Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Ցուցահանդեսներ, կինոդիտումներ, գրքերի հրատարակում. Սերգեյ Փարաջանովի թանգարանը հանդես կգա նոր ծրագրերով

Ցուցահանդեսներ, կինոդիտումներ, գրքերի հրատարակում. Սերգեյ Փարաջանովի 
թանգարանը հանդես կգա նոր ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը 2023-ին նախատեսում է մի շարք միջոցառումներ իրականացնել. այն Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ կկազմակերպի «Կինոյի տաճար» ցուցահանդեսը, որի շրջանակում կցուցադրվեն հատվածներ «Նռան գույնը» ֆիլմից: Այցելուներին կներկայացվի «Իրական, անիրական Փարաջանովը» խորագրով թատերական ներկայացումը: Նախատեսվում է կինոդիտում-քննարկում, կցուցադրվեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փարաջանովի ծննդյան օրը՝ հունվարի 9-ին, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Թանգարանը Երևանի մնջախաղի պետական թատրոնի հետ կիրականացնի թատերական նախագծեր՝ մնջախաղի միջոցով կենդանացնելով Փարաջանովի ստեղծագործությունները: Տեղի կունենա դասախոսությունների շարք, կմշակվի և կհրատարակվի Փարաջանովի լավագույն ֆիլմերի եռալեզու տեղեկատվական գրքույկը, կստեղծվի ֆոնդային ստեղծագործությունների էլեկտրոնային գեղադիտակը, կհրատարակվի փարաջանովյան աֆորիզմների գիրքը:

2022 թվականը ևս բովանդակալից ու ակտիվ գործունեության շրջան է եղել Փարաջանովի թանգարանի համար:

Տարվա ընթացքում թանգարանը կազմակերպել է մի շարք միջոցառումներ, ընդլայնել է միջազգային և տեղական համագործակցությունը՝ կազմակերպելով ժամանակավոր ցուցահանդեսներ արտասահմանում, թանգարանում և թանգարանի տարածքից դուրս:

Նախորդ տարի միջոցառումների մեկնարկը տրվել է հունվարի 9-ին՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, «Ներքին ազատություն: Փարաջանովը տանը» ինստալյացիայի շնորհանդեսով: Փետրվարին «Արվեստի ընկերներ» մշակութային-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, թանգարանը գործարկել է ժամանակակից պահանջներին համապատասխան նոր կայքէջը, որը հասանելի է www.parajanovmuseum.am հասցեով: Բացվել է «Չարենցը Փարաջանովի հարկի տակ» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի 125-ամյակին:

Ժամանակավոր ցուցահանդեսներ և միջոցառումներ՝ արտերկրում

2021 թվականին սկիզբ առած միջազգային համագործակցությունների արդյունքում 2022 թվականին թանգարանն իրականացրել է ժամանակավոր ցուցահանդեսներ ու միջոցառումներ. Ֆրանսիայի Մոն-դե-Մարսան քաղաքի Դեսպիո Վլերիկ թանգարանում, «Երազ» փառատոնի շրջանակում բացվել է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների «Ես միայն երազելու իրավունք ունեմ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Մարտ-ապրիլին Մոնակոյում ընթացել է Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի բարձր հովանու ներքո անցկացվող «Մոնտե-Կառլոյի արվեստների գարուն» միջազգային երաժշտական փառատոնը: Երեք օր շարունակ փառատոնի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու մեծանուն կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններին: Փառատոնի մասնակիցները ծանոթացել են Փարաջանովի կինոարվեստին և պլաստիկ արվեստի ստեղծագործություններին` վերատպությունների միջոցով։ «One Monte-Carlo» համաժողովների դահլիճում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որտեղ թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը և կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը հանդիսատեսին ներկայացրել են Փարաջանովի արվեստի յուրահատկությունները, «Սայաթ-Նովա» ֆիլմի ստեղծման պատմությունը։ Մոնակոյի կինոթատրոնի մեծ սրահում ֆրանսերեն ենթագրերով ցուցադրվել է «Սայաթ-Նովա» ֆիլմը, որին հաջորդել է Փարաջանովի ստեղծագործությունների վերատպությունների հիման վրա կազմակերպված ցուցահանդեսը։

Միջազգային համագործակցություն՝ Հայաստանում

Ապրիլին «Ֆրակոֆոնիայի օրերը Հայաստանում» խորագիրը կրող միջոցառման շրջանակում իրականացվել է «Փարիզը Փարաջանովի աչքերով» ժամանակավոր ցուցադրությունը, որի շրջանակում լուսանկարների միջոցով ներկայացվել են կինոռեժիսորի Փարիզ կատարած ուղևորության մասին պատմող նյութերը։

Այնուհետև տեղի է ունեցել իսպանացի արվեստագետ, պարուհի, թարգմանիչ Աինարա Լոպեսի «Միջամտություններ հիշողության հետ» պարային ներկայացման պրեմիերան: Հաջորդիվ ցուցադրվել է «Տիկնիկային կոլաժ» խորագիրը կրող տիկնիկային ներկայացումը՝ վրացահայ նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի թատրոնի մասնակցությամբ:

Իրականացրած ծրագրեր և միջոցառումներ

Մայիսի 18-ին «Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում կազմակերպվել է «Մշակութային դրսևորումները Սերգեյ Փարաջանովի թանգարանում» խորագիրը կրող ցուցահանդեսը: Վահան Բադալյանի «Շնչող արվեստ 2» նախագծի շրջանակում Սերգեյ Փարաջանովի թանգարանում ցուցադրվել է ներկայացում-ինստալյացիա, որի ընթացքում ցուցադրվել են Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի կադրերը: Թանգարանում տեղի է ունեցել մոսկվաբնակ հայազգի երգիչ-երաժիշտ Նարեկ Գևորգյանի փարաջանովյան մոտիվներով «Սայաթ-Նովա, Ակուստիկա և Գրաֆիկա» համերգային ծրագիրը: «Փարաջանովի սպասքի սիմֆոնիան» ժամանակավոր ցուցադրության միջոցով հասարակությանն է ներկայացվել թանգարանի ֆոնդում պահվող և երբևէ չցուցադրված Փարաջանովի անձնական իրերը (մասնավորապես սպասքը): Տեղի է ունեցել Ստեփան Անդրանիկյանի «Հուշեր կյանքի տևողությամբ» գրքի շնորհանդեսը:

Սոցիալական ծրագրերի շրջանակում մանկատան երեխաների համար նկարիչ- տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի թատրոնը հանդես է եկել տիկնիկային ներկայացմամբ: Փարաջանովի հարկի ներքո տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» փառատոնի հյուրերի ավանդական դարձած ընդունելությունը: Կայացել է Գագիկ Կարապետյանի «Տոնինո Գուերա և Սերգեյ Փարաջանով» գրքի շնորհանդեսը: «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում բացվել է «Փարաջանովը երեկ, այսօր և վաղը» խորագրով ցուցահանդես: Կիթառահար Արտյոմ Դերվոեդը հանդես է եկել «Փարաջանովի երազները Իսպանիայի մասին» խորագիրը կրող մենահամերգով: Թանգարանում այցելուների և հյուրերի համար ցուցադրվել է Իրանի «Դիգար» թատերախմբի բեմադրված «Բիինգ Փարաջանով» ներկայացումը. բեմադրող ռեժիսոր իրանցի գրող, թարգմանիչ Արաշ Սանջաբի:

Անցկացվել է «Ս. Փարաջանովի անդրադարձը ռուս անվանի արվեստագետներին և հասարակական գործիչներին» խորագիրը կրող ցուցահանդես և դասախոսությունը: «Սար» պատկերասրահում տեղի է ունեցել «Սերգեյ Փարաջանովի լուսանկարները Արա Բաբլոյանի հավաքածուից» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված լուսանկարները հանրությանը ներկայացվել են առաջին անգամ: Տարեվերջին կայացել է «Փարաջանովի, Զավենի ու մի քիչ էլ իմ մասին» խորագիրը կրող հանդիպում Յուրի Մեչիտովի հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]