Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը և արգելել մի խումբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ

Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը և արգելել մի խումբ 
արցախցիների վերադարձը Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը խախտել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և արգելել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիների վերադարձը  Ստեփանակերտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։

Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Դրա հետևանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ստեփանյանը։

Ստեփանյանը հավելել է, որ ըստ տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը: Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, հետ վերադառնում են Գորիս։

«114 օր շարունակվող շրջափակման առաջին օրից ադրբեջանական կողմը տարբեր հարթակներում հայտարարում է, որ ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց և բեռների փոխադրման համար՝ ուղիղ կասկածի տակ դնելով ոչ միայն հայկական կողմի հիմնավոր պնդումները, այլ նաև միջազգային բազմաթիվ դերակատարների դիրքորոշումներն ու հայտարարությունները, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ արձանագրված իրողությունը։

Գրանցված դեպքը հավելյալ անգամ ապացուցում է ադրբեջանական ղեկավարության կեղծ և շինծու պնդումների ողջ էությունը, միջազգային հանրությանը ակնհայտ և անթաքույց ստելու և մոլորեցնելու գործելաոճը։

Ավելին, տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, ինչպես հերթական անգամ խոստովանել էր Իլհամ Ալիևը հունվարի 10-ի հայտարարությամբ:

Վաղուց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի լկտի պահվածքի, միջազգային հանրության կոչերի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարելու միակ պատճառը ստեղծված ամենաթողությունն է, խաղաղապահ առաքելության նկատմամբ ցուցաբերվող արհամարանքն ու միջազգային շահագրգիռ բոլոր դերակատարների կողմից հասցեական ու գործնական պատժիչ գործողությունների բացակայությունը։

Այս պահին Գորիս քաղաքում և ՀՀ այլ բնակավայրերում հարյուրավոր քաղաքացիական անձինք ուղղակի զրկված են իրենց ընտանիքներին վերամիավորվելու հնարավորությունից։ Ադրբեջանական կողմը, օգտվելով ամենաթողության մթնոլորտից, այս հարցով չի համագործակցում ոչ ռուս խաղաղապահների, ոչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ոչ էլ այլ միջազգային կառույցների հետ»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։

Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Արցախի Հանրապետության ոստիկանությունը․

«Ապրիլի 4-ին ժամը 23:40-ին, ոստիկանության հերթապահ մասում Անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հաղորդում է ստացվել, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց (այդ թվում ` կանայք, երեխաներ ու տարեցներ) Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս` Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել են վերջիններիս մուտքը։

Միջադեպի հետևանքով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։

Վերջիններիս` խաղաղապահներն շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Դեպքի մանրամասները` կից լուսանկարներով, կհրապարկվեն ավելի ուշ։ Այս պահին կատարվում է քննություն»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am