Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Գրանադայում հոկտեմբերին նախատեսվող հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվի

Գրանադայում հոկտեմբերին նախատեսվող հանդիպմանը Հայաստանի և 
Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվի

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրանադայում հոկտեմբերի 5-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվող հանդիպմանը  Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հանդիպմանը սպասվո՞ւմ է որևէ փաստաթղթի ստորագրում Ադրբեջանի հետ՝ Փաշինյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, ոչ: Եթե նախատեսվեր փաստաթուղթ ստորագրել, դա կնշանակեր, որ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է Հայաստանի հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել: Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունը և մենք ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ՝ մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր: Եվ մենք ամեն ինչ անում ենք դրա համար: Շատ կուզենայի ասել, որ Գրանադայում պատրաստվում է ստորագրվել փաստաթուղթ, բայց, ցավոք սրտի, ոչ: Հույս ունենք՝ մենք ինտենսիվ կշարունակենք բանակցությունները և կհասնենք խնդրի լուծմանը»:

Նա ակնհայտ համարեց, որ ԼՂ-ում խորացող ծայրահեղ հումանիտար ճգնաժամը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բացասական ազդեցություն են ունենում խաղաղ գործընթացի վրա: Փաշինյանը նշեց, որ բավականին ժամանակ է կորսվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի պատճառով: Վարչապետն ասաց նաև, որ եթե այս իրավիճակը չլիներ, այն նույն էներգիան, որ, ցավոք, անարդյունք ծախսում են թեմայի կարգավորման վրա, կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանն ավելի մեծ ժամանակ տալուն:

Անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակում մինչև տարեվերջ հնարավո՞ր է համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ վարչապետն ասաց, որ ինքը դա պետք է միշտ հնարավոր համարի, քանի որ ստանձնել է քաղաքական հանձնառություն՝ ստորագրել նման պայմանագիր: «Եվ ինչքան ուշանում է այդ պայմանագիրը, այնքան վատ է մեր ստանձնած քաղաքական հանձնառության իմաստով: Իմ աշխատանքն է ամեն ինչ անել դա հնարավոր դարձնելու համար և ելնել այն իրողությունից, որ դա հնարավոր է»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ իրավիճակը կփոխվի:

Նա ընդգծեց՝ աշխատում են իրավիճակի փոփոխության, Լաչինի միջանցքի բացման, ԼՂ-ում  հումանիտար ճգնաժամի հաղթահարման, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ուղղությամբ:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել էր Գրանադայում հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների ևս մեկ հանդիպում կազմակերպելու մտադրության մասին՝ Գրանադայում 2023-ի հոկտեմբերին կայանալիք EPC հաջորդ համաժողովի շրջանակներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am