Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Ես չէի կարող չնկարել քեռի Ռուբենին, Հայաստան մայրիկին, մեզ. Ալբերտ Մկրտչյանի հիշատակին

Ես չէի կարող չնկարել քեռի Ռուբենին, Հայաստան մայրիկին, մեզ. Ալբերտ 
Մկրտչյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չեմ կարող որեւէ գործ առանձնացնել, բոլոր 11 ֆիլմերս էլ իմ «երեխաներն են»: Շատ անգամ եմ ասել, որ իմ նկարահանած բոլոր ֆիլմերն ավելի ինքնակենսագրական են, ընտանեկան: Այ, օրինակ, «Մեր մանկության տանգոն». ուղղակի չէի կարող չնկարահանել այդ ֆիլմը, ես տեսել եմ այդ ամենը: Այդ է պատճառը, որ շատ ֆիլմերիս սցենարներն ինքս եմ գրել, ոչ մի ֆիլմի սցենար հնարած չէ: «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը» իմ մանկությունն են, Ֆրունզիկի մանկությունն են: Հիշում եմ՝ փոստատարը «սեւ թուղթ» էր բերում, մենք դեռ երեխա էինք, չգիտեինք, թե դա ինչ է նշանակում, մեզ համար կարեւոր էր մի բան, որ ռազմաճակատից նամակ է եկել: Չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, եւ «ուռա» գոռալով տանում տալիս էինք: Հետո, երբ արդեն հասկացա, թե ինչ է իրականում կատարվում, ողբերգություն ապրեցի: «Հին օրերի երգը», մյուս ֆիլմերը մենք իրականում ենք տեսել, ինքներս ենք անցել այդ ամենի միջով: Իմ մեջ պահանջ կար այդ ամենը ներկայացնելու: Հիշում եմ՝ ինչքան դժվար եմ համոզել Ֆրունզիկին, որ ուտի այդ «սեւ թուղթը»: Այդ ամենը արյունից է ծնվում, էությունից է ծնվում…»:

Ալբերտ ՄԿՐՏՉՅԱՆ

Երկու տաղանդավոր զավակ, որոնք շարունակելու էին Մկրտչյանների տոհմածառի ճյուղավորումները, ապա եւ իրենց արվեստով պանծացնելու հայկական կինոն: Պարզապես բարեբախտություն էր, որ 1915-ի եղեռնից մազապուրծ նրանց ծնողները՝ հինգ եւ չորս տարեկանում, վերցվելու էին գաղթականների քարավանից եւ բերվելու Գյումրու որբանոց, իսկ հետագայում ճակատագիրը միացնելու էր երկու որբուկներին՝ մշեցի Մուշեղին եւ վանեցի Սանամին՝ ընտանիք կազմելով: Սակայն նրանք, խնայելով զավակներին, իրենց կրած դառնությունների մասին չէին պատմելու նրանց, որոնց նույնպես վիճակված էր դառն մանկություն. «Ես ինչպե՞ս կարող էի չնկարել իմ ու Ֆրունզիկի մասին, երբ որ մտնում էի շուկա եւ մեղր էի թռցնում, քսում էինք Ֆրունզիկի աչքերին, եւ նա կույր էր ձեւանում գնացքի վագոններում… Ես իր ձեռքը բռնած, կրծքիս մի տոպրակ՝ անցնում էինք վագոնից վագոն, որպեսզի հաց գցեին, պանիր գցեին, հազվագյուտ դեպքում էլ փող գցեին իմ հույսի տոպրակի մեջ: Եվ այդպես անողներ մենք չէինք միայն…»:

Ստիպված էին այդպես վաստակել օրվա չոր հացը. հետպատերազմյան տարիներին մարդիկ քաղաքում մի կերպ էին գոյատեւում: Լենինականի տեքստիլ կոմբինատի աշխատակիցները թաքուն բամբակե գործվածք էին դուրս հանում՝ կտորեղենը ոտքերին փաթաթելով: Մի օր դրա համար բռնել էին նաեւ Մուշեղ Մկրտչյանին, ձերբակալել էին ու աքսորել Նիժնի Տագիլ, որտեղ 10 տարի անցկացրել էր ճամբարներում…

Ահա վագոնից վագոն անցնելու կենսագրական տխուր դրվագը «Հին օրերի երգում»: Եվ ոչ միայն դա. «Այս ֆիլմում ես չէի կարող չպատմել քեռի Ռուբենի մասին, ով անօգնականությունից՝ շուկայում գինու, օղու «համտես» էր անում, որպեսզի հարբեր, անջատվեր այն ժամանակվա աշխարհից… Ես չէի կարող չնկարել Հայաստան մայրիկին, երբ որ փոստատար Նիկոլը «սեւ թուղթ» էր տալիս մեզ՝ երեխաներիս, որովհետեւ ինքը չէր կարող տալ՝ ինքն արդեն խելագարվում էր. «Օբերոն, հըբը ես կրնա՞մ…»: Այս բոլորը հին օրերի երգ են: Իմ արյան մեջ, իմ երակներում այդ երգը հնչում է…»:  

Ապրած կյանքի իրական պատկերներ, որ գեղարվեստի են վերածվել սցենարական ու ռեժիսորական տաղանդի շնորհիվ: Ալբերտ Մկրտչյանն իր «հոգում հնչող» երգերի էկրանավորումներն սկսել էր անցյալ դարի յոթանասունականներից: 1979-ին է նկարահանվել «Կյանքի լավագույն կեսը» կինոնկարը, հետո՝ «Խոշոր շահում»-ը: Իսկ դրանց հաջորդած երկու ֆիլմերը՝ «Հին օրերի երգը» եւ «Մեր մանկության տանգոն», բերելու էին հեղինակավոր մրցանակներ:

Կինոռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերում հիմնական գործողությունները, տեսարանները հայրենի Գյումրիում են, բառուբանը՝ գյուրվա բարբառով, հերոսները՝ գյումրեցիների ընդհանրական կերպարի խտացված համապատկերում: 2000-ին է էկրան բարձրացել «Ուրախ ավտոբուսը», որը պատմում է հետերկրաշարժյան քաղաքի կյանքի մասին: Մի քանի տարի հետո նկարահանած «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմում Գյումրվա կյանքն է ղարաբաղյան հակամարտության տարիներին. «Եթե հետեւեք իմ ամբողջական ֆիլմերի հերթականությանը, կնկատեք, որ ամեն ժամանակահատված ինչ-որ բանով ինձ հուզել է, ինչ-որ բան ես ուզեցել եմ ասել: Իսկ ասելը ինձնից անկախ է սկսվում. սա իմ մեջ եղած կռիվն է, հոգուս մեջ եղած ուրախությունն ու տխրությունը, որից ուզում եմ ազատվել…»:

Ալբերտ Մկրտչյանն իր խոսքն է ասել նաեւ թատրոնում՝ գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն է աշխատել Գյումրու թատրոնում, ապա եւ ստանձնել մեծանուն եղբոր՝ Մհեր Մկրտչյանի հիմնադրած Երեւանի արտիստական թատրոնի գործունեությունը: «Կինոյի ժապավենի հոտն եմ սիրում եւ թատրոնի բեմի հոտը»,- ասում էր հայկական կինոյի երախտավորը: Նաեւ ասում էր. «Ամեն ծիծաղի մեջ արտասուք կա եւ ամեն արտասուքի մեջ՝ ծիծաղ: Եվ տա Աստված, որ միշտ ուրախության արտասուքներ տեսնենք…»:

Իսկ նրա ֆիլմերում ծիծաղն ու արցունքը շաղախված են, մոտ ու հարազատ հայի հոգուն:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]