Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանության է արժանացրել ռեադմիսիոն 2 միջազգային փաստաթուղթ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանության է արժանացրել ռեադմիսիոն 2 միջազգային փաստաթուղթ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունվարի 10-ի նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Դաշնային կառավարության միջեւ «ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին և «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ «Արմենպրես»-ին այս մասի տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Ավստրիայի հետ ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացման գործընթացում է:

Այս գործընթացը և, առհասարակ, երկկողմ ռեադմիսիոն համաձայանգրերի համատեքստում Հայաստանի Հանրապետության կատարողականի բարձր ցուցանիշները կարևոր նախապայման են վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար:
Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համաձայնագրերը խթանում են ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզաների ազատականացման երկխոսությունն ավելի կառուցողական հենքի վրա դնելուն: Սա թույլ է տալիս ընդգծել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը հետ ընդունելու այն անձանց, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում. այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հունվարի 10-ի նիստում նշել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Հանձնաժողովը քննարկել է «ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Դաշնային կառավարության միջեւ «ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը», ասվում է հաղորդագրության մեջ:

«Գործնականում ունեցել ենք միջազգային պայմանագրին բնորոշ ընթացակարգերը. Արդարադատության և Ֆինանսների նախարարությունների կողմից կա դրական դիրքորոշում: Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»,- տեղեկացրել է ներքին գործերի փոխնախարարը:

Ըստ աղբյուրի՝ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ նախկինում Հայաստանն ունեցել է երկկողմ ռեադմիսիոն համաձայնագրեր ԵՄ անդամ տարբեր պետությունների հետ, սակայն այդ փաստաթղթերն արդեն չեն գործում, և պետությունները ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակից բխող պարտավորություն ունեն երկկողմ առանձին ռեադմիսիոն համաձայնագրեր կնքելու:

Նշվում է, որ նա ընդգծել է, որ վերոհիշյալ համաձայնագիրը դրանցից մեկն է:

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը պարզաբանել է, որ նմանատիպ համաձայնագրերը ոչ թե ԵՄ կողմից պարտադրանք են, որ ինչ-որ գործընթաց իրականացվի, այլ՝ երկկողմ հարաբերությունների կանոնակարգմանն ուղղված, փոխհամաձայնեցված պատրաստակամության օրինակ: «Սա թույլ է տալիս հավաստել, որ Հայաստանը պատրաստակամ է ընդունելու իր այն քաղաքացիներին, որոնք ոչ թե օրինական հիմքերով բնակվում են ԵՄ անդամ երկրներում, այլ հակառակը՝ ինքնությունը չպարզված է, չունեն անձնագիր կամ կեղծ փաստաթղթերով հայտնվել են ԵՄ անդամ երկրներում»,- նշել է փոխնախարարը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ օրակարգի շրջանակում քննարկվել է նաև «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ թեև բանակցություններին մասնակցել են նաև ԱՊՀ անդամ մյուս պետությունները, բայց այս պահի դրությամբ համաձայնագիրը կիրառում են Ռուսաստանն ու Բելառուսը:

Հայաստանը կլինի համաձայնագիրը վավերացնող երրորդ պետությունը:

Փոխնախարարը հայտնել է նաև, որ համաձայնագրով նախատեսվող վերապահմամբ՝ եթե ՀՀ-ից հետո ԱՊՀ որեւէ այլ անդամ երկիր միանա համաձայնագրին, ապա այդ պահին Հայաստանը կկարողանա դիտարկել տվյալ երկրի մասով որևէ վերապահում անելու հնարավորության հարցը:

Նշվել է, որ ԱՊՀ-ն ցանկանում է մեկ միասնական համաձայնագիր ունենալ, որի շրջանակում գործընթացները կնույնականացվեն, ու միասնական քաղաքականություն կվարվի:

Ըստ աղբյուրի՝ օրենքի նախագիծը միաձայն հաստատվել է հանձնաժողովի նիստում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am