Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքում հիմնվել է նախադպրոցական առաջին հաստատությունը

Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքում հիմնվել է նախադպրոցական առաջին 
հաստատությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 11-ին այցելել է Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնք, որտեղ առաջին անգամ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն ունեն հաճախելու նախակրթարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:

«Նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ ձևավորելու համար 2021 թվականից մեկնարկած պետական ծրագրով բյուջեից տրամադրվում է դրամաշնորհ: Նպատակը նախադպրոցական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնելն է՝ նպաստելով երեխաների՝ վաղ տարիքում զարգացմանը և կարողությունների ընդլայնմանը: Դրամաշնորհային մրցույթի կարևոր նախապայմաններից մեկը ստեղծված ենթակառուցվածքների պահպանումն ու նախադպրոցական ծառայությունների շարունակականության ապահովումն է, որը պետք է իրականացնեն համայնքները:

Ֆերիկ համայնքը դրամաշնորհի համար դիմած 10 բնակավայրերից մեկն է, այստեղ արդեն հիմնված նախակրթարանում ձևավորվել է խումբ, որտեղ հաճախում են համայնքի՝ 4-5 տարեկան բոլոր երեխաները: Ուսումնական պլանն ամբողջովին իրականացվում է՝ համաձայն նախադպրոցական կրթության պետական ծրագրի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորել է ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերում նախադպրոցական ծառայությունների ընդլայնումը. «Կառավարության ծրագրով բոլոր բնակավայրերի երեխաների համար նախադպրոցական ծառայությունները հասանելի դարձնելու խնդիր ենք դրել:  Ֆերիկում նախադպրոցական հաստատություն երբեք չի եղել:  Ուրախ եմ, որ արդեն տեղում հնարավոր է կազմակերպել այս կրթությունը, որը շատ կարևոր է երեխաների հետագա զարգացման համար: Հուսով եմ՝ երեխաների թիվն էլ տարեցտարի կավելանա»:

Նա նաև նշել է, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ծավալը, մասնավորապես երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնելով առնվազն 70 տոկոսի:

Նշվում է, որ նախակրթարանի հիմնումը կարևորել է նաև Ֆերիկի հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Ֆարֆարյանը. «Առաջին անգամ դպրոց հաճախող երեխաները հիմնականում չէին կարողանում հայերեն խոսել և հաղորդակցվել, իսկ դա խանգարում էր տարբեր առարկաների ուսուցմանը: Նախակրթարանի հիմնմամբ այդ խնդիրն այսօր լուծվում է, քանի որ այնտեղ դասընթացներն իրականացվում են հայերենով»:

Ֆարֆարյանի խոսքով՝ այս պահին հիմնական դպրոցում և նախակրթարանում իրականացվում են ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները, ավարտվել է ջրամատակարարման ապահովումը, շուտով արդեն կվերանորոգվի և կկահավորվի ճաշարանը, որտեղ հունվարից կիրականացվի տարրական դասարաններում տաք սննդի ապահովման պետական ծրագիրը:

 «Կատարված աշխատանքներից հետո դպրոցի առաջնային խնդիրը մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի բացակայությունն է: Ամեն դեպքում, ունենք վստահություն, որ բոլոր խնդիրներն էլ ժամանակի ընթացքում լուծվելու են»,- նշում է դպրոցի տնօրենը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել Ֆերիկի հիմնական դպրոցում, հետևել տարբեր դասարաններում իրականացվող ուսումնական պրոցեսին, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ: Նախարարի տեղակալը կարևորել է ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերի նկատմամբ պետական հոգածությունը՝ շեշտելով մայրենի լեզվի ուսուցանման արդյունավետության բարելավումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ պետությունը շարունակաբար խրախուսում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների լեզվի իմացությունը՝ պետական հանրակրթական դպրոցներում ապահովելով համապատասխան կրթություն. «Եզդիերենը, ասորերենը, քրդերենն այսօր դասավանդվում են այն համայնքային դպրոցներում, որտեղ համապատասխան բնակչություն կա: Ունենք հաստատված առարկայական ծրագրեր, հանրակրթության պետական չափորոշչում հստակ ամրագրված է՝ ազգային փոքրմասություների մայրենի լեզուն ուսումնական պլանի մաս է կազմում: Մենք նաև պետական բյուջեի միջոցներով ամեն տարի տպագրում ենք անհրաժեշտ դասագրքերն ու դրանք անվճար տրամադրում դպրոցներին: Այս տարվանից ազգային փոքրամասնությունների լեզուն և գրականությունը դասավանդող ուսուցիչների հնարավորություն ունեն մասնակցելու կամավոր ատեստավորմանը և օգտվել սահմանված հավելավճարներից»:

Ժաննա Անդրեասյանին տեղեկացրել են, որ Ֆերիկի հիմնական դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ռուստամ Հասոյանը մասնակցել է կամավոր ատեստավորմանն ու հաղթահարել 70 տոկոսի շեմը, ինչի շնորհիվ նրա աշխատավարձը կբարձրանա:

«Շատ ուրախ եմ, որ այս դպրոցի ուսուցիչը մասնակցել ու հաջող արդյունք է գրանցել, այժմ արդեն կունենա բարձրացված դրույքաչափ և հավելավճար: Սա շարունակական քաղաքականություն է և պարբերաբար այսպիսի այցեր ունենալու եմ նաև մյուս դպրոցներ»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Նա Ֆերիկի միջնակարգ դպրոցի մյուս ուսուցիչներին ևս հորդորել է մասնակցել  կամավոր ատեստավորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am