Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը տոնում է մեկդարյա հոբելյանը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը տոնում է մեկդարյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը տոնում է մեկդարյա հոբելյանը: Բուհի 100-ամյակին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի  ունեցավ հոբելյանական մեծ համերգ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, կառավարության անդամներ, հյուրեր արտասահմանից և այլք։

Բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, շնորհավորելով հյուրերին և բոլոր մանկավարժականցիներին, նախ շնորհակալություն հայտնեց այս տարիներին բուհը ղեկավարած բոլոր ռեկտորներին իրենց կատարած մեծ աշխատանքի և արդյունքների համար:

«Մանկավարժական մտքի և կրթության զարգացումն ու առաջընթացը խորհրդանշող հոբելյանը պատեհ առիթ է արժեվորելու բարձրագույն կրթոջախի տարեգրությունը կերտած երախտավորներին, մատնանշելու ուսուցչի պատվավոր առաքելությունն իրականացնող շրջանավարտների տարբեր սերունդների ներդրումը: Մենք մեկդարյա տարեգրության էջերը թերթում ենք սրբազան ակնածանքով ու պատասխանատվության բարձր գիտակցմամբ: Մեր ժողովրդի ընդհանուր պատմության մեջ բուհի կենսագրությունը մի մասունք է, որտեղ ամփոփված է մեծ մտավորականների տարբեր սերունդների գիտական մտքի արդյունքները: Բուհում հիմնադրման օրից դասավանդել են ականավոր գիտնականներ ու հմուտ մանկավարժներ»,- ասաց Գևորգյանը:

Նա ընդգծեց, որ տարբեր ժամանակներում տարբեր են եղել մանկավարժ կրթելու մեթոդները, բայց անփոփոխ է մնացել ուսուցչի ազգապահպան առաքելությունը՝ առողջ ու բանիմաց հասարակության, պետության անվտանգության երաշխավորի պատասխանատվությունը: Մանկավարժական համալսարանը հենց այս սկզբունքով է մոտենում իր առաքելությանը և արդեն մեկ դար տարեցտարի կատարելագործում ուսումնագիտական, կրթական գործառույթները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով բոլորին Մանկավարժական համալսարանի 100-ամյակի առիթով, ընդգծեց, որ սա շատ կարևոր հոբելյան է:

 «Այս հոբելյանը մեզ համար նաև մի կարևոր հանգրվան է, երբ մենք առանց որևէ չափազանցության պիտի արձանագրենք, որ մանկավարժի մասնագիտությունը, և հետևաբար՝ նաև մանկավարժական կրթությունը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետև մանկավարժական կրթությունը, ի վերջո, կներեք կրկնաբանության համար, կրթություն է՝ կրթություն տալու մեթոդների, ձևերի և այսօր արդեն՝ տեխնոլոգիաների մասին: Եկեք վերադառնանք այն ժամանակները, երբ հիմնադրվում էր բուհը: Դա մի ժամանակ էր, երբ Հայաստանում, ինչպես նաև շատ երկրներում, ստեղծվում էին այնպիսի հաստատություններ, որոնք կոչվում էին «լիկկայաններ»: Դրանք նրա համար էին, որ մարդկանց դարձնեն տառաճանաչ, որովհետև անգրագիտությունը, ցավոք, համատարած երևույթ էր ինչպես այդ ժամանակի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Բայց, ցավով պիտի արձանագրենք, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի 100-ամյա հոբելյանի ժամանակներում մենք նույնպիսի կամ նման մարտահրավերների առաջ ենք կանգնում. երբ հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում, օրինակ, մինչև 10 տարեկան երեխաների մի շատ մեծ տոկոս ունի ֆունկցիոնալ անգրագիտություն: Սա ազգային անվտանգության խնդիր է առանց չափազանցության»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ մենք այսօր այս խնդիրը լուծելուն ուղղված քայլերի անխուսափելիության առաջ ենք կանգնած: Դա է պատճառը, որ հանրակրթության ոլորտում ձեռնարկված են իսկապես մասշտաբային և խորը բարեփոխումներ: Այդ բարեփոխումների անկյունաքարային իմաստն ընդգծելն է կրթության, հանրակրթության, նախադպրոցական կրթության անկյունաքարային և ռազմավարական նշանակությունը: Բայց և ընդգծելն է, որ առանց պրոֆեսիոնալ ուսուցչի, առանց պրոֆեսիոնալ ուսուցչական խավի այդ խնդիրը հնարավոր չի լինելու լուծել: Եվ, հետևաբար, մանկավարժական կրթության հետագա զարգացումը մեզ համար ունի անկյունաքարային նշանակություն:

«Այսօր ուրախ եմ այս հոբելյանի առիթով հնարավորություն ունենալ հայտարարել, որ ապրում ենք մի ժամանակներում, որտեղ ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվում և եռապատկվում է: Եվ ուրախ եմ արձանագրելու, որ այս գործընթացը լինելու է շարունակական»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրեց Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ ընդգծեց, որ Մանկավարժական համալսարանը այսօր այն բացառիկ բուհերից է, որը մնացել է իր ակունքներին հավատարիմ, այսինքն՝ մանկավարժական գործունեությանը և կադրեր պատրաստելուն: «Այդ ճանապարհը բավականին բարդ և դժվար է, ինչը բուհը պատվով կատարում է»,- ասաց նա:

Բուհի 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությանը կատարումներով հանդես եկան  Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը, «Բերդ» պարային անսամբլը, ՀՊՄՀ-ի պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանողները, Երգի պետական թատրոնը, Մնջախաղի թատրոնը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am