Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Չինաստանի Հայնան նահանգը պատրաստվում է ամենամյա Բոաո ասիական ֆորումին

Չինաստանի Հայնան նահանգը պատրաստվում է ամենամյա Բոաո ասիական 
ֆորումին

ԲՈԱՈ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի հարավային Հայնան նահանգի կուրորտային Բոաո քաղաքում մարտի 26-29-ը տեղի կունենա ամենամյա Բոաո ասիական ֆորումը (The Boao Forum for Asia (BFA)):

Այս տարվա ֆորումը կանցկացվի «Ասիան և աշխարհը․ ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր պատասխանատվություն» խորագրի ներքո։  Բոաո ասիական ֆորումի շրջանակում նախատեսվում են պանելային և կլոր-սեղան քննարկումներ, ղեկավար անձանց մասնակցությամբ երկխոսություններ, որոնց ընթացքում անդրադարձ կկատարվի տարբեր թեմաների, այդ թվում՝ ներդրումային էկոհամակարգին, խորացող ֆինանսական համագործակցությանը, արդյունաբերական և մատակարարման շղթայի համագործակցության խթանմանը։ Բանախոսները, ի թիվս այլ թեմաների, կքննարկեն նաև համաշխարհային տնտեսական հեռանկարները։ Բոաո ասիական ֆորումի պաշտոնական կայքի համաձայն՝ օրակարգում են լինելու նաև քննարկումներ արհեստական բանականության, նոր էներգետիկ տրանսպորտային միջոցների ապագայի, «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում բարձրորակ համագործակցության վերաբերյալ:

Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաո Լեջին մարտի 28-ին կմասնակցի համաժողովի բացման լիագումար նիստին։

Ֆորումին ակնկալվում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Նաուրուի նախագահ Դևիդ Ադանգի, Շրի Լանկայի վարչապետ Դինեշ Գունավարդենի, Դոմինիկայի վարչապետ Ռուզվելտ Սկերիտի, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր տնօրեն Դարեն Թանգի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) գլխավոր քարտուղար Մաթիաս Կորմանի մասնակցությունը։

Ավելի վաղ Բոաո ասիական ֆորումի գլխավոր քարտուղար Լի Բաոդոնգը, խոսելով այս տարվա նստաշրջանի մասին, նշել էր, որ միջազգային հանրության գերիշխող և համընդհանուր ցանկությունն է խաղաղության և համագործակցության խթանումը, ինչպես նաև զարգացման ձգտումը։ Լին ընդգծել էր, որ ողջ աշխարհի երկրները պետք է հավաքական կերպով անդրադառնան տարբեր համաշխարհային մարտահրավերների և միասին կրեն խաղաղության և բարեկեցության խթանման պատասխանատվությունը։ «Միայն համատեղ պատասխանատվության և իրական համագործակցության միջոցով միջազգային հանրությունը կկարողանա ուղղորդել աշխարհը դեպի շարունակական խաղաղություն և բարգավաճում»,- նշել էր նա։

Բոաո ասիական ֆորումը, որի կենտրոնակայանը Չինաստանում է, միջազգային կազմակերպություն է, որը համատեղ նախաձեռնել են 29 անդամ երկրներ։ Ֆորումը կանոնավոր կերպով իրականացնում է ամենամյա համաժողովներ Հայնան նահանգի Բոաո քաղաքում։ Ֆորումի հիմնադրման նպատակն է նպաստել Ասիայի տնտեսական ինտեգրմանը։

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ֆորումի նախագահն է:

Սույն հոդվածը պատրաստվել է Չինաստանի Մամուլի հաղորդակցության միջազգային կենտրոնի (CIPCC) 2024 թվականի լրագրողական փոխանակման ծրագրի շրջանակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am