Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հնդիկ երիտասարդ Արջուն Կրիշնա Լալն ընթերցողների լայն շրջանակին ներկայացրեց «Կյանք, սեր, գինի» հայերեն գիրքը

Հնդիկ երիտասարդ Արջուն Կրիշնա Լալն ընթերցողների լայն շրջանակին 
ներկայացրեց «Կյանք, սեր, գինի» հայերեն գիրքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդիկ գործարար, ժամանակակից գրող, «Penguin Harper-Collins»-ի հեղինակ Արջուն Կրիշնա Լալն ավելի քան երկու տարի է հաստատվել է Հայաստանում: Նրա կյանքը լի է արկածներով, հետաքրքիր հանդիպումներով ու բացահայտումներով: Արջունին այնքան են ոգևորել իր շուրջ կատարվող իրադարձությունները, որ այդ ամենի մասին խոսել է գրքով՝ այն անվանելով «Կյանք, սեր, գինի»:

431550040_744149577830591_2489037780677902258_n.jpg (443 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակը գիրքն ընթերցողների լայն շրջանակին ներկայացրեց մարտի 22-ին «Զանգակ» գրատանը կազմակերպված հանդիպմանը:

Նա խոստովանում է՝ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը, քանի որ հայերը շատ հյուրասեր են և սրտաբաց, բացի այդ Արջունը հայերեն է սովորել և հաղորդակցման խնդիր չունի:

«Շատ եմ ճամփորդում. մոտ տասնհինգ երկրում եմ եղել և եկել եմ այն  եզրակացության, որ, եթե ցանկանում ես մտերմանալ մարդկանց հետ, եթե ցանկանում ես ընկերներ ունենալ, պետք է տվյալ մարդու լեզուն սովորես: Տարիներ առաջ ռուսերեն եմ սովորել: Կարող էի Հայաստանում ռուսերեն կամ անգլերեն խոսել, բայց կարծեցի՝ այդպես կհեռանամ մարդկանցից»,-ասում է նա:

434012732_744151007830448_7453118154097852949_n.jpg (637 KB)

Արջունը գիրքը գրել է անգլերեն, այն հայերեն է թարգմանել Ռոզա Գրիգորյանը, գիրքը խմբագրել է հեղինակի հայերենի ուսուցիչը՝ Արմինե Պետրոսյանը:

«Երբ ծանոթացա Արջունի հետ, նա ապրում էր Հնդկաստանում: Նա այն հազվագյուտ ուսանողներից էր, որ իսկապես շահագրգռված էր հայերեն սովորելուն երկար ժամանակ տրամադրել: Շատ ընդունակ է և կարողացավ մի քանի ամսում տարրական գիտելիքներ ձեռք բերել: Արջունն ուներ այն հիմքը, որի շնորհիվ կարողացավ լուծել իր լեզվական առաջադրանքը»,-պատմում է Պետրոսյանն ու մեջբերում Արջունի խոսքերը, որոնք տեղ են գտել գրքում. «Հայերենը գողի պես սողոսկեց մտքերիս մեջ, ոչ անցանկալի գողի պես: Այս լեզուն ինձ առաջ է մղում օրվա ընթացքում և  բալանսավորված է պահում իմ կյանքը և գիշերը հայտնվում է իմ երազներում»:

Տարիներ առաջ Արջուն Կրիշնա Լալը Հնդկաստանում իր բիզնեսն է սկսել: Հենց այդ ժամանակ էլ համավարակն է թափ առել: Շուրջ կես տարի ստիպված է եղել ծնողների հետ փակվել տանը: «Մի քիչ խենթանում էի այդ իրավիճակից և շատ էի ցանկանում բոլորովին նոր տեղում հայտնվել: Փոքր ժամանակ ԱՄՆ-ում եմ ապրել, հետո՝ տասը տարի Հնդկաստանում, ուստի ուզում էի բոլորովին անծանոթ երկիր մեկնել: Առցանց կարդում էի տարբեր քաղաքների մասին և հանդիպեցի Երևանին: Շատ գեղեցիկ լուսանկարներ էին. Արարատ լեռն էր… Որոշեցի հենց այստեղ գալ»,-պատմում է հեղինակը:

431514740_744149661163916_1724546695554535738_n.jpg (610 KB)

Նա կարծում է՝ մարդիկ միշտ արժևորում են այն ամենն, ինչը չունեն: «Հայաստանում շատերը սիրում են տրոպիկական երկրներ գնալ: Խմբային տուրերով մեկնում են Շրի Լանկա և այլուր: Ձգտում են ծովափ գնալ, լողալ: Ես մի քիչ ձանձրանում եմ օվկիանոսից: Մեր տանից այն երևում էր: Այլ բան էի ուզում: Այստեղի ձյունը, ցուրտ եղանակն ինձ դուր է գալիս: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եղել եմ: Եղել եմ շատ գյուղերում, որտեղ ընկերներ ունեմ, նրանց հետ տնական օղի եմ փորձել: Հայաստանը միայն Երևանը չէ: Սիրում եմ տաքսիով կամ երթուղայինով տարբեր տեղեր մեկնել, մի քանի օր անցկացնել մարզերում ու բացահայտումներ անել»,-ասում է Կրիշնա Լալը:

433257492_744149557830593_5220616742965291217_n.jpg (460 KB)

Նա սիրում է Կասկադի ամենավերևի հատվածում երկար ժամանակ անցկացնել երեկոյան: Հենց այնտեղ է գրել գրքում ներառված պատմությունների մեծ մասը:

Արջունը վստահ է՝ իր երազանքներն իրականանում են: Իր ամենախենթ նպատակն է ՀՀ քաղաքացիություն ստանալ, հետագայում դառնալ Հայաստանի դեսպանը Հնդկաստանում: 

431545511_744150541163828_2140929337598330394_n.jpg (414 KB)

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները տրամադրել է «Զանգակ» գրատունը

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am