Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայկական EdMap հարթակը լրացնում է համալսարանի և աշխատաշուկայի միջև բացը

Հայկական EdMap հարթակը լրացնում է համալսարանի և աշխատաշուկայի միջև 
բացը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական EdMap հարթակը, որը  հնարավորություն է տալիս հմտանալ սիմուլյացիոն նախագծերի վրա և լուծել ոլորտին հատուկ խնդիրներ, որոնք կարող են հանդիպել աշխատանքի ընթացքում, ուսուցման էկոհամակարգ է, որը լրացնում է ոլորտում փորձի առկայության բացը` ուսանողներին հնարավորություն տալով ձեռք բերել գործնական փորձ և անհրաժեշտ հմտություններ:

«Աշխատաշուկայում կան պրոցեսներ ու հատուկ գործիքներ, որ համալսարանը կամ կրթական կենտրոնները չեն սովորեցնում՝ տալով միայն տեսական գիտելիքներ: Իսկ EdMap-ը հնարավորություն է տալիս իր օգտատերերին լուծել առաջադրանքներ սիմուլացված ինդուստրիայում՝ մինչև աշխատաշուկա մտնելը։ Այսինքն՝ ստեղծում ենք երևակայական ՏՏ կազմակերպություններ և, նախագծեր ՝ աշխատաշուկայում հանդիպող իրական խնդիրների հիման վրա։ Այս նախագծերի շուրջ սիմուլացնում ենք աշխատանքային միջավայր, որտեղ հեռավար սովորում և աշխատում են իրական մարդիկ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց ստարտափի համահիմնադիր Սամվել Մխիթարյանը: 

2023.12.15_11.22.58.26.JPG (519 KB)

Հարթակի համահիմնադիր Արսեն Ասատրյանն էլ մանրամասնեց՝ օգտատերերը  գրանցվելիս լրացնում են ընդհանուր տեղեկություն իրենց մասին, ինչպես նաև կարող են կցել ինքնակենսագրական : Յուրաքանչյուր սիմուլյացիոն նախագծի համար տարածվելու է հայտարարություն, ինչի միջոցով էլ օգտատերերը կարող են ծանոթանալ սիմուլացված կազմակերպությանը, նախագծերին, դրա նպատակներին  և «դիմել» իրենց նախընտրած նախագծին միանալու համար։ Օգտագտերերին ապահովելու են նույն փորձառությամբ, ինչ նրանք կունենային իրական կազմակերպությունում աշխատելիս։ 

Սովորողները վճարելու են սիմուլյացիոն նախագծի համար, որը կարող է տևել մի քանի շաբաթ։ Հետո արդեն օգտատերերին առաջարկվելու են ավելի բարդ սիմուլացիաներ՝ իրենց մակարդակները բարձրացնելու համար։ Համահիմնադիրները կարևորեցին՝ հնարավորություն են տալու սովորողների կուտակած ամբողջ փորձը վերածել պորտֆոլիոյի:

2023.12.15_11.25.53.79.JPG (389 KB)

«Այս պահին թիրախավորում ենք IT-ում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները՝ Project manager, UI/UX և/կամ product design, software engineer, հետո կավելացնենք նաև QA, data science և այլ մասնագիտություններ: Գործունեության ընթացքում ավելի պարզ կդառնա, որտեղ է պահանջարկը շատ ու ըստ դրա կավելացնենք նոր մասնագիտություններ»,- տեղեկացրեց Ասատրյանը:  

Ասատրյանը  պատմեց՝ ստարտափի գաղափարը ծնվել իր անձնական խնդրից. համալսարանից հետո աշխատանքի ընդունվելիս բախվել է գործատուների «փորձ չունես» հայտնի արտահայտությանը: Խնդրով կիսվել է ընկերների հետ ու պարզել, որ միայնակ չէ, ու որ այդ խնդիրը կա ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային շուկայում: Թեև ստարտափի առաջին թիրախը հայկական շուկան է լինելու, սակայն այն միջազգային շուկա դուրս բերելու հեռանկարներ ևս տեսնում են:  

«Հարց է առաջանում՝ արդյոք ոլորտին պետք են հենց վիրտուալ ձևաչափի մեջ սովորած մարդիկ: Մեծ ընկերությունները հիմա հիբրիդային ձևով են գործում. կեսը՝  վիրտուալ, կեսը՝ առկա, և, այո, դրանից ելնելով՝ կարելի է ասել, որ վիրտուալ հարթակում ձեռք բերած փորձը նաև ռելեվանտ է իրական աշխարհում ձեռք բերածին: Պետք է հաշվի առնել, որ կուտակված փորձն ինչքան էլ վիրտուալ հարթակում է, խնդիրները գալիս են հենց իրական աշխարհից, որը ոչնչով չի տարբերվում իրական առաջադրանքներից, որոնք ընկերությունները տալիս են իրենց մասնագետներին»,- նշեց Սամվել Մխիթարյանը:

Հիմնադիրները պատմեցին՝ մասնակցել են «Սիսայդ ստարտափ սամիթ»-ին Հնդկաստանում, որն իրենց լավ ուղղորդում է տվել։ Անցել են Ամերիկյան համալսարանի EPIC-ի ինկուբացիոն ծրագիրը, որտեղ գաղափարը շատ են հղկել։ ՀՀ ԲՏԱ նախարարության «Գաղափարից բիզնես» ծրագրով ստացել են 10 մլն դրամ ներդրում։ 2023 թվականի «Սևան ստարտափ սամիթ»-ին էլ հաղթել են Edtech բաղադրիչով մրցույթում։ Եվս մի մրցույթի էլ մասնակցել են Էստոնիայում, որից ևս հաղթանակով են վերադարձել: 

2023.12.15_11.29.01.45.JPG (615 KB)

«Առաջին փուլով մենք ստեղծում ենք պրոդուկտի նախատիպը, որից հետո այն մտցնելու ենք շուկա՝ օգտատերեր հավաքելու, հասկանալու, թե ինչի վրա պետք է աշխատենք կամ շտկումներ անենք: Այս փուլում ռեսուրսները բավարարում են, առաջիկայում նոր ներդրումներ ներգրավելու համար քայլեր կձեռնարկենք»,- ասաց Ասատրյանը: 

Մխիթարյանն էլ հավելեց՝ հարթակը երկու տարբերակով են դիտարկում՝ B2B և B2C: Այս պահին դեռ կենտրոնացած են B2C-ի վրա, այսինքն՝ սովորողների։ Բայց առաջիկայում պլանավորում են հենց ընկերությունների և բիզնեսների հետ աշխատել: 

«Իդեալական տեսլականը նրանում է, որ մենք հասնենք նրան, որ կարողանանք ապահովել յուրաքանչյուր օգտատիրոջ վստահ մուտքը դեպի աշխատաշուկա՝ հագեցած գործնական փորձով և հմտություններով։ Ինչպես նաև, ցանկանում ենք հասնել նրան, որ յուրաքանչյուր tech ընկերություն ցանկանա իր վիրտուալ ներկայությունն ապահովել հարթակում:  Օրինակ՝ ServiceTitan ընկերությունը ցանկություն ունենա իր ներկայությունը ստեղծել հարթակում  և ունենա իր պրոդուկտներից մեկի  սիմուլացիան, որի վրա կաշխատեն մեր օգտատերերը: Վերջիններս կգեներացնեն արդյունք, որի ընթացքին ընկերությունը կարող է հետևել։ Օգտատերերը կհմտանան հենց ընկերության խնդրի վրա, և ընկերությունը կկարողանա գտնել իր նախագծերին համապատասխան նոր մասնագետներ, Արդյունքում, մի կողմում ունենում ենք կազմակերպություն, որն արդյունավետորեն իրականացնում է աշխատանքի ընդունման գործընթացը և մյուս կողմում ունենում ենք գործնական հարուստ փորձ ունեցող սկսնակ մասնագետներ»,- մանրամասնեց Սամվել Մխիթարյանը:  

«Հարթակը կարող է նաև գործիք դառնալ ստարտափների համար: Շատ ժամանակ ստարտափերներն ունենում են գաղափար, բայց ժամանակ չեն ունենում աշխատել նախատիպ ստեղծելու վրա, իսկ մեզ էլ պետք են խնդիրներ, որոնց վրա փորրձառություն ձեռք կբերեն մեր օգտատերերը »,- եզրափակեց Ասատրյանը:  

Հիմնադիրները նշեցին՝ այս ամենից զատ հարթակը հնարավորություն է տալիս օգտատերերին հասկանալ տվյալ մասնագիտությունը իրե՞նցն է, թե՝ ոչ: Այս պահին ակտիվ հարցազրույցներ են անցկացնում կազմակերպությունների հետ՝ հասկանալու իրենց պրոցեսները ու խնդիրները։ Ստարտափի համահիմնադիրները բաց են նոր խնդիրներ լսելու և դրանք հարթակում տեղադրելու համար:  

Կարինե Տերտերյան

Նկարները՝ Հայկ Մանուկյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am