Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում կներդրվի «Էրազմուս+»-ի նոր ծրագիր

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում կներդրվի «Էրազմուս+»-ի 
նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել միջին մասնագիտական կրթության համակարգում ներդրվող «IMPROVET կարողությունների հզորացում» ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը և Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագիրն իրականացվում է ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, Գյումրու պետական բժշկական քոլեջի, Լիոնի SEPR կամպուսի, Իտալիայի Apro Formazione ուսումնական կենտրոնի, HovakimyanLab ատամնատեխնիկական լաբորատորիայի համատեղ ջանքերով՝ ի նպաստ Հայաստանում մասնագիտական կրթության զարգացման։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և կարևորել ծրագրի ներդրումը մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում՝ այն որակելով որպես կարողությունների զարգացման լավագույն ճանապարհ. «Վստահ եմ, որ այս ծրագիրը, որը ՄԿՈՒ համակարգում «էրազմուս+»-ի շրջանակում ներդրվող 2-րդ ծրագիրն է,  ոլորտում նոր ակտիվություն է բերելու:  Հատկապես կարևորում եմ երեք երկրների՝ Հայաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի ուսումնական հաստատությունների ընդգրկվածությունը և ծրագրի շրջանակում համագործակցությունը: Սա եվրոպական լավագույն փորձին ծանոթանալու հնարավորություն է, որը կարող է նպաստել նաև դասավանդողների կարողությունների զարգացմանը և կրթական ծրագրերի բովանդակության վերանայմանը»:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին՝ ընդգծելով, որ ներկայում մշակվում են մասնագիտական կրթության կազմակերպման նոր մոտեցումներ: Նրա խոսքով՝ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հաստատել է «Մասնագիտական  կրթության և ուսուցման մասին» օրենքը, որը ոլորտում ապահովելու է նոր կարգավորումներ, մասնավորապես՝ ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրվելու աշխատանքի վրա հիմնված դուալ կրթության մոդելը, իրականացվելու է հաստատությունների քարտեզագրում, սահմանվելու է մասնագիտությունների ինքնարժեք, վերանայվելու է կրթաթոշակային քաղաքականությունը:

Նշվում է, որ «IMPROVET կարողությունների հզորացում» ծրագիրն իրականացվում է երեք ուղղությամբ՝ «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության մեջ թվային տեխնոլոգիաների ներդրում, մասնագիտական կողմնորոշման նոր մոտեցումներ՝ թվային գործիքների կիրառմամբ, սոցիալ-առողջապահական աջակցողի մասնագիտության ներդրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am