Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Պաշտոնական Երևանը բանակցությունների ողջ տրամաբանությանը հակասող է համարում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները

Պաշտոնական Երևանը բանակցությունների ողջ տրամաբանությանը հակասող է 
համարում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունվարի 18-ին հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություններին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Վահան Կոստանյանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները՝ հանրահայտ սկզբունքներին համահունչ։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը:

Այս համատեքստում նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հասցեական գործողությունների անհրաժեշտությունը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և խաղաղության պահպանմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am