Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Քուվեյթցիները վստահ են՝ հայի կատարած աշխատանքը բարձրորակ է. Քուվեյթի դեսպանը՝ ՀՀ ԱՍՀ նախարարին

Քուվեյթցիները վստահ են՝ հայի կատարած աշխատանքը բարձրորակ է. Քուվեյթի 
դեսպանը՝ ՀՀ ԱՍՀ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզիին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև քննարկել մանրամասներ՝ այս պահին փոխհամաձայնեցման փուլում գտնվող աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության ոլորտներին առնչվող հուշագրերի վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ նախարար Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում այս պահին սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքները։ Նա խոսել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի մասին և նշել, որ ԱՍՀ նախարարությունը շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ տեղահանված անձանց աջակցելու նպատակով։

Ընդգծելով հավասար հնարավորությունների ոլորտում արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նախարարն անդրադարձել է Քուվեյթի աջակցությամբ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի նոր մասնաշենքի կառուցմանը, որտեղ այժմ բնակվում են անկողնային խնամքի կարիք ունեցող շահառուները․ քննարկվել է համագործակցության շարունակականությունը։

«Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը։ Ուրախ կլինենք նաև ծանոթանալ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև երեխաների հիմնահարցերի ոլորտներում քուվեյթական փորձին և պատրաստակամ ենք համագործակցելու այս ուղղություններով ևս»,- ասել է նախարարը։

Նշվում է, որ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզին շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ամբողջական ու համապարփակ տեղեկատվության ներկայացման համար և պատրաստակամություն հայտնել ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։

«Հայաստանի և Քուվեյթի միջև առանձնահատուկ հարաբերություններ են ձևավորված։ Քուվեյթում հայերը տարբեր ոլորտներում են աշխատում․ օրինապահ են և աշխատում են ջանասիրաբար, ինչը շատ գովելի է։ Քուվեյթցիները բծախնդիր սպառողներ են, և չեմ չափազանցի, եթե ասեմ, որ երբ նրանք տեղեկանում են, որ աշխատանքը կատարված է հայի կողմից՝ արդեն իսկ վստահ են, որ այն իսկապես բարձրորակ է»,- ընդգծել է դեսպանը։

ՀՀ ԱՍՀ նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպման ավարտին կողմերը կարևորել են փորձի, տեղեկատվության և ուսումնասիրությունների իրականացման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը։ Ընդգծվել է նաև ոլորտային հուշագրերի ստորագրման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երկու երկրների միջև համագործակցությանը հաղորդել համակարգված բնույթ՝ ներառելով առավել լայն ուղղություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am