Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ 
քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական ավիահարվածներն Իրաքի համար նույնիսկ կարող են առիթ լինել՝ սուվերենությունը լիարժեքորեն վերականգնելու և սեփական տարածքից օտարերկրյա զինված ուժերն ու լրտեսական ցանցերը դուրս բերելու համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քրդագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին։

«Իրականում չարժե զարմանալ, որ Իրանը ավիահարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի տարածքին, որովհետև որքան էլ առաջին հայացքից տարօրինակ լինեն այդ հարվածները՝ հաշվի առնելով, որ իրանցիներն ու քրդերը բնական դաշնակիցներ են և էթնիկ առումով պատկանում են միևնույն ճյուղին, այդուհանդերձ Իրաքյան Քրդստանում իսրայելական ներկայությունը շատ մեծ է, հետևաբար զուր չէ ասված, որ այդ վարչական միավորը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել»,- նշեց Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ 2017 թվականին այնտեղ տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքներն Իրաքի կենտրոնական իշխանությունը չճանաչեց, մինչդեռ Իսրայելն, ընդհակառակը, միակ երկիրն է, որն անմիջապես ճանաչեց քրդերի անկախության հանրաքվեի արդյունքները։ Բացի դրանից, Իրաքյան Քրդստանի զինուժը՝ «Փեշմերգան», գտնվում է իսրայելական զինված ուժերի վերահսկողության ներքո։ Նույնիսկ աշխատավարձերի մի մասն ԱՄՆ-ի հետ միասին տալիս է Իսրայելը, հետևաբար հրեաների պետությունն իսկապես շատ մեծ ներկայություն ունի այնտեղ։  

«Մյուս կողմից՝ փորձագետներն անընդհատ խոսում են այն մասին, որ Իրաքյան Քրդստանը հենց այն տարածքն է, որտեղ համընկնում են հակոտնյա մրցակիցներ Թուրքիայի և Իրանի շահերը։ Առաջինն Իրաքում պայքար է մղում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ, մյուսն իր հերթին պայքարում է իսրայելական հետախուզական խմբավորումների ու լրտեսական ցանցերի դեմ, հետևաբար իրանական կողմի հարվածները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ այդ երկիրը ձգտելու է ամեն կերպ վերականգնել իր ազդեցությունն Իրաքյան Քրդստանում»,- ասաց քրդագետը։

MXO_1662 (1).JPG (721 KB)

Նրա խոսքով՝ Իրաքյան Քրդստանը տվյալ դեպքում ոչինչ չի կարող անել, քանի որ թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես, թե՛ ռամական առումով մեծապես կախված է Իսրայելից։ Բացի այդ, Քիրքուկից նավթի մի մասի արտահանման հարցում տեղաբնակ քրդերին օգնում են հրեաները։ Թեև այնտեղ կա ինքնավարություն, սակայն քրդերն իրականում ղեկավարվում են Իսրայելի կողմից։ Հովհաննիսյանի կարծիքով՝ Էրբիլի քրդերը դժվար թե հետևություններ անեն իրանական կողմի ավիահարվածներից և կշարունակեն հետևել այն գծին, որն իրենց համար գծել է իսրայելական պետությունը։

Անդրադառնալով Իրաքի վարչապետ Մուհամմադ Աս-Սուդանիի հայտարարությանը, որ Իրաքը կարող է պաշտպանել իրեն և ձգտում է միջազգային ռազմական կոալիցիան դուրս բերել իր տարածքից, Հովհաննիսյանն ընդգծեց, որ Իրաքի կենտրոնական իշխանության սրտով չէ իսրայելական կամ ամերիկյան զինված ներկայությունը քրդերով բնակեցված տարածքում, քանի որ այդ կերպ կապվում են իրենց ձեռքերը և չեն կարողանում լիարժեք իշխանություն հաստատել Իրաքյան Քրդստանում։

«Հենց դա է պատճառը, որ Իրաքի կառավարությունը փորձում է օգտվել առիթից և շատ ճիշտ է վարվում, քանի որ իր տարածքում ստեղծվել է պետական միավորում՝ այլ երկրների զինված ուժերի հաշվին, որն իր հերթին վարում է կենտրոնական իշխանությունից տարբերվող արտաքին քաղաքականություն։ Վերջին զարգացումներն ուղղակի առիթ էին, որպեսզի իրաքյան իշխանությունը խոսեր այդ մասին։  Ընդ որում՝ պաշտոնական Բաղդադը նախկինում երբեք հանդես չէր եկել նման խիստ ու համարձակ հայտարարություններով։ Չի բացառվում, որ մոտ ապագայում կարող ենք ականատես լինել նաև այնպիսի սցենարի, որի դեպքում Իրանը կարող է հրթիռակոծել Իրաքի մայրաքաղաքը։ Վերջինիս կանաչ գոտում, որտեղ տեղակայված են օտարերկրյա դիվանագիտական հաստատությունները, գործում են նաև լրտեսական ցանցեր, որոնց մասին Թեհրանը բազմիցս խոսել է։ Իրանական ավիահարվածներն Իրաքի համար նույնիսկ կարող են առիթ լինել՝ սուվերենությունը լիարժեքորեն վերականգնելու և սեփական տարածքից օտարերկրյա զինված ուժերը դուրս բերելու համար»,- եզրափակեց քրդագետը։   

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների համար հետ է կանչել Թեհրանում իր դեսպան Նասիր Աբդուլ Մոհսենին ՝ երկրում մի քանի օբյեկտների վրա Իրանի հրթիռային հարձակումներից հետո։ Բացի այդ, Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Աբու ալ Ֆադլ Ազիզիին և նրան բողոքի նոտա է հանձնել քրդական ինքնավար տարածաշրջանի տարածքի, մասնավորապես՝ Էրբիլի վրա իրականացված հարձակման առնչությամբ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հաղորդել է, որ բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Իրաքյան Քրդստանում Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի շտաբին՝ դա բացատրելով տարածաշրջանում հակաահաբեկչական խմբերի և ցանցերի դեմ գործողություններով։ Մինչ այդ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ հրթիռային հարվածներ է հասցրել լրտեսական մի շարք կենտրոնների և հակաիրանական ահաբեկչական խմբերի հավաքատեղիների տարածաշրջանի տարբեր մասերում, այդ թվում՝ Սիրիայում։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am