Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ձմեռային Հայաստանը արաբական երկրներից եկած զբոսաշրջիկների հետաքրքրությունների առանցքում է

Ձմեռային Հայաստանը արաբական երկրներից եկած զբոսաշրջիկների 
հետաքրքրությունների առանցքում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այն երկրներից է, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն վայելելու տարվա չորս եղանակները՝  ըստ նախասիրության:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ չնայած վերջին տարիներին ամբողջ աշխարհում առաջ եկած խնդիրներին՝ Հայաստանում հատկապես  ձմեռային զբոսաշրջությունը տարեցտարի ավելի հետաքրքիր և գրավիչ է դառնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ընդգծեց, որ կորոնավիրուսից հետո զբոսաշրջության  ոլորտում, կարծես, ամեն ինչ նոր է սկսվում, քանի որ  այն ամբողջ աշխարհում կանգ էր առել:

 «Ոլորտը կորոնավիրուսից հետո քիչ-քիչ սկսեց վերականգնվել, և, ի վերջո, շատ լավ արդյունք ունեցանք՝  ընդհանուր այցելությունների քանակով գերազանցելով նաև 2019 թվականի ցուցանիշը »,-ասաց նա։

Մեխակ Ապրեսյանն, անդրադառնալով բացերին ու առկա խնդիրներին, նշեց, որ ձմեռային զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու նպատակով  բոլոր քայլերը պետք է զուգահեռ իրականացվեն:

Ըստ նրա՝ ձմեռային զբոսաշրջության զարգացման նպատակով պետք է ենթակառուցվածքները բարելավելու և զարգացնելու ուղղությամբ աշխատանքներ տարվեն, որին զուգահեռ  նաև պետք է Հայաստանը համաշխարհային շուկայում պատշաճ ներկայացնել. դա պետք է ոլորտի ներկայացուցիչների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը լինի:

Չնայած նրան, որ Հայաստանում ձմեռային տուրիզմը գնալով զարգանում է՝ Զբոսաշրջության կոմիտեից նշեցին, որ այդ ուղղությամբ իրականացնում են մի շարք մարքեթինգային քայլեր՝ հատկապես այն երկրների ուղղությամբ, որոնք նման ներուժ չունեն:

«Ներկայումս լայնածավալ աշխատանքներ են իրականացվում Արաբական Միացյալ Էմիրություններում՝ հատկապես Դուբայում, ձմեռային՝ որոշ չափով  պասիվ սեզոնին այնտեղի զբոսաշրջիկների ուշադրությունը Հայաստանի վրա սևեռելու ուղղությամբ»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի խորհրդական Անահիտ Ոսկանյանը:

Տուրիստական ընկերությունից նշում են, որ վերջին տարիներին  Հայաստանը գնալով իր դիրքը բարելավում է ձմեռային շրջանում առաջարկվող զբոսաշրջային հնարավորությունների համատեքստում:

«Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրողների ցանկում  առաջատար դիրքում է Ռուսաստանը, բայց 2023 թվականի դեկտեմբերին վիճակագրությունը փոխվեց դեպի արաբական երկրների կողմ ՝ ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Կատար և այլն: Այս փոփոխության պատճառներից մեկը ձյան առկայություն է, քանի որ այս երկրներից ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը առաջին անգամ է ձյուն տեսնում»,- նշեց One Way Tour  ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Սաթենիկ Աբրահամյանը:

Տուրիստական ընկերությունները ևս մարզերում ձմեռային զբոսաշրջության զարգացման համար առաջնային տեղ են տալիս ենթակառուցվածքների զարգացումը:

Գայանե Գաբոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am