Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Սևրուգյանի արվեստն իրոք բացառիկ է իր ժանրում և բնութագրվում է որպես պոետիկ գեղանկարչություն․ Մատենադարանում նշվեց իրանահայ նկարչի 130- ամյակը

Սևրուգյանի արվեստն իրոք բացառիկ է իր ժանրում և բնութագրվում է որպես 
պոետիկ գեղանկարչություն․ Մատենադարանում նշվեց իրանահայ նկարչի 130-
ամյակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանի գիտական մասնաշենքի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում կայացավ «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողովը՝ նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման խոսքում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ 2024 թվականի հունվարին առաջին անգամ պաշտոնական այցով Իրանում եղավ Մատենադարանի պատվիրակությունը՝ այցելելով կարևորագույն ձեռագրական կենտրոններ, հանդիպելով գրավոր ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման պատասխանատուների հետ։ Հայկական պատվիրակության անդամները մասնավորապես այցելեցին Թեհրանի ազգային գրադարան և արխիվ, Վոմ քաղաքի կրոնների և դավանանքների մասնագիտացված համալսարան, այաթոլլա Մարաշի Նաջաֆի անվան գրադարան, Թեհրանում գրավոր ժառանգության ուսումնասիրման և հրատարակման գիտահետազոտական կենտրոն, իրանագիտական հիմնադրամ։

«Այն, որ համագործակցությունը որակապես նոր հարթության վրա դնելու վճռականությունը փոխադարձ է, հաստատվում է մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո իրականացվող այս նախագծով, որը կրում է «Պատկերի պոեզիա» անվանումն ու նվիրված է իրանահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի ծննդյան 130-ամյակին։ Առաջիկայում նախատեսվում է Սևրուգյանին նվիրված առանձին ցուցադրություն, որը կիրականացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և մի քանի թանգարանների համագործակցությամբ»,- մանրամասնեց Խզմալյանը։

Նրա խոսքով՝ գիտաժողովն ապացուցում է, որ պատմական հիշողությունը լայն իմաստով գերազանցում է ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակները, քաղաքական իրողությունները, լիցքավորում է ներկան և երաշխավորում ազգերի համակեցության հեռանկարը։

«Պատմությունն ավելի իմաստուն է, քան ներկան, և, վերաիմաստավորելով մեր համատեղ անցյալը, մեծ դաշտ ենք բացում փոխադարձ ճանաչողության և ապագային միասնաբար ու ներդաշնակ նայելու հնարավորության համար։ Հայաստանն ու Իրանն ամուր են նախևառաջ պատմական այս հենքով, անցյալի ընդհանուր հարստությամբ։ Ասվածի վկայությունն է հսկայական մշակութային ժառանգությունը, որին փոխադարձաբար տիրապետում են մեր երկրները։ Մատենադարանի դերն այդ ժառանգության պահպանման և ուսումնասիրման գործում անգնահատելի է։ Պատահական չէ, որ Մատենադարանի հնագույն արխիվային վավերագիրը պարսկերեն է։ Բացառիկ գրավոր հուշարձաններ, իրանագիտական ամուր և կայացած դպրոց, որի արժանավոր շարունակողը Մատենադարանի արևելագիտության բաժնի նորանշանակ ղեկավար, պատմական գիտություններ դոկտոր, իրանագետ Քրիստինե Կոստիկյանն է։ Նա շարունակում է վաստակաշատ նախորդների՝ Հակոբ Փափազյանի և Բաբկեն Չուգասզյանի գործը»,- ասաց Խզմալյանը։

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն իր հերթին ողջույնի խոսքում նշեց, որ պատեհ առիթ է ընձեռվել՝ անդրադառնալու հայ-իրանական բազմադարյա, բարիդրացիական հարաբերություններին, որոնք ծավալուն ընթացք են ունեցել և շարունակում են ունենալ նաև արվեստի ու մշակույթի ասպարեզում։ Նա տեղեկացրեց, որ ԿԳՄՍ նախարարությունը ևս հանձնառու է համագործակցության քաղաքականությունը շարունակելու գործում։

«Սևրուգյանի արվեստն իսկապես բացառիկ է հենց իր ժանրում, որը կարող ենք ձևակերպել որպես պոետիկ գեղանկարչություն։ Դիտելով նրա գործերը՝ իրապես անհնար է չնկատել դրանց զգացմունքային և երևակայական արձագանքները սիմվոլիզմի ու փոխհարաբերության միջոցով։ Այդպես Սևրուգյանն ասես փոխանցում է իր հույզերն ու գաղափարները, և արտահայտիչ այս տեխնիկայի ակնդրումը զուգահեռներ է տանում նրա և Ուիլյամ Բլեյքի, Մարկ Շագալի, Օդիլոն Ռեդոնի կտավների միջև։ Հանրահայտ փաստ է, որ Սևրուգյանի գեղանկարները ազդեցություն ունեն Ֆիրդուսու, Խայամի, Հաֆեզի, Բաբաթահերի, Սայաթ Նովայի տեքստերից, ինչը նրա արվեստին բերել է բազմաշերտություն՝ խորհրդանշելով քրիստոնեական ու իսլամական արվեստների սինթեզը։ Մշակութային այս ընդգրկումը խոսում է նրա արվեստի համամարդկային էության մասին։ Բանաստեղծական ազդեցությունները տրամադրությամբ և մթնոլորտով հագեցած բնապատկերներից փոխանցվում են այլաբանությամբ և սիմվոլիզմով հարուստ կերպարային գործերի»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ ոգեշնչվելով գրականությունից, դիցաբանությունից, երազանքներից և անձնական փորձառությունից՝ Սևրուգյանն իր կտավներին ներարկել է իմաստի և զգացմունքի խորը տարրեր։ Նկարելով հույզերը, երևակայությունն ու ոգեղենությունը՝ Սևրուգյանն իր ուղերձները փոխանցելու համար դիմել է եթերային գույների, երազային պատկերների՝ ընդգծելով կարոտի, գեղեցկության և վեհության թեմաները, դիտողներին դիպչելով միաժամանակ զգացմունքային ու նաև ինտելեկտուալ մակարդակներում։  

«Սևրուգյանի արվեստն, ի վերջո, ոչ նյութական կամուրջ է շոշափելիի և անասելիի միջև։ Նա նաև մշակութային կամուրջ է հայ և իրանցի ժողովուրդների միջև։ Նրա գեղանկարչությունն արվեստագետի ու դիտողների հարաբերվելու արվեստ է, որի արդյունքում նկարիչը մեզ հրավիրում է աշխարհը տեսնելու իր աչքերով՝ կյանքի բարդությունների միջով գտնելու գեղեցկությունն ու ապրելու իմաստը»,- նշեց Մարտիրոսյանը։

Փոխնախարարը հավաստիացրեց, որ տվյալ միջոցառումը ևս մեկ անգամ կարևորում է երկու բարեկամ ու հարևան երկրների միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը և շարունակական խորացումն ու զարգացումը, ինչը Հայաստանի և Իրանի կառավարությունների օրակարգում է, քանի որ հիմնված է փոխադարձ շահերի ու հետաքրքրությունների վրա։      

Լուսանկարները` Հայկ Հարությունյանի

Իրանահայ նկարիչ Անդրե Սևրուգյանը կրել թ պարսկական մանրանկարչության ազդեցությունը, թեև ստեղծել է նաև հայկական պատմական թեմաներով նկարներ։ Անդամակցել «Հայ արվեստագետների միությանը»։ Ծննդավայրում շուրջ ինը տարի նկարազարդել է «Շահնամե»-ն, ստեղծել 416 նկար, որոնք ցուցադրվել են Ֆիրդուսու ծննդյան 1000-ամյակի տոնակատարության օրերին, ինչի համար նրան շնորհվել է «Արվեստի և գիտության» շքանշան։ Սևրուգյանի մյուս նշանավոր գործը Խայամիի քառյակների 140 նկարազարդումներն են։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հնդկաստանում, Գերմանիայում, Բելգիայում ն Մեծ Բրիտանիայում։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am