Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ-ից ակնկալում է Ալիևին գովաբանող ԵՀ- ին պատասխանատվության ենթարկելու շոշափելի քայլեր

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ-ից ակնկալում է Ալիևին գովաբանող ԵՀ-
ին պատասխանատվության ենթարկելու շոշափելի քայլեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը մեկնաբանություն է տարածել Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևերում Արցախին և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող դրույթների վերաբերյալ։ Մեկնաբանությունում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է, որ Եվրամիությունից ակնկալվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին որպես «վստահելի գործընկեր» գովաբանող գործադիր իշխանությանը (Եվրոպական հանձնաժողով – խմբ.) պատասխանատվության ենթարկելու շոշափելի քայլեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնաբանության մեջ նշված է. «Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ի իր լիագումար նիստի ընթացքում ընդունել է 2023 թ. ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման, ինչպես նաև ԵՄ պաշտպանական և անվտանգության ընդհանուր քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցներ։ Ի սկզբանե հիշյալ զեկույցները եղել են հունվարի 16-ի լիագումար նիստի օրակարգում, սակայն քվեարկությունը հետաձգվել է փետրվարի 28:

Եվրոպական խորհրդարանի երկու զեկույցներն էլ կարևոր դրույթներ են պարունակում Ղարաբաղյան հակամարտության, Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների, Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ։

ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման զեկույցը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ տրամադրելով իրենց իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքներ։ Խորհրդարանը նաև պահանջում է պաշտպանել Արցախում հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ Խորհրդարանը Արցախի նկատմամբ Բաքվի հարձակումը որակում է որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններում ձեռք բերված պարտավորությունների կոպիտ և ակնհայտ խախտում։

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը նաև ընդգծում է, որ իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի բազմաթիվ նախազգուշացումները չեն հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության որևէ փոփոխության։ Խորհրդարանը պնդում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի մարդու իրավունքների հարգման հարցում այդ երկրի զգալի առաջընթացով, մասնավորապես՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը։ Եվրախորհրդարանն այնուհետև Եվրոպական միությանը կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։

Ի թիվս այլնի, Եվրոպական խորհրդարանը աջակցություն է հայտնում Հայաստանին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը կոչ է անում  ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգային իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտության կարգավորման ջանքերին: Խորհրդարանը նաև Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությանը կոչ է անում աջակցել Հայաստանին՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, մասնավորապես՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով:

ԵՄ պաշտպանական և անվտանգության ընդհանուր քաղաքականության վերաբերյալ զեկույցը նաև պարունակում է դրույթներ, որոնք համընկնում են մյուս զեկույցի դրույթների հետ: Բացի դրանցից, այս զեկույցով Խորհրդարանը ԵՄ խորհրդին կոչ է անում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, ներառյալ, բայց չսահմանափակվելով նախագահ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով,  ինչպես նաև  ցանկացած դեպքում բացառել Ադրբեջանից նավթի և գազի ներկրումը։

Մեկնաբանելով հիշյալ զեկույցների ընդունումը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է. «Եվրոպական խորհրդարանը հավատարիմ է մնում իր գործառույթին որպես ժողովրդավարության պալատ՝ հստակ և օբյեկտիվ դիրքորոշում ընդունելով Ադրբեջանի թշնամական քաղաքականության վերաբերյալ, ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք երախտապարտ ենք մեր ընտրված խորհրդարանականների մեծամասնությանը՝ իրենց անաչառության համար: Այնուամենայնիվ, մենք պետք է արձանագրենք, որ, ցավոք, ԵՄ գործադիր իշխանությունը վարել և վարում է այլ քաղաքականություն՝ ի թիվս այլնի գովաբանելով Ադրբեջանի նավթային դիկտատորին որպես «վստահելի գործընկեր»։ Ի վերջո, գործադիրն է ձևավորում իրականությունը: Հայ դատի Եվրոպայի գրասենյակը և նրա հանձնախմբերը կշարունակեն իրենց ամենօրյա աշխատանքը ԵՄ ընտրված ներկայացուցիչների հետ և կշարունակեն ԵՄ գործադիրին իր քաղաքականության համար պատասխանատվության ենթարկելու աշխատանքները։ Մենք Եվրոպական միությունից ակնկալում ենք շոշափելի քայլեր։  Եվրոպական խորհրդարանի բանաձևերը հիմք են հանդիսանում այդ քայլերի համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]