալվում՝ ՌԴ տնտեսությունում, համաշխարհային տնտեսությունում զարգացումներն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա:

 - Օրերս Արժույթի միջազգային հիմնադրամը՝ համաշխարհային զարգացումների առանցքային կանխատեսող ինստիտուտներից մեկը, հրապարակեց իր նոր կանխատեսումները, որի վերնագիրը՝ «Մռայլ և ավելի անորոշ»,  արդեն խոսում է շատ բաների մասին: Այսինքն, ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև ՌԴ-ի նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցները մի միջավայր են ձևավորել, որը ստագֆլյացիոն վտանգ է առաջացրել աշխարհում, ինչն ինֆլյացիայի և գործազրկության  աճի միաժամանակյա տեղի ունենալն է: Ինֆլյացիան ծնվել է նրանից, որ հակամարտության պայմաններում էներգակիրների և պարենի գները կտրուկ բարձրացրել են: Եվ քանի որ վերջին 30-40 տարում աշխարհը՝ հատկապես արևտմյան աշխարհը, նմանատիպ գնաճ չի տեսել, ԿԲ-երը, խստացնելով դրամավարկային պայմանները, տոկոսները բարձրացնելով, փորձում են հակազդել այս գնաճային երևույթներին: Սրա ֆոնին կա նաև Չինաստանի գործոնը, որտեղ հակակորոնավիրուսային խիստ սահմանափակումներ են սկսել գործել, իսկ Չինաստանը պահանջարկ ներկայացնող առանցքային տնտեսություններից է: Այս գործոնները համախմբելով՝ ունենք մի պատկեր, որ բոլոր ուղղություններով գրեթե տնտեսական աճի կանխատեսումների՝ դեպի ներքև վերանայումներ կան Եվրոպայում, ԱՄՆ-ում, մյուս տարածաշրջաններում: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այնտեղ նախկինում սպասվող անկումը վերանայվել է դրական ուղղությամբ, այսինքն, ավելի փոքր անկում է սպասվում հիմա. եթե նախկինում սպասվում էր 8-10 տոկոսանոց անկում, ապա ներկայում՝ 6 տոկոսանոց անկում: Սակայն 2023-ի համար խորացրել են անկման կանխատեսումները: Քանի որ խոսքը աշխարհի և Հայաստանի համար կարևոր գործընկեր առանցքային տնտեսությունների մասին է, ապա նրանց մոտ աճի կանխատեսման՝ դեպի ներքև ճշգրտումները որոշակի բացասական ազդեցություններ կունենան Հայաստանի համար: Սակայն, քանի որ մեզ մոտ կա դրան հակակշռող գործոն, որը մարդկանց և կապիտալի ներհոսքն է, հետևաբար, առանցքային հարցն այն է, թե ինչքա՞ն կտևի ռուս-ուկրաինական հակամարտությունը, և մենք որքա՞ն կտեսնենք մարդկանց և կապիտալի՝ նմանատիպ բարձր տեմպերով ներհոսքեր: Այդ ժամանակից էլ կախված՝ կարող ենք հասկանալ, թե դա ինչպիսի ազդեցություն կունենա մեզ վրա: Տարեսկզբին մենք պետբյուջեի նախագծով սպասում էինք 7 տոկոսանոց տնտեսական աճ, ներկայումս դրանից էլ բարձր են գնում ընթացիկ զարգացումները, և արդեն միջնաժամկետ ծախսերի ծրագրով մենք շարունակել ենք պահպանել 7 տոկոսի մեր այդ սպասումը, թիրախը: Այսինքն 7 տոկոսանոց աճն այս տարվա համար համարում ենք հավանական: Եթե ընթացիկ տեմպերը պահպանվեն, հնարավոր է նաև այդ աճի որոշակի գերազանցում էլ լինի: Այս պահին վերանայումներ չկան, սակայն, պետք է ֆիքսենք, որ ունենք բարձր անորոշություններ, որը ենթադրում է ամենօրյա մոնիթորինգ, ինչն էլ թույլ կտա նոր գործոնները հաշվի առնելով՝ նոր գնահատականներ տալ սպասումների վերաբերյալ:

 

- Եթե Ռուսաստանում 6 տոկոս անկման կանխատեսումն իրականանա, ապա ի՞նչ արտացոլում կունենա Հայաստանի տնտեսական աճի վրա, ի՞նչ չափով կլինի նվազումը մեզ մոտ:

- Մենք նմանատիպ տնտեսական ցնցում աշխարհում չենք ունեցել: Բոլոր գնահատականները, այդ թվում մեր գնահատականները, ցույց էին տալիս, որ ՌԴ-ն այն առանցքային արտաքին գործոնն է, որն ազդում է մեր տնտեսության վրա: Տնտեսական աճի 1 տոկոս փոփոխությունը, դանդաղումը կամ արագացումն իր ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Դա եղել է միշտ՝ և՛ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, և՛ 2014-2015 թթ,, երբ առաջին պատժամիջոցները կիրառվեցին ՌԴ-ի նկատմամբ: Սակայն հիմա իրավիճակն այլ է, որովհետև դրա փոխանցումային ուղիները հակառակ են աշխատում: Այսինքն, այդ աճի փոփոխությունները, որոնք Հայաստանի տնտեսությանը պետք է բերեին բացասական հետևանքների, մեծամասամբ դրական են: Եվ, եթե ակնկալվում էր, որ ՌԴ-ում եկամուտների անկման ֆոնին պետք է տրանֆերտներն անկում ապրեին, մեր արտահանման պահանջարկը որոշակի նվազեր, ավելի քիչ ներդրումներ հոսեին այստեղ՝ փաստացի տեղի չեն ունենում: Հետևաբար, իրավիճակը թույլ է տալիս մեզ ասել, որ այդ պատմական կապերը փոխվել են առնվազն այս տարվա համար, իսկ, թե հետագայում ինչպես կդրսևորվի, կախված է հակամարտության հանգուցալուծումից:

- Դոլարի փոխարժեքի նվազման, դրամի արժևորման ֆոնին արտահանողները խնդիրների առաջ են կանգնել, որոշները չեն բացառում արտահանման ծավալները նվազեցնելը: Եթե Հայաստանում այս խնդրի պատճառով արտահանումը նվազի, ապա տարվա վերջում տնտեսական աճի ցուցանիշի վրա ի՞նչ ազդեցություն կարող է թողնել: Ի՞նչ լուծումներ եք տեսնում:

- Նկատվում է դրամի՝ բավականին մեծ տեմպերով արժևորում, որի պատճառն արտարժույթի հոսքերն են Հայաստան: Դրամի արժևորումը, իհարկե, արտահանողներին վնաս է, քանի որ իրենք չէինք պլանավորել, որ այսպիսի փոփոխություն պետք է տեղի ունենար: Բայց, երբ  նայում ենք ընթացիկ զարգացումներին, միտումներին, մեծ խնդիրներ, որպես այդպիսիք, չկան: Դրանք, ենթադրաբար, ավելի շատ կդրսևորվեն հաջորդ ամիսներին: Կառավարությունը դիտարկում է հնարավոր աջակցության մեխանիզմներ: Երբ խոսում ենք դրական զարգացումների մասին, պետք է հասկանանք, որ դրանք ունեն նաև իրենց բացասական կողմը. դա տնտեսության համար ասիմետրիկ ցնցում է, հասարակության որոշ խմբեր, տնտեսության որոշ խմբեր օգտվում են, ինչ-որ խմբեր՝ տուժում: Տուժողների մի խումբ արտահանողներն են, մյուս խումբը՝ ներքին արտադրողները, որոնք մրցում են ներմուծվող ապրանքների հետ, երրորդ խումբն այն մարդիկ են, որոնք տուժում են բարձր գնաճից, քանի որ հոսքերը բերել են նաև տնտեսությունում գնաճի: Հետևաբար, և՛ արտահանման, և՛ նշված մյուս բացասական հետևանքներին հակազդելու համար կառավարությունը ներկայումս քննարկում է հնարավոր մեխանիզմներ: Օրինակ, միջնաժամկետ ծախսերի ծրագրում արդեն կենսաթոշակների բարձրացում է պլանավորվել, աշխատավարձերի բարձրացման մասին քննարկումներ կան: Ինչ վերաբերում է արտահանողներին, ապա քննարկումները դեռ ընթացքում են: Իրավիճակը հստակ ախտորոշելուց հետո արդեն համապատասխան գործիքակազմեր կմշակվեն Կառավարության կողմից, եթե բացահայտվեն այն թիրախային արտահանողները, որոնք իրապես խնդիրներ ունեն: Այս պահին քննարկվում է, թե հատկապես որ ուղղություններով կարիք կա աջակցություն տրամադրելու դրամի արժևորման ֆոնին: ԿԲ-ի հետ համատեղ կան քննարկումներ նաև, թե ինչպիսի կոորդինացման մեխանիզմներ են հնարավոր դիտարկել՝ իրավիճակին հակազդելու և հնարավորինս քիչ ցնցումներով դուրս գալու այս իրավիճակից:

- Դրամի արժևորման ֆոնին ակնկալվում էր, որ գնաճը պետք է նվազի, սակայն, մայիսի տվյալներով գնաճը դեռ 9 տոկոս էր, ինչո՞ւ գնանկում չի նկատվում մեզ մոտ:

- Գլոբալ պատկերն այնպիսին է. եթե, օրինակ, մեր գնաճը համեմատում ենք տարածաշրջանի երկրների հետ, ապա միանշանակ կարելի է փաստել, որ մեզ մոտ ամենացածրն է: Այսինքն, դրամի արժևորման ուղղությամբ ճշգրտումը թույլ է տվել որոշակիորեն մեղմել այն հնարավոր գնաճը, որ կարող էր առաջանալ միջազգային շուկայից եկող ազդակների պայմաններում:

 

- Շինարարության ծավալն առաջին 6 ամիսներին աճել է 12.7 տոկոսով, 2022-ի պետբյուջեով նախատեսվում էր կապիտալ ծախսերն ավելացնել 55 տոկոսով: Որքանո՞վ են հենց կապիտալ ծախսերը նպաստել շինարարության ծավալի ավելացմանը, տարվա համար ի՞նչ ակնկալիքներ կան:

- Շինարարության զարգացումների մեջ առյուծի բաժինը գալիս է մասնավոր շինարարությունից, խոսքը բնակարանային շինարարության մասին է: Առաջին գործոնը  Կառավարության կողմից իրականացվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրն է, մյուսը՝ հիփոթեքային վարկերը, երրորդը՝ լրացուցիչ պահանջարկը, որն առաջացել է մարդկանց որոշակի ներհոսքի պայմաններում: Այսինքն, այդ 3 գործոնները բերել են նրան, որ շինարարության մեջ կան զարգացումներ բնակարանային շինարարության ոլորտում: Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ապա այո, այս տարի պետբյուջեով մենք բավականին բարձր կապիտալ ծախսեր ենք պլանավորել՝ ենթակառուցվածքներում ներդրումների տեսքով: Ընթացիկ տարվա 6 ամսում արդեն ունենք որոշակի աճեր, կապիտալ ծախսերն աճում են, որն ինչ-որ չափով նպաստում է շինարարության և ներդրումների զարգացումներին: Մենք պետք է փորձենք մաքսիմալ այնպես անել, որ բյուջեով պլանավորվածը, որ կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում լինի 4-4.5 տոկոս՝ ապահովենք: Բայց, իհարկե, տարվա ընթացքից կախված, հաշվի առնելով, որոշակի թերակատարումները, հնարավոր է, որ ավելի ցածր մակարդակ ապահովենք, բայց, այնուամենայնիվ, կլինի աճող: Շատ է խոսվում այն մասին, որ հատկապես համավարակից և Արցախյան պատերազմից հետո տնտեսական աճի ներուժի որոշակի դանդաղում կա: Իսկ այդ ներուժի դանդաղմանը հակազդելու և 7 տոկոս տնտեսական աճի թիրախին հասնելու առանցքային ճանապարհներից մեկը կապիտալ ծախսեր անելն է: Այդ տեսանկյունից, կարծում ենք, որ այս տարին կլինի առանցքային մեկնարկ, որ մենք կարողանանք տնտեսական աճի տեմպերը մեծացնել հետագա տարիներին:

- Իսկ ի՞նչ կասեք պետբյուջեի հետ կապված զարգացումներից:

- Հարկային եկամուտների հավաքագրումները բարձր տեմպերով աճում ենք: Այսինքն, տնտեսական բարձր աճին զուգահեռ ունենք նաև հարկային եկամուտների բարձր աճի տեմպերով հավաքագրումներ: Սա կարևոր է, որովհետև հնարավորություն է տալիս ավելի շատ ռեսուրսներ հատկացնել հատկապես այն ուղղություններով, որոնց մասին նշեցի: Այս տեսանկյունից մենք արդեն անցյալ ամսվա ընթացքում 40 մլրդ դրամի ավելացում ենք արել պետբյուջեի պլաններում: Հետագայում, եթե զարգացումները շարունակվեն նման տեմպերով, հնարավոր է, որ հավաքագրումներն ավելին լինեն: Սա թույլ կտա մի կողմից խնդիրների համար ռեսուրսներ հատկացնել, մյուս կողմից էլ՝ ունենալ ավելի բարվոք պետական բյուջեի պակասուրդ, որը թույլ կտա նվազեցնել պարտքի բեռը: Մենք Կառավարության պարտքի բեռի մասով ունենք հարկաբյուջետային կանոններով սահմանված ուղենիշեր: Անցյալ տարի արդեն որոշակի քայլեր արել ենք այդ ուղղությամբ, որ այն նվազի դեպի 60 տոկոսանոց շեմը: Այս տարի արդեն ակնկալիքներն այնպիսին են, որ մենք ՀՆԱ-ի մեջ 60 տոկոսից ցածր Կառավարության պարտքի ցուցանիշ կունենանք և կշարունակենք այդ միտումը նաև ապագա տարիներին: Դա հետևանք է նրա, որ մենք ունենք բարձր տնտեսական աճ, դրամի արժևորում, ինչպես նաև՝ Կառավարության գործողություններն աստիճանաբար պակասուրդը նվազեցնելու ուղղությամբ են: Միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2022 թվականի համար սպասում ենք, որ ՀՆԱ-ի մեջ 58 տոկոսին մոտ պարտք կունենանք՝ այն դեպքում, երբ թիրախավորում էինք դրան հասնել ավելի ուշ:

- Իսկ ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ ի՞նչ տոկոս կկազմեն այս տարի, ներկա զարգացումներն ի՞նչ են հուշում:

 - Առաջին եռամսյակի արդյունքում ներդրումների 6-10 տոկոս աճ կար: Շինարարության ոլորտի միտումները հուշում են, որ այս աճերը պահպանվում են. օրինակ, կիսամյակի արդյունքում շինարարության մոտ 13 տոկոս աճ կա, որն ապահովում է ներդրումների առյուծի բաժինը: Այս պայմաններում մեր ակնկալիքը նա է, որ այս տարի այս բարձր աճերը կպահպանվեն, և կունենանք ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի բարելավում, եթե 2021 թվականին դա 18 տոկոսի շուրջ էր, ապա 2022-ի համար ակնկալիքն այն է, որ կհասնի մոտ 20 տոկոսի:

- Միջազգային կազմակերպությունների կողմից ի՞նչ կանխատեսումներ կան այս պահին Հայաստանի տնտեսական աճի համար:

-Մինչև 2 տոկոսանոց, որոշ դեպքերում՝ 3-ի շուրջ կանխատեսումներ կային: Դրանք արվել են փետրվար-մարտ ամիսներին, երբ ռուս-ուկրաինական հակամարտությունը սկսվեց, ՌԴ-ի նկատմամբ կիրառվեցին աննախադեպ պատժամիջոցներ: Բայց ընթացիկ զարգացումները ցույց են տալիս, որ բոլոր միջազգային կառույցներն աստիճանաբար սկսում են իրենց սպասումները դեպի վեր վերանայել: Վերջերս, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամը, երբ նախկինում ՀՀ-ի համար գնահատում էր 1.5 տոկոս տնտեսական աճ, արդեն իսկ 5 տոկոսանոց աճի մասին հրապարակում էր արել: Այսինքն, միջազգային կառույցները ևս տեսնելով վիճակը, հասկանալով, որ կան դրական զարգացումներ՝ աստիճանաբար դեպի վերև են վերանայում իրենց սպասումները Հայաստանի համար:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]