Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Կատարյալ ապուշը» ֆիլմը՝ բարի գործեր անելու ներշնչանքի աղբյուր. հայկական կատակերգությունն արդեն մեծ էկրանին է

«Կատարյալ ապուշը» ֆիլմը՝ բարի գործեր անելու ներշնչանքի աղբյուր. հայկական 
կատակերգությունն արդեն մեծ էկրանին է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կատարյալ ապուշը» կատակերգության գլխավոր հերոսը՝ Տիգրիսը, մի քիչ խենթ է, մի քիչ տարօրինակ, նաև բանիմաց է, ուժեղ: Նրա ամենամեծ առավելությունն այն է, որ փորձում է իր բարի գործերով վերականգնել արդարությունը, սակայն երբեմն նրան ընկալում են, երբեմն էլ պարզամիտ ապուշի տեղ են դնում:

Կինոնկարը, որի հերոսը մշտապես ամենահետաքրքիր իրադարձությունների կիզակետում է, արդեն մեծ էկրանին է: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանն ասաց՝ իրեն հաճախ են հարցնում՝ ֆիլմը քաղաքակա՞ն է:

«Իրականում այն քաղաքական չէ, որոշ սոցիալական ենթատեքստ ունի, բայց կինոնկարն այլ բանի մասին է: Տիգրիսն անընդհատ տարբեր պատմությունների մեջ է ընկնում ու հանդիպում մարդկանց, որոնք նրան ապուշի տեղ են դնում: Իրականում հարց է,  թե ով է իսկական ապուշը: Այն իրավիճակը, որում մենք ապրում ենք, երբ մարդիկ պառակտված են, ատելությունը շատ է, որոշեցի նկարահանել ֆիլմ, որը կնպաստի նրան, որ ատելությունը հետ մղվի: Սա բարի կինոնկար է: Հույս ունեմ՝ դահլիճից դուրս եկող մարդիկ բարի գործեր անելու ցանկություն կունենան»,-ասաց նա և հավելեց՝ սցենարը գրել է 2022 թվականի ամռանը լեռներում:

Ֆիլմում, որում կա ընկերություն, կա սեր, կա նվիրվածություն, Նալչաջյանի խաղընկերներն են ջութակահարի կերպարը կերտած Արման Ղազարյանը, Մելսիդա Հակոբյանը, որը նրա սիրած աղջիկն է: Կինոնկարն իրենց խաղով հարստացնում են Գեորգի Հովակիմյանը, Արթուր Հակոբյանը, Կրիստինա Հովակիմյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Վահագն Գալստյանը, Հայկ Հովհաննիսյանը, Օֆելյա Հարությունյանն ու Սեպուհ Ապիկյանը:

apush@.jpg (388 KB)

«Առանձին քասթինգներ անցկացրել եմ մի քանի կերպարների դերակատարներին ընտրելու համար: Արդյունքում կայացրել եմ օպտիմալ որոշում: Այս ֆիլմն առանձնանում է նաև բացառապես պրոֆեսիոնալ և ուժեղ դերասանական խաղով։ Անգամ էպիզոդիկ դերերում պրոֆեսիոնալ դերասանների ենք նկարահանել»,-պատմեց Տիգրան Նալչաջյանն ու խոստովանեց՝ նկարահանումները հիմնականում անցել են թեթև, մինչև այն պահը, երբ իր կյանքում մեծ ողբերգություն է տեղի ունեցել. կորցրել է քրոջը։

Երկարատև դադարից հետո նա ուժ է գտել և վերադարձել է նկարահանման հրապարակ: Ստեղծագործական թիմն արել է ամեն ինչ, որպեսզի նկարահանումները հարթ ընթանան և ստանան այն ֆիլմը, որն արդեն կարող են դիտել բոլորը:

Տիգրան Նալչաջյանը կարծում է՝ Տիգրիսը ինչ-որ չափով նման է իր քրոջը՝ Նվարդին:

«Նվարդը հայտնի է իր բացառիկ բարեգործություններով, և ես ոգեշնչվում էի նրանից։ Նկարահանման առաջին օրը քույրս ներկա էր: Նա եկել էր իր կատվի հետ, որին նկարեցինք ֆիլմում։ Այո՛, սեփական ուժերով շատ դժվար ու շատ ռիսկային է մեծ ֆիլմ նկարահանելը, սակայն նախորդ ֆիլմս բավականին մեծ թվով հանդիսատես էր հավաքել, և ես ողջ գումարը ներդրեցի այս կինոնկարի ստեղծման համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Դասարանցիները» ֆիլմը դիտած հանդիսատեսին, որոնց շնորհիվ կարողացա նկարահանել «Կատարյալ ապուշը»»,-շեշտեց ռեժիսորը:

Նալչաջյանը ֆիլմեր է նկարահանում շուրջ տասը տարի: «Կատարյալ ապուշը» նրա չորրորդ կինոնկարն է, որում հանդես է գալիս թե՛ որպես ռեժիսոր, թե՛ որպես գլխավոր դերակատար: Նալչաջյանի առաջին ֆիլմը «Չներվածները» կինոնկարն է, որը նկարահանել է 2015-ին, հետո՝ «Արթնացիր» գեղարվեստական ֆիլմը, 2020-ին՝ «Դասարանցիները» ֆիլմը, որը համավարակի, պատերազմի պատճառով հանրությանն է ներկայացվել 2021-ին: Այն մեծ հաջողություն է ունեցել:

«Երբ ինձ ասում են՝ ռեժիսոր եմ, որ կինո է նկարահանում, ես պատասխանում եմ՝ ո՛չ, ես դերասան եմ, որ կինո է նկարահանում»,-եզրափակում է Տիգրան Նալչաջյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am