«Արցախբանկ»-ի Մարտունու մասնաճյուղի 60 միլիոն դրամի և գրավադրված ոսկյա զարդերը գողանալու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից 2023 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արցախբանկ» ՓԲԸ գլխամաս է ներկայացել Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի «Արցախբանկ» ՓԲԸ կառավարիչը և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետության ժողովրդի տարհանման մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60 միլիոն ՀՀ դրամ և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը, վերցրել և դրել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ և գնացել տուն՝ հաջորդ օրը ՀՀ մեկնելու նպատակով։ Հաջորդ օրը առավոտյան նա նկատել է, որ անհայտ անձը կոտրել է ավտոմեքենայի ապակին և սրահից գողացել է նշված գումարը և ոսկյա զարդերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Հաղորդման հիման վրա հոկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 254-րդ 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով գողությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն՝ հաղորդմամբ ներկայացված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու և հանգամանքները պարզելու նպատակով»,- գրել է Աբրահամյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում