Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայ-գերմանական արշավախմբի տվյալները նոր լույս են սփռում Արտաշատում մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա

Հայ-գերմանական արշավախմբի տվյալները նոր լույս են սփռում Արտաշատում 
մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները Գերմանիայի Մյունսթերի համալսարանի գործընկերների հետ Արտաշատ մայրաքա­ղաքի պեղումների արդյունքում ստացել են նոր տվյալներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, դրանք լույս են սփռում Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաքում ընթացած տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա, բացահայտում այդ հռչակավոր կենտրոնի՝ Մետաքսի ճանապար­հով իրականացվող ընդարձակ առևտրային կապերն ու Մերձավոր Արևելքում նրա քաղաքական և մշակութային դերակատարության մանրամասները։

2..jpg (206 KB)

«2018 թ-ից Արտաշատ անտիկ մայրաքաղաքի թիվ 13 և 17 բլուրներն ու հուշարձանի դաշտային տարածքն ուսումնասիրվում են հայ-գերմանական «Արտաքսատա» ծրագրի շրջանակներում։ Կատարվել է քաղաքի շուրջ 40 հա մակերեսի գեոֆիզիկական հետազոտությունը, որից հետո 13-րդ բլրի վրա պեղվել են Ք. ա. II-I դդ. սրբարան, Ք. ա. I - Ք. հ. I դարերի բնակելի համալիրներ և մի շարք դամբարաններ։ Բլրի հյուսիսային մատույցներում շուրջ 0,5 կմ երկայնքով հայտնաբերվել են մեր տարածաշրջանում եզակի հռոմեական ակվեդուկի՝ կամրջային ջրատարի զանգվածեղ հիմքերը։ Բլրից հարավ ընկած դաշտում ուսումնասիրվել են ավելի քան 500 քմ տարածքով մոնումենտալ ուրարտական հասարակական կառույցի երկու հատվածները։ 2023 թ-ին սկսված՝ 17-րդ բլրի պեղումներով բացահայտվեցին Ք. ա. I - Ք. հ. I դդ. արտադրական և բնակելի համալիրների ավերակներ, ինչպես և Ք. հ. II-III դարերին թվագրվող մոնումենտալ կղմինդրածածկ մի կառույց, հատակին՝ փայտե տախտակամածի այրված գերաններով, որոնց ուսումնասիրությունը կշարունակվի առաջիկայում»,- ասել է արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը։

3..jpg (575 KB)

Նշվում է, որ անտիկ Հայաստանի երրորդ մայրաքաղաք Արտաշատը, որը հաջորդել է Արմավիրին և Երվանդաշատին, հիմնադրվել է Ք. ա. 180-ական թթ-ին Արտաշես Ա-ի կողմից և որպես երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն գործել է մինչև Ք. հ. V դ-ի կեսերը։ Քաղաքի հիմնական կառուցապատման կորիզը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Լուսառատ և Փոքր Վեդի գյուղերի տարածքում, Խոր Վիրապի 17 բլուրների վրա (Վերին քաղաք) և հարակից դաշտում՝ մինչև Արաքսի ափը (Ստորին քաղաք), շուրջ 600 հա ընդհանուր տարածքով։ Արտաշատ հնագիտական հուշարձանը՝ քաղաքային արվարձանով և դամբարանադաշտերով, զբաղեցնում է Լուսառատ - Փոքր Վեդի - Տափերական - Շիրազ գյուղերի միջև ընկած դաշտի զգալի մասը՝ ընդգրկելով շուրջ 3000 հա տարածք։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն Արտաշատում պեղումներ են իրականացնում 1970 թ-ից։ Ըստ հնագիտական տվյալների՝ բնակությունն Արտաշատի տարածքում սկիզբ է առել դեռևս Ք. ա. V հազարամյակում։ Վաղ երկաթի դարաշրջանում (Ք. ա. XI-IX դդ.) այստեղ գործել է խոշոր բնակավայր, որի կործանումից անմիջապես հետո՝ մեծ ուրարտական քաղաք։ Անտիկ դարաշրջանի բուռն ծաղկումից (Ք. ա. II - Ք. հ. V դդ.) հետո կյանքը հուշարձանի տարածքում շարունակվել է մինչև Ք. հ. XV դ-ը։

4..jpg (487 KB)

«2003 թ-ից ընթանում են Արաքսի ափին տեղակայված «Գետամերձ թաղամասի» պեղումները, որտեղ բացվել են հունահռոմեական ոճով կառուցված տաճարի ավերակներ, խճանկարներով զարդարված բաղնիքային համալիր, որմնանկարներով բնակելի կառույցներ»,- հայտնել է  Մկրտիչ Զարդարյանը։

Արտաշատի Փոքր Վեդի գյուղին հարող տարածքն ուսումնասիրվել է նաև հայ-լեհական հնագիտական ծրագրի շրջանակում (ՀԱԻ – Վարշավայի համալսարան)։ Ծրագիրն ուղղված է եղել գիտական արդի միջոցների կիրառմամբ Հռոմի Տրայանոս կայսեր Ք. հ. 116 թ-ի արձանագրության հայտնաբերման տարածքի հետազոտմանը։

«Արտաշատի հետազոտման արդյունքներին են նվիրված հինգ մենագրություն և շուրջ հարյուր հոդված՝ հրատարակված Հայաստանում և արտերկրում», - ասել է Մկրտիչ Զարդարյանը։

5..jpg (488 KB)

Նա հավելել է, որ չնայած Հայաստանի պատմության և մշակույթի ասպարեզում իր բացառիկ նշանակությանը, այս հուշարձանի պահպանության ներկայիս վիճակը մտահոգիչ է։ «Նրա դաշտային մասերը շարունակաբար ավերվում են գյուղատնտեսական, շինարարական աշխատանքների ու ավազահանության ընթացքում։ Բլուրների լանջային տարածքը հիմնովին խաթարվում է տարեցտարի աճող Խոր Վիրապի գերեզմանոցի կողմից։ Հատուկ մտահոգության առարկա է վերջին տարիներին ակտիվացած գանձախուզությունը, ինչի հետևանքով շարունակաբար ավերվում են բուն քաղաքի թաղամասերը»,- նկատել է Մկրտիչ Զարդարյանը։ Ըստ նրա՝ հին Արտաշատ հուշարձանի պատշաճ պահպանությունը հնարավոր է ապահովել նրա հիմնական տարածքի՝ 17 բլուրների և հարակից դաշտի, հնագիտական արգելոցի սահմաններում ընդգրկման և այդ կարգավիճակին պատշաճ վերահսկման միջոցով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am