Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ՀՀ նախագահը ԱՊԼ գլխավոր քարտուղարին իր մտահոգություններն է հայտնել Ալիևի ելույթի հակահայկական դրվագների վերաբերյալ

ՀՀ նախագահը ԱՊԼ գլխավոր քարտուղարին իր մտահոգություններն է հայտնել Ալիևի 
ելույթի հակահայկական դրվագների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը նշել է, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և զարգանում են քաղաքական, տնտեսական ու մշակութային բազմաշերտ փոխգործակցությամբ։ Նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունները մշտապես գտնվում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում։

Ահմեդ Աբուլ Ղեյթը նշել է, որ արաբական աշխարհում Հայաստանը սիրված գործընկեր և բարեկամ է, որի հետ պատրաստակամ են հնարավորինս ջանքեր ներդնել՝ առավել սերտ փոխգործակցության հարթակներ ստեղծելու համար։

«Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր մտահոգություններն է հայտնել վերջերս Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթի մի շարք հակահայկական և իրականության հետ կապ չունեցող դրվագների վերաբերյալ, որոնցում Ադրբեջանի նախագահը փորձել է այլախեղել Ղարաբաղյան հակամարտության բովանդակությունը և այն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն։ Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բազմաթիվ բարեկամներ ունի մուսուլմանական աշխարհում, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, որտեղ բացառվում է կրոնական կամ խտրականության, անհանդուրժողականության որևէ դրսևորում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միանշանակորեն շահագրգիռ է քայլեր ձեռնարկել թյուրընկալումները հնարավորինս հարթելու ուղղությամբ և նպաստել սեփական դիրքորոշումը ներկայացնելու հայկական կողմի իրավունքի ապահովմանը։

Զրույցի ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am