Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Գերմանիայի դեսպանի և Երևանում «Գյոթե կենտրոնի» տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Գերմանիայի դեսպանի և Երևանում «Գյոթե կենտրոնի» 
տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանում «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից,  Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ մի շարք ուղղություններով հաջող համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումն ու երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանում «Գյոթե կենտրոնի» գործունեությանը, որը հանդիսանում է «Գյոթե ինստիտուտի»՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լեզվի և մշակույթի արտաքին ինստիտուտի գործընկերը:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և միջմշակութային ու կրթական համագործակցության հեռանկարների քննարկման հնարավորության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը` մասնավորապես անդրադառնալով Հայաստանում նախատեսվող նոր նախաձեռնություններին: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության կարևորագույն ուղղություններից են գերմաներենի ուսուցման արդյունավետության բարձրացումը և երկու երկրների միջև մշակութային հաղորդակցության խթանումը:

«Շարունակելու ենք գերմաներեն լեզվի դասավանդողների վերապատրաստման աշխատանքները՝ համագործակցելով ՀՀ տարբեր մարզերի դպրոցների հետ: 2017 թվականից նաև միջազգային տարբեր խոշոր միջոցառումներ ենք իրականացրել մշակույթի ոլորտում մեր հայ գործընկերների հետ: Այս համագործակցությունը ևս շարունակվելու է»,- ասել է «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Երևանում «Գյոթե կենտրոնը» կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի կրթամշակութային կյանքում:

Նախարարն առանձնահատուկ կարևորել է գերմանական կողմի հետ փոխհամագործակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում:

ԿԳՄՍ նախարարը նաև նշել է՝ բավականին հաջող համագործակցություն է առկա գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական ընկերության հետ՝ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական հայեցակարգի  նախագծի իրականացման շուրջ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկու երկրների կառավարությունների միջև մշակույթի, կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am