Փաշինյանը Digital Almaty Awards-ի շրջանակում մրցանակ է հանձնել «Daryn Online» նախագծի հեղինակին
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Digital Almaty Awards միջազգային համաժողովի շրջանակում տեղի է ունեցել թվայնացման ոլորտում ակնառու նվաճումների համար ամենամյա ավանդական մրցանակի հանձնման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարգևատրումը տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների լիագումար նիստի շրջանակում:
«Կրթական տեխնոլոգիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Daryn Online» նախագիծը։ Մրցանակը հաղթողին է հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բժշկական տեխնոլոգիա» անվանակարգում լավագույնը ճանաչվել է «Cerebra» նախագիծը։ Մրցանակը նախագծի հեղինակին է հանձնել Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
«Ֆինանսական տեխնոլոգիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Solva» ընկերությունը։ Հաղթողներին պարգևատրել է նախարարների կաբինետի նախագահ, Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը:
Տարվա լավագույն «Թվային տեխնոլոգիաների գլխավոր մասնագետ» անվանակարգը ստացել է Ղազախստանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության փոխնախարար Երբոլ Օսպանովը։ Մրցանակը հանձնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Վենչուրային կապիտալիստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Most Ventures» նախագծի համար Ալիմ Խամիտովը։ Իր մրցանակը նա ստացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի ձեռքից։
«Էլեկտրոնային առևտուր» անվանակարգում լավագույնն է Flip.kz-ն. հաղթողին պարգևատրել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլահ Արիպովը:
«Կինը տեխնոլոգիայում» անվանակարգում լավագույնը ճանաչվել է Ասեմ Նուրգալիեւան։ Հաղթողին պարգևատրել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։
Digital Almaty Awards մրցանակաբաշխությունը դարձել է ավանդական ամենամյա մրցանակ՝ Digital Almaty միջազգային թվային համաժողովի շրջանակներում։
«Արմենպրես» լրատվական գործակալությունը Digital Almaty-ի ինֆորմացիոն հովանավորն է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում