Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Շանհայ. ներդաշնակության և համաչափության քաղաք

Շանհայ. ներդաշնակության և համաչափության քաղաք

ՇԱՆՀԱՅ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չինաստանի հարավ-արևելյան հատվածում` Յանցզի գետի գետաբերանին և Խաղաղ Օվկիանոսի ափին տեղակայված Շանհայ քաղաքն աշխարհին է ներկայանում բացառիկ ձեռքբերումներով և ռեկորդներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց կատարեցին Շանհայ: Ավելի քան  6340,5 քառակուսի կիլոմետր տարածությամբ մոտ 25 միլիոն բնակչությամբ  Շանհայը համարվում է Չինաստանի նորարարական և ֆինանսական կենտրոններից մեկը: Քաղաք, որտեղ կյանքի միջին տևողությունը ամենաբարձրերից մեկն է աշխարհում ՝ 84 տարի:

Լուսանկարները` Վարվառա Հայրապետյանի

Շանհայը ոչ միայն Չինաստանի ամենաբարգավաճ տնտեսական կենտրոնն է, այլև աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը. 2021 թվականին քաղաքի ՀՆԱ-ն  հասել է մինչև 4,32 տրիլիոն յուանի, ինչն աշխարհում 4-րդ ցուցանիշն է: 2021 թվականին Շանհայի նավահանգստի միջոցով առևտրի ընդհանուր ծավալը գերազանցել է 10 տրիլիոն յուանը ՝ պահպանելով աշխարհում առաջին տեղը։ Հենց այստեղ է, որ հաջողությամբ կյանքի է կոչվում Չինաստանի միջազգային իմպորտ-էքսպոն: Ընդհանուր առմամբ, 1078 ապրանքանիշներ քաղաքում բացել են իրենց առաջին չինական խանութները, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ երկրում:

Շանհայը համաշխարհային նավագնացության կարևոր կենտրոններից է: Որպես Ասիա-Խաղաղօվկիանոսյան օդային հաղորդակցության կենտրոն՝ Շանհայը շարունակում է մնալ երրորդ տեղում Xinhua-Baltic International shipping Center (ISCD) 2021 թվականի զարգացման ինդեքսում: 2021 թվականին քաղաքի օդանավակայանների ուղևորահոսքը գերազանցել է 65 միլիոնը։ Շանհայի օդանավակայաններում բեռների և փոստի ավիափոխադրումների ծավալը մոլորակի երրորդ ամենամեծն է:

2021 թվականի վերջին այստեղ ստեղծվել է ընդհանուր առմամբ 68 արտասահմանյան լրատվական գործակալություն, բազմազգ ձեռնարկությունների 831 տարածաշրջանային կենտրոնակայան և օտարերկրյա ներդրումներով 506 հետազոտական կենտրոն։

Շանհայը աշխարհահռչակ մշակութային մայրաքաղաքներից մեկն է: Քաղաքում կա 23 հանրային գրադարան և 158 թանգարան, որոնք 2021 թվականին ունեցել են համապատասխանաբար  12,93 միլիոն և 16,46 միլիոն մարդ: 2021 թվականին Շանհայ է այցելելմիլիոնից ավել օտարերկրյա զբոսաշրջիկ:

 

Պատմական ակնարկ

Չինարենում Շանհայը կրճատ կոչվում  է «Հու», ինչպես նաև օգտագործվում է «Շեն» տարբերակը:  1292 թվականին Յուան դինաստիայի կենտրոնական կառավարությունը հավանություն է տալիս  Շանհայի շրջանի ստեղծմանը, որը համարվում է քաղաքի հիմնման մեկնակետը: 16-րդ դարի կեսերին Շանհայը դառնում է տեքստիլ և արհեստագործական արդյունաբերության ազգային կենտրոն, իսկ 19-րդ դարի կեսերին այն վերածվում է խոշոր առևտրային նավահանգստի: Շանհայն, անցնելով զարգացման տարբեր փուլեր, դարձել է ազդեցիկ, գերարդիական քաղաք:

Լինելով Չինաստանի ամենամեծ տնտեսական ներուժ ունեցող քաղաքը՝ Շանհայի բաժինը  ընկնում Չինաստանի ՀՆԱ-ի գրեթե 3,8% -ն է՝ չնայած այն զբաղեցնում է երկրի ընդհանուր տարածքի ընդամենը 0,06% -ը: Շանհայի ՀՆԱ-ն գերազանցել է 4 տրիլիոն յուանը, որն աշխարհում 4-րդ ցուցանիշն է։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գերազանցել է 26 900 ԱՄՆ դոլարը։

Շանհայը այժմեական Չինաստանի ֆինանսական կենտրոնն է, վերջին տարիներին քաղաքը զգալի ներդրում է ունեցել Չինաստանի տնտեսական և սոցիալական առաջընթացի, ինչպես նաև ֆինանսական արդյունաբերության բարեփոխումների և թափանցիկության ապահովման գործում:

Դեռևս 1990-ականներին, երբ Շանհայը մշակեց իր զարգացման ծրագիրը «21-րդ դարին ընդառաջ», առաջին անգամ առաջ քաշվեց քաղաքը օդային երթևեկության և նավագնացության միջազգային կենտրոն դարձնելու գաղափարը։ Իսկ ահա 2021 թվականին Շանհայի կառավարությունը հայտարարեց առաքման միջազգային կենտրոն կառուցելու հնգամյա ծրագրի մասին, որն ուղղված է մինչև 2025 թվականը զարգացման նոր դինամիկայի ձևավորմանը ՝ բարելավված ծառայություններով, ավելի մեծ ազդեցությամբ, ավելի հզոր տեխնոլոգիական նորարարություններով և ավելի բարձր մրցունակությամբ:

Լինելով աշխարհի ֆինանսական զարկերակներից մեկը` Շանհայը նաև աշխարհին է ներկայանում մշակութային, ճարտարապետական ուրույն լուծումներով: Հենց այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր վայրում տեղակայված գրախանութը, ռեստորանը, աշխարհի ամենաերկար մետրոն, որն ունի 437 կիլոմետր երկարություն աշխարհի մեծագույն սկեյթ այգին, մեծագույն տիեզերական թանգարանը, ամենամեծ հեծանվահրապարակը և այլն:

Այս և բազմաթիվ այլ ձեռքբերումներով հանդերձ՝ Շանհայը չինական բացառիկությամբ, արևմտյան շեշտադրությամբ ներդաշնակ քաղաք է:

Վարվառա Հայրապետյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am