Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 ընտանիք աջակցություն է ստացել Գուրգեն Մելիքյանի հիմնադրամից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 ընտանիք աջակցություն է ստացել Գուրգեն Մելիքյանի հիմնադրամից

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին բարեգործական հիմնադրամ»-ը հերթական աջակցությունը ցուցաբերեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 3 ընտանիքի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի հետ Արագածոտնի մարզ՝ Աշտարակ քաղաք և Ներքին Սասնաշեն գյուղ այցելեցին հոգաբարձուների խորհրդի անդամները՝ Արծրուն Ավագյանը (հոգաբարձուների խորհրդի նախագահ), Սամվել Մուրադյանը, Մարատ Գրիգորյանը և արցախցի ընտանիքներին հատկացրեցին նյութական աջակցություն՝ սնունդ, հագուստ, կոշիկ, խաղալիքներ երեխաներին և այլն։

Աշտարակ քաղաքում է բնակվում 5 երեխաների մայր Գոհար Գրիգորյանը։ Նրանց ընտանիքն այստեղ է տեղափոխվել Ստեփանակերտից։ Առանձնատուն է, որը վարձակալել են։ Այնտեղ՝ Ստեփանակերտում թողել են ամեն ինչ և մի կերպ դուրս եկել։

Երեք դուստրերի մայր է Մանուշ Գրիգորյանը։ Բնակվում էին Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում՝ Ամարաս վանքի հարևանությամբ։ Այս գյուղը 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո դարձել էր սահմանամերձ և մշտապես թշնամու թիրախում էր։ 2023թ․ սեպտեմբերի 19-ին նաև Մաճկալաշենն ու նրա սահմանը հսկող մեր ռազմական հենակետերը թշնամին սկսեց ռմբակոծել։ Հարձակման էր անցել նաև հետևակը։ Չնայած մի քանի ամիս շրջափակման մեջ գտնվող ու ոչ լիարժեք սնված լինելուն՝ մեր մարտիկները կարողացել էին դիմակայել թշնամուն ու մեծ կորուստներ հասցնել։

Մեր այցի պահին այստեղ էին նաև Մանուշի եղբոր՝ Նվեր Գաբրիելյանի կինն ու որդիները՝ Վաչագանն ու Գաբրիելը։ Հայրենի գյուղի պաշտպանության մարտերում սեպտեմբերի 19-ին հերոսաբար նահատակվել է Նվերը, հուղարկավորված է Եռաբլուրում։

9 երեխաների (6 տղա, 3 աղջիկ) մայր Արևիկ Գրիգորյանը ծնունդով Հրազդանից է, սակայն մանկության տարիներին բնակվել է Շուշիում, որտեղ ամուսնացել է Էռնեստ Խոսրովյանի հետ։ 2014թ․ նրանց բազմամյա ընտանիքը բնակություն հաստատեց Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղում։ Այստեղ ծնված որդիներից մեկին կոչեցին Ռոբերտ՝ ի պատիվ 2016թ․ Ապրիլյան քառօրյայում հերոսաբար մարտիրոսված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի, ում անունով էր կոչվում Հերիկի նորակառույց դպրոցը։  2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հերիկն էլ կրկին հայաթափ եղավ, և տեղի բնակիչները տեղափոխվեցին ՀՀ և Արցախի տարբեր բնակավայրեր։ Էռնեստի և Արևիկի ընտանիքն սկզբում տեղափոխվեց Երևան, սակայն 9 ամիս անց վերադարձան Արցախ և բնակություն հաստատեցին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում, որտեղ ծնվել է նրանց 9-րդ զավակը՝ Էռնեստը։ Բազմազավակ ընտանիքը Քաշաթաղի շրջանում, այնուհետև Ճարտարում աջակցություն էր ստանում «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին բարեգործական հիմնադրամ»-ի կողմից։ Այժմ բնակվում են Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում՝ ինչպես ասացին՝ Մխոյի տանը։ Գոհ են, որ Մխոն մինչև գարուն անհատույց իրենց է հատկացրել որդու համար կառուցած առանձնատունը։

Վերադարձին Գուրգեն Մելիքյանն ասաց՝ իրենց համար պարտավորություն է՝ աջակցել տեղահանված մեր հայրենակիցներին, հատկապես՝ կարիքավորներին ու բազմազավակ ընտանիքներին։ Կարևորեց նաև այն հանգամանքը, որ հատկացված սնունդը, հագուստը, խաղալիքները հայկական արտադրության են։ Հիմնադրամի բարերարներին առաջարկել է՝ հատկացված գումարով գնել հայկական արտադրանք, որ ինչ-որ չափով աջակցեն նաև տեղական արտադրողին։

Զոհրաբ Ըռքոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am