Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային 
անվտանգությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 25-ին հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների միջև երկարամյա բարեկամական կապերի վրա։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հարավային Ամերիկայում Արգենտինայի դերը որպես ՀՀ կարևոր գործընկեր՝ նշելով, որ դրա պարզ վկայությունն են նաև բարձրաստիճան փոխայցելությունները։

Հանդիպման ընթացքում երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել ուսումնասիրել նոր հնարավորությունները և խորացնել փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթական, էներգետիկ ոլորտներում։ Գոհունակությամբ նշվել է, որ երկու երկրների միջև ձևավորվել է լայն իրավապայմանագրային բազա՝ միաժամանակ ընդգծելով փոխգործակցության ընդլայնմանը համահունչ այն նոր ուղղություններով համալրելու պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև փոխգործակցության հարցերի:

Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում ընդգծվել է նաև ներդրումային ծրագրերի հետագա խրախուսման կարևորությունը։

Երկու երկրների միջև համագործակցության զարգացման համատեքստում նախարարներ Արարատ Միրզոյանը և Դիանա Մոնդինյոն անդրադարձել են նաև Արգենտինայում հայ համայնքի՝ որպես յուրատեսակ կամրջի դերին։

Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ընթացող բանակցությունները։ Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, և ընդհանուր առմամբ մինչ օրս բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը։

Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ մատնանշելով դրա միջոցով ընձեռվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները, տարածաշրջանում կայունությանը նպաստելու ներուժը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am