Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայաստանի և Եգիպտոսի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն

Հայաստանի և Եգիպտոսի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման 
արարողություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Եգիպտոս և ընդգծել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների բազմոլորտ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, նշելով, որ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին շեշտել է հայ և եգիպտացի ժողովուրդների բազմադարյա սերտ կապերի փաստը` հավելելով, որ Եգիպտոսի հայ համայնքն իր ուրույն դերն ունի տարբեր ոլորտների զարգացման գործում:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Եգիպտոսի հետ կապերի ընդլայնման ու խորացման գործում: Վարչապետը կարևորել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումն ու խորացումը և առկա ներուժի իրացման գործում ընդգծել գործարար կապերի զարգացման անհրաժեշտությունը: 

ՀՀ վարչապետը և Եգիպտոսի նախագահը քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ավիահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի ոլորտներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է խաղաղության և կայունության ամրապնդումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Վարչապետ Փաշինյանը Եգիպտոսի գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ և անդրադարձել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին:

Նիկոլ Փաշինյանի և Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Եգիպտոսի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարարության միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի միջազգային զարգացման համագործակցության նախարար Ռանիա Էլ Մաշաթը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի գյուղատնտեսության և հողերի բարելավման նախարարության միջև ստորագրվել է գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության մասին 2024-2026 թվականների իրականացման ծրագիրը: Այն ստորագրել են Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Էլ Սայեդ Էլ Քասերը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am