Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը երկկողմ համագործակցության փաստաթղթեր են ստորագրել

ՀՀ պաշտպանության նախարարը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը 
երկկողմ համագործակցության փաստաթղթեր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, այնուհետև մեկնարկել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումը։ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում տեղի է ունեցել երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերին և այս տարվա հունիսին Փարիզում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, նախանշվել են համագործակցության զարգացման նոր հնարավորությունները, որոնք ներառում են պաշտպանական համակարգերի ձեռքբերմանը, ռազմական կրթությանը, վերապատրաստումներին, փորձի փոխանակմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել նոր ջանքեր գործադրել՝ այն առավել զարգացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պաշտոնական հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համար համատեղ հայտարարություն, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը համակողմանիորեն ցուցաբերվող աջակցության համար:

Նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին:

Նշվում է, որ այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում տեղի է ունեցել երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am