Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Չինաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները

Չինաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային հարաբերությունների վերջին տասնամյակը կարելի է վստահորեն նշել որպես Չինաստանի արտաքին քաղաքականության նորովի ներկայացման ու բացահայտման շրջան: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 2013 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն առաջարկեց երկու նախաձեռնություն՝ ստեղծել Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին և 21-րդ դարի Ծովային Մետաքսի ճանապարհը: Այս մեգանախագծերը, որոնք ի սկզբանե նպատակ ունեին զարգացնելու պետությունների միջև տնտեսական համագործակցությունն ու մեծացնելու նրանց միջև շփումները, արդեն հաջող մեկնարկել են՝ համագործակցության մեջ ընդգրկելով աշխարհի քաղաքական քարտեզի վրա գտնվող երկրների մեծ մասին: Չինաստանն այսօր էլ շարունակաբար զարգացնում է իր տնտեսական ու քաղաքական դերակատարությունը միջազգային հարաբերություններում:

Տասնամյակներ շարունակ Չինաստանն իր արտաքին քաղաքականության մեջ դրսևորել է որոշակի զսպվածություն և հավասարակշռություն՝ հիմնականում կենտրոնանալով ներքին կայունության ամրապնդման ու տնտեսական զարգացման վրա: Սպասման ռազմավարությունը միանգամայն արդարացրեց իրեն ու թույլ տվեց կենտրոնացնելու տնտեսական, քաղաքական ու ռազմական մեծ ծավալի ռեսուրսներ՝ ունենալով բոլոր հիմքերը՝ դառնալու միջազգային հարաբերությունների գլխավոր ակտորներից մեկը: Սակայն, Չինաստանի համար այդ դերն ինքնանպատակ չէ. այն միտված է գլոբալ մակարդակով խաղաղության ամրապնդմանը, երկրների միջև իրավահավասարության ու փոխշահավետության հիմքով համագործակցության ձևավորմանը: Այս նորմերն ամրագրված են Չինաստանի արտաքին քաղաքականության ռազմավարությունում, որոնք, մի քանի այլ սկզբունքների հետ միասին, ստացել են «Խաղաղ համակեցության սկզբունքներ» ձևակերպումը:

2023 թվականի դեկտեմբերին արտաքին հարցերով Կենտրոնական աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախագահ Սի Ծինփինը նշել է տասը հիմնարար ուղղություններ, որոնք առաջարկվում է ներառել Չինաստանի արտաքին քաղաքականության հիմքերում: Դրանցում հատկապես շեշտվում է գլոբալ աշխարհակարգում Չինաստանի դերի ամրապնդման, պետությունների միջև համագործակցության ուժեղացման, պետությունների հավասարակշռված զարգացման, «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության զարգացման, անվտանգության ամրապնդման շուրջ միասնական քաղաքականության մշակման անհրաժեշտությունը: Նախագահը հատուկ ընդգծել է, որ Չինաստանը պետք է ունենա հստակ դիրքորոշում մարդկության զարգացման ապագայի վերաբերյալ, որտեղ ամուր ձևով պետք է պաշտպանված լինեն Չինաստանի սուվերենությունը, անվտանգությունն ու հետաքրքրությունները:

Չինաստանի արտաքին քաղաքականության ռազմավարության դոկտրինալ հենասյուներից է Սպիտակ գիրք «Համատեղ կառուցել մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնք. Չինաստանի նախաձեռնություններն ու գործողությունները» կոչվող պաշտոնական փաստաթուղթը: Հրապարակված փաստաթուղթը սահմանում է երկրի դիրքորոշումը  միջազգային համագործակցության ուղղությունների վերաբերյալ զարգացման ոլորտում։ Սպիտակ գրքում գաղափարական հիմքն է «Մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնք» հայեցակարգը, որը մտադիր է իրականացնել Պեկինը:

Այստեղ առանցքային տեղ ունի գլոբալ խաղաղության հասնելու գաղափարը: Դա անելու համար անհրաժեշտ է նախ և առաջ կառուցել գլոբալ հասարակություն, որը կիսում է պատասխանատվությունը: Գլոբալ հասարակության ձևավորման համար անհրաժեշտ է ստեղծել համագործակցային միջավայր, հավասար մրցակցային պայմաններ և փոխադարձ հարգանքի վրա հենված միջպետական իրավահարաբերություններ: Չինաստանը, որպես մեծ պետություն, իր վրա վերցնում է որոշակի պատասխանատվություն և կիսում է պարտավորությունն այս ամենի իրագործման հարցում: Չինաստանում կարծում են նաև, որ աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի պատասխանատվության իր մասը, ուստի, միայն պատասխանատվության սեփական մասնաբաժնի հստակ ընկալման ու իրացման շնորհիվ է հնարավոր հասնել համընդհանուր նպատակների իրականացմանը:

«Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը Չինաստանի կողմից մեկնարկած հիմնական, բայց ոչ միակ ծրագիրն է, որի գլխավոր խնդիրներից մեկն էլ պետությունների միջև համագործակցային միջավայրի ձևավորումն է: Չինաստանը շատ է կարևորում, որպեսզի պետությունները գլոբալացման գործընթացները օգտագործեն ոչ միայն տնտեսական շահերի, այլ նաև՝ խաղաղության հասնելու նպատակով: «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մեջ արդեն իսկ ընդգրկված են աշխարհի երկրների գրեթե երեք քառորդը և մոտ երեք տասնյակ միջազգային կազմակերպություններ: Շատ կարևոր է նաև հստակ գիտակցել մեկ կարևոր մոտեցում. այս նախաձեռնության նպատակը ոչ թե Չինաստանի շուրջ բևեռի ձևավորումն է, այլ՝ զարգացման մեծ հնարավորությունների ստեղծումը մասնակից երկրների համար: Նախաձեռնության շրջանակներում Չինաստանը ստորագրել է թվով 21 համաձայնագրեր՝ ազատ առևտրի մասին, դարձել է աշխարհի ավելի քան 140 երկրների առաջատար տնտեսական գործընկերներից մեկը:

Չինաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ վերջինս ստատիկ չէ. այն զարգանում է դինամիկ ձևով և իր մեջ ներառում է այն բոլոր ակտուալ խնդիրները, որոնք  տեղ են գտնում համաշխարհային գործընթացներում: Վերարժևորվում է նաև Չինաստանի դերն աշխարհում: Դա առաջին հերթին կապված  է նրա հետ, որ Չինաստանն ունի բավարար ներուժ՝ նպաստելու աշխարհում հակաճգնաժամային կարգավորմանը: 2023 թվականի փետրվարին Չինաստանը պաշտոնապես առաջ է քաշել Գլոբալ անվտանգության նախաձեռնության ծրագրային փաստաթուղթը: Այս առաջարկները և ռազմավարական փաստաթղթերի բովանդակությունն ամբողջությամբ բխում են ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի դրույթներից: Որպես միջազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված փաստեր՝ նշենք, որ ներկայումս Չինաստանը երկրորդն է ՄԱԿ-ի խաղաղապահական գործունեության ֆինանսավորման գործում, իսկ խաղաղապահ գործողություններին մասնակիցների թվով առաջինն է ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից՝ շուրջ 50.000 թվակազմով: Չինաստանի խաղաղապահ ուժերն իրենց առաքելությունն են կատարում շուրջ 20 երկրներում և տարածաշրջաններում:

Չինաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ վերջինս ձգտում է բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը: Չինաստանը գտնում է, որ խոշոր պետությունների արտաքին քաղաքականության մեջ չպետք է լինեն կոշտ ուժի մեխանիզմներ, որոնցով վերջիններս կփորձեն իրենց ազդեցությունն ուժեղացնել այլ երկրներում: Հետաքրքիր է, որ լինելով ուժեղ պետություն, դարերի ընթացքում Չինաստանը չի փորձել վարել գաղութացման քաղաքականություն՝ մինչև օրս հավատարիմ մնալով այդ սկզբունքին: Ինչպես առաջարկում է պաշտոնական Պեկինը՝ բազմակողմ համագործակցության և պետությունների իրավահավասարության սկզբունքները պետք է ընկած լինեն ժամանակակից միջազգային հարաբերությունների հիմքերում:

Չինաստանի արտաքին քաղաքականության մեջ մեծ նշանակություն ունեն նաև ավանդույթները: Իհարկե, այն առաջին հերթին պրոյեկտվում է ներքին քաղաքականության մեջ, քանի որ չին ժողովուրդը կարողացել է հասնել մեծ հաջողությունների՝ առաջին հերթին ներքին համախմբման, իր առջև դրված խնդիրների ու մարտահրավերների գիտակցման ու միասնական ուժերով հաղթահարման շնորհիվ: Յուրաքանչյուր չինացի, թե՛ իր երկրի ներսում, թե՛ նրա տարածքից դուրս, իր պետության շահերի պաշտպանն է: Չինաստանն էլ իր հերթին ունի առանձնահատուկ մոտեցում աշխարհի տարբեր երկրներում չինական համայնքների նկատմամբ: Չինաստանը ձգտում է աջակցել տարբեր երկրներում ապրող չինացիներին՝ պահպանելու իրենց ազգային ինքնությունը՝ սովորույթները, լեզուն և մշակույթը:

Չինաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում ևս մեծապես ակտիվացել է վերջին մեկ տասնամյակում: Այն առաջին հերթին կապված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ, որի մեջ ընդգրկված են տարածաշրջանի բոլոր երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը:

Չինաստանը կայուն դրական դինամիկայով զարգացնում է առևտրաշրջանառությունը Հարավային Կովկասի երկրների հետ՝ այս պահին առաջատար տեղ զբաղեցնելով բոլոր երեք երկրների արտաքին տնտեսական գործընկերների շարքում: Տարածաշրջանի երկրների հետ Չինաստանի հարաբերությունները զարգանում են յուրաքանչյուր երկրի համար առանձնահատուկ ձևով: Հայաստանի ուժեղ կողմն, այս առումով, կայանում է նրանում, որ երկու ժողովուրդների միջև կան հազարամյա կապերի ավանդույթներ. հայտնի են փաստեր, թե ինչպես էին դեռևս 2500 տարի առաջ հայ և չին առևտրականներն իրականացնում առևտուր միմյանց հետ: Ուստի, Մետաքսի ճանապարհը երկու ժողովուրդներին կապում է արդեն շատ վաղուց, իսկ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը դարերով ձևավորված ավանդույթները համապատասխանեցնում է ժամանակակից պահանջներին:

Չինաստանն ունի կառուցողական չեզոք դիրքորոշում Հարավային Կովկասում առկա հակամարտությունների նկատմամբ և փորձում է օգտագործել իր հնարավորություններն՝ այստեղ վերջնական խաղաղության ու կայունության հասնելու նպատակով:

Հայաստանն էլ իր հերթին աջակցում է «Մեկ Չինաստանի» գաղափարը՝ պաշտոնական Պեկինին համարելով որպես չին ժողովրդին ներկայացնող միակ լեգիտիմ կառավարություն:

2024 թվականը հոբելյանական է Չինաստանի համար, քանի որ լրանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-րդ տարեդարձը: Ուստի, ընթացիկ տարում կարելի է սպասել ակտիվության նոր ալիքի Չինաստանի արտաքին քաղաքականության մեջ:

Այս տարի նաև մեկնարկում է նոր տասնամյակ Չինաստանի արտաքին քաղաքականության համար, որտեղ առաջնային են լինելու համամարդկային նշանակություն ունեցող խնդիրները, խաղաղության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված գործողությունները, պետությունների միջև համագործակցության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ուղղված նախաձեռնությունները: Համոզված ենք, որ զարգացման մեծ պոտենցիալ ունեն նաև Հայաստանի ու Չինաստանի միջև հարաբերությունները: Երկկողմ հարաբերություններն ունեն զարգացման մեծ հնարավորություններ, որոնք զուգահեռվում են տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցման գործընթացի հետ:

Ռոման Գագիկի Կարապետյան,

Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող

фото автора.jpg (5.63 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am