Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ուր է հիմա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին

Ուր է հիմա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը․ Նիկոլ 
Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարության խոսնակի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծ մասամբ հենց Հայաստանի պատճառով չեն կատարվել:

«Դեռ 9-րդ կետը դնենք մի կողմ, թող մինչև 8-րդ կետը կարդան, տեսնեն, ով ի՞նչ պարտավորություն չի կատարել: Այսինքն, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվի՞, այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում լինե՞ն:

Ուզում եմ նորից ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա` Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղ գործուղվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի կայացրած որոշման հիման վրա: Եվ Դաշնային ժողովի այդ որոշման մեջ գրված է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն այնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Ո՞ւր է հիմա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը»,- նկատեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե ՌԴ-ն Հայաստանին մեղադրում է ապաշրջափակման կոնկրետ ստորագրելու փուլին հասնելու ժամանակ խուսանավելու մեջ։

«Չկա այդպիսի բան, առնվազն երեք անգամ եղել է թուղթ, որ ասել ենք՝  հենց հիմա ստորագրում ենք, և այդ թղթի տրամաբանությունը եղել է այն, ինչ-որ մենք այսօր, ըստ էության, «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արձանագրում ենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նաև, իհարկե որպես նախագիծ շատ լավ է, շատ պոզիտիվ է, բայց մենք ինչո՞ւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հրապարակային դարձրեցինք, որովհետև մեզ վերագրվում էր պարտավորություններ, դիրքորոշումներ: «Խաղաղության խաչմերուկը» առաջին օրից ենք բանակցել, սա է եղել մեր դիրքորոշումը: Հիմա այդ «Խաղաղության խաչմերուկը» հրապարակեցինք կամ այդ համախումբը, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե մենք ինչ ենք ուզում և ինչ չենք ուզում, որովհետև այդ թվում՝ Ադրբեջանը և նորից ուժեր փորձում էին ամբողջ աշխարհին համոզել, թե Հայաստանը հրաժարվում է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումից: Մենք հրապարակային ասացինք՝ մենք սրան պատրաստ ենք, հենց այսօր»,- ընդգծեց Փաշինյանը։

Պատասխանելով հարցին, որ ՌԴ-ն Հայաստանին մեղադրում է նաև նրանում, թե Հայաստանն ուզում է «ջրել» նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ՀՀ վարչապետը շեշտեց․ 

«Կներեք, բայց ես ասացի, եկեք կարդանք այդ հայտարարությունը և նայենք այդ հայտարարությանն առնչվող տարածքում ի՞նչ է կատարվում: Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք «ջրել», մեր ստորագրությունն այնտեղ է, բայց հիմա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որևէ մեկը կարդացե՞լ է, այնտեղ գրած որևէ բան այսօր իրականության մեջ կա՞: Եթե մեզնից ուզում են, մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք 9-րդ կետի վերաբերյալ ոչ մի պրոբլեմ չունենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Հիմա եկեք նայենք 8-ը, 7-ը, 6-ը, 5-ը, 4-ը, 3-ը, 2-ը, 1-ը, տեսնենք` մի բան կա՞ իրականության մեջ: Կներեք, ասում եմ  Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբ ուղարկելու որոշմամբ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ»։

Ի պատասխան դիտարկմանը, որ ըստ ՌԴ հայտարարության՝ խաղաղապահ զորախմբում ավելի շատ դիտորդներ են, ոչ թե խաղաղապահներ, Նիկոլ Փաշինյանը նկատեց․ 

«Դրանով իրենք զրոյացնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և մեզ պետք չէ դրանում մեղադրել»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am