Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ճանապարհի կեսին կամ ֆուտբոլի Հայաստանի ընտրանու նոր ուղին

 Ճանապարհի կեսին կամ ֆուտբոլի Հայաստանի ընտրանու նոր ուղին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի վերջին երկու հաղթանակները մեզ չպիտի բարձրացնեն երկինք` հիշեցնելով ոչ վաղ անցյալի փորձը (խոսքը Կապառոսի գլխավորած հավաքականի հաղթանակներն են): Պետք է սառը դատողությամբ հասկանանք` հավաքականն, այո, ներուժ ունի, հավատացող երիտասարդներ՝ նույնպես, բայց այս ամենը բավ չէ Գերմանիա` Եվրոպայի առաջնության հասնելու համար:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլերի երեք հանդիպումներում տեսանելի էր սերնդափոխությունն ու նոր անունների ի հայտ գալը: Ոչ «հայկական դպրոց»-ի սաները` Գեորգի Հարությունյանը, Նաիր Տիկնիզյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը նոր շունչ, նոր մոտեցում և նոր ավյուն են բերել հավաքական: Նրանք չեն վախենում «խաղը կառուցողի» դերն իրենց ուսերին վերցնել:

 Երեք հանդիպում՝ երեք տարբերակ

Եվրո 2024-ի ընտրական փուլը մեկնարկեց Թուրքիայի դեմ երևանյան՝ գուցե և խիստ էմոցիոնալ խաղով: Ունեինք նոր մարզիչ, նոր անուններ և այդ խաղին նախապատրաստվելու, ֆուտբոլիստներին` միմյանց ըմբռնելու մի քանի շաբաթ: Ֆուտբոլային լեզուն նույնն է բոլոր լեզուներով խոսողների համար, սակայն մեկմեկու հետ համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելը ժամանակի անհրաժեշտություն ունի: Թուրքիայի հետ խաղում, թեպետ, պաշտոնապես ներկայացված սխեմայում 4-4-2 էր, սակայն ազգային ընտրանին գործեց 5 պաշտպանով: Այս խաղում մեր հավաքականի տղաների կողմից նվիրվածության պակաս բնավ չզգացվեց, հատկապես, որ երկրպագուներն էլ, իրենց աջակցությամբ, իսկական 12-րդ խաղացող էին դարձել: Սակայն, որքան էլ մեծ էր ձգտումը, ցավոք, ընտրանին պարտվեց 1:2 հաշվով:

Ուելսի դեմ արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթանակ խոստացող հանգամանք չկար. Խաղն արտագնա էր, մրցակիցը՝ ֆիզիկապես գուցեև գերազանցող, մարզադաշտում էլ երկրպագուների հոծ բանակ ուներ: Ինչո՞ւ ստացվեց. գնդակի «մաքուր» վերահսկողությունը, ֆուտբոլիստների անհատական բարձր որակները, նրանց խաղային ճիշտ դիրքերը, Պետրակովի՝ խաղը պահի տակ ճիշտ «կարդալը»: Սպերցյան-Սելարայան-Ռանոս-Իվու-Տիկնիզյան հնգյակը խաղին որակ տվող, փոխանցումներին հստակություն հաղորդող, գուցե և հանդիպման ընթացքը բեկող հնգյակ է, որը ժամանակի ընթացքում կարող է ավելին անել:

Լատվիայի դեմ խաղում զգացնել տվեց պահեստայինների նստարանին գտնվող ֆուտբոլիստների սակավությունը: Անխոս, դժվար է 90 րոպե անդադար խաղից հետո 2 օր անց կրկին նույն մակարդակի, նույն որակի խաղ ցուցադրել: Հետխաղյա զրույցներում ֆուտբոլիստներն իրենք չժխտեցին գերհոգնած լինելու փաստը: Լատվիան, իհարկե, Ուելս չէ, բայց այս խաղն առավել բարդ կարելի է որակել. մրցակիցը մինչ այս միավոր չուներ, իսկ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղում զգացնել տվեց ֆուտբոլիստների վնասվածքների առկայությունը: Պետք է նկատեմ, որ այս խաղում մեզ ժպտաց ֆուտբոլային բախտը, կարևոր դեր խաղաց ֆուտբոլիստների համառությունը, Պետրակովի կատարած փոփոխությունները, ֆուտբոլիստների դիրքերի «տեղաշարժն» էլ հանգեցրեց հաղթական արդյունքի:

Ամեն ինչ դեռ առջևում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերին առանձնակի կարևորության երկու հանդիպում ունի: Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում՝ այդ երկրի հավաքականի և սեպտեմբերի 11-ին Երևանում՝ Խորվաթիայի հավաքականի հետ խաղերը ևս որոշիչ դեր կխաղան ենթախմբում հավաքականի հետագա դիրքի համար: Եթե Պետրակովին հաջողվի այնպես անել, որ ինչպես ինքն է ասում, ֆուտբոլիստները շարունակեն լսել իրեն՝ կարող ենք դրական արդյունքի ակնկալիք ունենալ:

Եթե նույնիսկ մեր Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ուղեգիր չնվաճի ու հաղթական հորիզոնականներում չհայտնվի՝ չպետք է ձախողում համարել. աճն ակնհայտ է, ու պտուղները, գուցե, ապագայում «քաղենք»: Կապառոսի թողած ժառանգությունը, այն է՝ երիտասարդներին հնարավորություն տալ, Պետրակովն օգտագործել գիտի. վառ օրինակ է «Կրասնոդար-2»-ի պաշտպան Գեորգի Հարությունյանի խաղը Թուրքիայի դեմ: Հայաստանի հավաքականի մարզիչն այն ընտրյալներից է, ով կարողանում է հենց խաղի ժամանակ ֆուտբոլիստների հետ համագործակցել: Նման համագործակցության ականատես եղանք Լատվիայի դեմ հանդիպմանը՝ Տիկնիզյանի հետ:

Եկեք չգերագնահատենք մեր ցանկությունները և չթերագնահատենք երկու, իրապես՝ ուժեղ մրցակիցներին…

Բայց երազողներինն է ապագան, հավատացողներինն է վաղվա օրը…

Վարվառա Հայրապետյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am