Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Արցախը համաշխարհային նշանակության պատմամշակութային վայր է, հայկական հող, որտեղ չի եղել ոչ մի ադրբեջանցի. Կիմ Բակշի

Արցախը համաշխարհային նշանակության պատմամշակութային վայր է, 
հայկական հող, որտեղ չի եղել ոչ մի ադրբեջանցի. Կիմ Բակշի

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երբ հիսուն տարի առաջ առաջին անգամ Հայաստան եկա, քիչ գիտեի ձեր երկրի մասին: Գիտեի, որ այն արեւոտ երկիր է, եւ այստեղ է գտնվել աշխարհի ամենահին՝ Ուրարտու պետությունը: Մոսկվայում սիրում էինք հայկական երեք աստղանի կոնյակը, որն այժմ, ցավոք, չկա: Այդ տարի Հայաստան եկա որպես Վախթանգ Անանյանի հյուր, ով ինձ տարավ Գառնի, Գեղարդ, Էջմիածին, ծանոթացա Վազգեն Ա-ի հետ, ով ինձ շվեյցարական ժամացույց նվիրեց: Ի դեպ, հիմա էլ հայկական տառերով ժամացույց եմ կապում… Այդ ժամանակ ծանոթացա Սիլվա Կապուտիկյանի եւ Սոս Սարգսյանի հետ: Հաճախ էինք հանդիպում: Նրանց կորուստն ինձ համար շատ ցավալի էր: Հետո ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի հետ սկսեցինք «Մատենադարան» ֆիլմը նկարել…»:

 Կիմ ԲԱԿՇԻ

 

Մեր ժողովրդի նվիրական բարեկամների անվանացանկում անխամրելի տառերով է գրված ռուսաստանցի՝ ազգությամբ բաշկիր անվանի գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ, լրագրող Կիմ Բակշիի անունը, մտավորական, ով իր մասնագիտական գործունեության զգալի մասը նվիրել է Հայաստանի եւ մեր ժողովրդի պատմագիտական անցյալի ուսումնասիրությանը: Շուրջ կես դար գրողը կապված է եղել աստվածաշնչյան մեր երկրի հետ. նրա գրչի ծնունդ են Հայաստանի պատմությանն ու ավանդույթներին նվիրված «Արծիվ եւ սուր», «Ճակատագիր եւ քար», «Մեր աշխարհը նման է անիվի», «Մենաստանից՝ սիրո մասին», «Սուրբ Ղազարի հարությունը», «Սառած ժամանակ», «Կապույտ երկնքի տակ», «98 աստիճաններ», «Արցախի հոգեւոր հարստությունները» մեծարժեք գրքերն ու հայանպաստ տասնյակ ու տասնյակ հրապարակումներ: Երիցս ճշմարիտ է մեծ հայասերը, երբ վերջին անգամ Հայաստան այցի օրերին իր տված հարցազրույցներից մեկում նշում է. «Իմ գրած ամեն մի գիրք իր պատմությունն ունի: Կարծում եմ, որ այսքան գիրք Հայաստանի մասին նույնիսկ հայ գրողները չեն գրել: Գրքեր գրելու համար մշտապես ինչ-որ պատճառներ են եղել: Օրինակ՝ առաջին գիրքս՝ «Արծիվ եւ սուր» գործն ընդհանրապես սիրո խոստովանություն էր Հայաստանի նկատմամբ: Երբ սկսում էի գրել, չէի մտածում, թե քանի գիրք կգրեմ, սակայն երբ թիվը հասավ վեցի, մտածեցի, որ յոթերորդն էլ կլինի: Ինձ երբեւէ ոչ ոք չի պատվիրել գիրք գրել, բացի այս վերջինից: Ես գրել եմ՝ պարզապես սիրելով Հայաստանը…»: Այդ մեծ սիրո արդյունք էր նաեւ նրա եւ Հովիկ Հախվերդյանի 20 մասանոց «Մատենադարան» սքանչելի ֆիլմաշարը, որը յուրօրինակ հանրագիտարան է Հայաստանի ու հայերիս մասին. «Այս ֆիլմը հայկական հոգու հանրագիտարան է: Ես կարծում եմ, որ աշխարհում չկա ոչ մի այլ ժողովուրդ, որ նման մշակույթ ունենա: Եվ ինչո՞ւ հայերը չպիտի հպարտանան իրենց մշակույթով»,- իր հիացումը չի թաքցրել ֆիլմաշարի օտարազգի համահեղինակը:

Մեր գրապահոցային գանձարանին՝ Մատենադարանին քաջածանոթ բաշկիր հեղինակը վաղնջական մեր «երկաթագիր գրքերից» առանձնապես տպավորված էր Վեհամոր Ավետարանով, որի վրա երդվում են մեր երկրի նորընծա ղեկավարները: Նաեւ միջնադարի խոշորագույն մանրանկարիչ Թորոս Ռոսլինի մանրանկարների գրքով: Այս մասին խոսելիս Կիմ Բակշին պարզապես զարմանք է հարուցում հայկական մշակույթի, մասնավորապես մանրանկարչի ու նրա արվեստի խորիմացությամբ. «Երբ առաջին անգամ եկա Հայաստան, այստեղ ոչ մի Ռոսլին չկար, իսկ հիմա նույնիսկ երկու հատ կա՝ Ռոսլինի ամենավաղ եւ ամենաուշ շրջանի գործերը: Մի ժամանակ դրանցից մեկը Երուսաղեմում վաճառքի էր հանվել: Հայության շրջանում վրդովմունքի մեծ ալիք բարձրացավ, եւ մեր կաթողիկոս Վազգենը մեկնեց այնտեղ: Երուսաղեմում ստիպված եղան նվիրել նրան Ռոսլինի գրքերը: Ռոսլինի մնացած հինգ գրքերը մինչեւ օրս պահվում են Երուսաղեմում. ամենաշատն այնտեղ ձեռագրեր ունենք: ԱՄՆ-ում, օրինակ, Ռոսլինի երկու գիրք կա: Երբ Երուսաղեմում եմ լինում, ինձ չեն թույլատրում դիտել գրադարանը, որովհետեւ գիտեն, որ շատ լավ ծանոթ եմ իրենց ձեռագրերին: Իսկ եթե ինչ-որ բան այնտեղ արդեն չկա՞… Գուցե դրա համա՞ր են խուսափում եւ ինձ ներս չեն թողնում: Մի դեպք հիշեցի. վերջերս պարզվեց, որ ամերիկացի գործարար Փոլ Գետտին ունի Ռոսլինի գրքից էջեր: Մենք Հակոբ Բերբերյանի հետ կարողացանք տեսնել եւ դեռ ավելին՝ լուսանկարել այդ էջերը: Պարզվեց, որ դրանք պոկված են Երեւանում եղած Ավետարանից: Սակայն չեմ կարծում, որ Գետտին դրանք կվերադարձնի Հայաստանին…»:

Կիմ Բակշին առանձնակի հետաքրքրություն ու վերաբերմունք է ունեցել հայոց պատմական Արցախ աշխարհի հանդեպ, սքանչացել նրա մշակութային կոթողներով ու հուշարձաններով եւ դարավոր այդ գանձերը ներկայացրել իր հերթական՝ երկլեզու «Արցախի հոգեւոր գանձերը»՝ բազմաթիվ լուսանկարներով հագեցած գրքում: Մինչ կստեղծվեր գիրքը, նա մասնակցել էր լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի՝ հայոց բերդաքաղաք Շուշիին նվիրված լուսանկարների ցուցահանդեսին, հանդիպել ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի, ապա եւ Բակո Սահակյանի հետ, ովքեր եւ հորդորել էին ստեղծելու վերոնշյալ գիրքը. «Տպարանը միայն գիրքը տպագրելու համար 30 հազար դոլար գումար վերցրեց մեզնից: Այնուհետեւ Արցախի իշխանությունն ինձ գումար տրամադրեց Եվրոպայով ճամփորդելու համար: Ես Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում Արցախի մասին գրքեր էի ուսումնասիրում: Օրինակ՝ ԱՄՆ-ում գտա Գանձասարի Կարմիր Ավետարանը եւ այն քչերից մեկը դարձա, ում հնարավորություն ընձեռվեց այն ուսումնասիրել: Այս գիրքն առաջին հերթին ասում է, որ Արցախը համաշխարհային նշանակության պատմամշակութային վայր է եւ հայկական հող: Ոչ մի ադրբեջանցի անգամ չի էլ հիշատակվել եւ եղել այնտեղ: Այն հոգեւոր մեծ կենտրոն է: Գիրքն ստեղծել եմ մոտ երկու տարում…»:

Գրողի հեղինակած սցենարներով Հայաստանի մասին նկարահանվել է ավելի քան 50 վավերագրական ֆիլմ, որոնցից մի քանիսն արժանացել են միջազգային եւ տարածաշրջանային մրցանակների: «Ես սիրեցի Հայաստանը եւ հայերին, եւ այդ սերը Հայաստանի հանդեպ ինձ մղեց գրքեր գրել ձեր հրաշալի երկրի մասին». սեր, որը փոխադարձ էր եւ համարժեք սիրո իր խոստովանումին:

 Հակոբ ՍՐԱՊՅԱՆ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am