Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Համատեղ ջանքերով կառուցել մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնք՝ նպաստելով Չինաստան-Հայաստան հարաբերությունների նոր զարգացմանը

Համատեղ ջանքերով կառուցել մարդկության համար ընդհանուր ապագա 
ունեցող 
համայնք՝ նպաստելով Չինաստան-Հայաստան հարաբերությունների նոր 
զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր լրանում է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձը։ 1992 թվականի ապրիլի 6-ին երկու երկրները պաշտոնապես հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ՝ բացելով բարեկամական փոխանակումների նոր էջ։ 32 տարի շարունակաբար զարգացել են Չինաստան-Հայաստան հարաբերությունները՝ հասնելով առողջ և կայուն առաջընթացի։ Փոխշահավետ համագործակցության արդյունքում նորանոր ձեռքբերումներ են արձանագրվել՝ ձևավորելով փոխգործակցության ճիշտ ուղիներ` հիմնված հավասարության, փոխադարձ օգնության և փոխշահավետության սկզբունքների վրա թե՛ մեծ, թե՛ փոքր երկրների համար:

Երկու երկրների միջև քաղաքական փոխվստահությունը շարունակում է խորանալ։ Հայաստանը տարածաշրջանում Չինաստանի լավ բարեկամն ու գործընկերն է, երկու կողմերը հարգանքով ու փոխըմբռնմամբ են մոտենում միմյանց՝ աջակցելով իրենց հիմնական շահերին առնչվող հարցերում և սերտորեն համագործակցելով միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Անցած տարվանից երկու երկրների միջև ակտիվացել են բարձր մակարդակի փոխանակումները և երկխոսությունը բոլոր մակարդակներում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդիպում ունեցավ ՉԺՀ Պետական խորհրդի փոխվարչապետ Ճան Գուոցինի հետ միջուկային էներգետիկայի առաջին գագաթնաժողովի ժամանակ։ ՀՀ պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի նախարարներն այցելել են Չինաստան, իսկ Չինաստանի պատվիրակությունները, այդ թվում՝ Քաղաքացիական գործերի նախարարության, Շանհայի  բարիդրացիության, բարեկամության և համագործակցության հարցերի համագործակցության կազմակերպման կոմիտեի, Չինաստանի գիտությունների ակադեմիայի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությունները, այցելել են Հայաստան: Հաջողությամբ անցկացվեցին Չինաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները և առևտրատնտեսական համագործակցության չին-հայկական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։

2.jpg (1.10 MB)

Երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը կայուն է և երկարաժամկետ։ Չինաստանը տարիներ շարունակ հանդիսացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը՝  թե արտահանման, թե ներմուծման շուկաներում։ 2023 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 2,127 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 21,3 տոկոսով։ Հայաստանում հաջողությամբ իրականացվում է Չինաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցման շրջանակներում երկու կողմերի միջև համագործակցության առանցքային ծրագրերը հաջողությամբ առաջ են ընթանում։ Նախորդ տարի Հայաստանն ակտիվորեն մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության երրորդ ֆորումին և Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսին (CIIE)՝ հաստատելով ոչ միայն նոր կապեր, այլ նաև նոր համաձայնություններ ձեռք բերելով չինացի գործընկերների հետ՝  այսպիսով բացելով նոր հեռանկարներ երկու երկրների միջև գործնական համագործակցության ոլորտում։

Երկուստեք իրականացվել է վիզայի ազատ ռեժիմի փոխադարձ քաղաքականությունը, որի արդյունքում անցյալ տարի Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվը հասել է գրեթե 20000-ի։ Երկու երկրների կառավարություններն ակտիվորեն նպաստում են ուղիղ ավիաչվերթների հաստատմանը, ինչը կնպաստի երկու կողմերի միջև կադրերի փոխանակման դյուրացմանը:

Երկու երկրների ավանդական բարեկամությունը շարունակում է ամուր մնալ։ Չինաստանն ու Հայաստանը երկար պատմություն ունեցող հին քաղաքակրթություններ են՝ ավանդական բարեկամության խոր արմատներով։ Ավելի քան երկու հազար տարի առաջ աշխատասեր և իմաստուն հայ վաճառականները՝ անցնելով հին Մետաքսի ճանապարհով, քաղաքակրթական փոխանակման կամուրջներ կառուցեցին Արևելքի և Արևմուտքի միջև: Ներկայում հումանիտար փոխանակումը շարունակում է մնալ երկու երկրների համագործակցության ամենավառ և արդիական ասպեկտներից մեկը։ Հայաստանում չինարեն լեզվի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել, և ավելի ու ավելի շատ հայ երիտասարդներ մեկնում են Չինաստան ուսման կամ աշխատանքի նպատակով: Երկու կողմերն իրականացնում են տարբեր համատեղ մշակութային միջոցառումներ՝ նպաստելով ժողովուրդների միջև փոխըմբռնման ու բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցությունը շարունակում է խորանալ՝ Շանսի նահանգը և Լոռու մարզը, ինչպես նաև Ցինտաո և Երևան, Սիան և Գյումրի, Ծյաոնան և Աբովյան քաղաքները հռչակվել են քույր քաղաքներ, ստորագրվել են բազմաթիվ համաձայնագրեր բարեկամական փոխանակման և համագործակցության վերաբերյալ:

3.jpg (1.78 MB)

2024 թվականին լրանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակը։ Վերոնշյալ տարին առանցքային է նաև չինական առանձնահատկություններով արդիականացման համապարփակ խթանման համար: Նախագահ Սի Ծինփինն Արտաքին հարցերի կենտրոնական աշխատանքային համաժողովում հստակորեն մատնանշել է Մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցումը՝ որպես նոր դարաշրջանում չինական առանձնահատկություններով մեծ երկրի դիվանագիտության վեհ նպատակ, ինչպես նաև կոչ է արել ստեղծել հավասար ու կանոնավոր բազմաբևեռ աշխարհ, և համընդհանուր ու ներառական տնտեսական գլոբալիզացիա: Նա նաև նշել է, որ Չինաստանի արտաքին քաղաքականությունն իրեն բնորոշ ազգային առանձնահատկություններով թևակոխում է նոր փուլ, որտեղ կբացվեն  ավելի արդյունավետ գործելու հնարավորություններ։ Որպես հին քաղաքակրթություններ՝ և՛ Հայաստանը, և՛ Չինաստանը հավատարիմ են խաղաղության, թափանցիկության, ներառականության և զարգացման գաղափարներին, որոնք երկու երկրների միջև հիմք են հանդիսանում փոխըմբռնման, համագործակցության և փորձի փոխանակման համար: Նոր սկզբնակետում Չինաստանը և Հայաստանը պետք է հավատարիմ մնան իրենց լավագույն ավանդույթներին, իսկ երկկողմ հարաբերությունների նոր զարգացումը խթանելու նպատակով ամրապնդեն համագործակցության հետևյալ երեք ասպեկտները՝

Պետք է ձգտենք ընդհանուր բարգավաճման։        

Հանդիսանալով աշխարհի ամենամեծ զարգացող երկիրը և լինելով «Գլոբալ հարավ»-ի անդամ՝ Չինաստանը հավատարիմ է մնում սեփական զարգացմամբ աշխարհի զարգացման սկզբունքին և կերտում է չինական առանձնահատկություններով արդիականացման իր սեփական ուղին: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և Գլոբալ զարգացման նախաձեռնությունների համատեղ կառուցումը Չինաստանի կողմից միջազգային հանրությանը տրամադրվող հանրային բարիքներից է, որը նպաստում է փոխշահավետ երկխոսությանն ու ընդհանուր զարգացմանը՝ խթանելով միջազգային համագործակցությունը: Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ համատեղ իրականացնել գլոբալ զարգացման նախաձեռնություն՝ առաջնորդվելով նախագահ Սի Ծինփինի կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ նախաձեռնության բարձրորակ կառուցմանն աջակցող ութ քայլերով՝ ակտիվորեն զարգացնել նոր արտադրողական ուժեր, խթանել տեխնոլոգիական նորարարությունն ու արդյունաբերության արդիականացումը,  նպաստել համագործակցության խորացմանը թվային տնտեսության, արհեստական բանականության, մաքուր և թարմացվող էներգիայի աղբյուրների, նոր էներգետիկ տեխնոլոգիաների և նոր էլեկտրոմոբիլների ոլորտներում: Վերոնշյալ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև էլ ավելի մեծ ձեռքբերմանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում:

Պետք է նպաստենք խաղաղությանն ու անվտանգությանը։

Այս տարի լրանում է խաղաղ համակեցության հինգ սկզբունքների առաջարկի 70-ամյակը, որը, հանդիսանալով միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից, մնում է կայուն և անսասան: Ելնելով այս սկզբունքներից՝ նախագահ Սի Ծինփինն առաջ քաշեց Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը, որը հանդիսանալով չինական լուծում՝ կապահովի աշխարհում երկարաժամկետ խաղաղություն ու ընդհանուր անվտանգություն։ Չինաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ խթանելու Գլոբալ անվտանգության նախաձեռնության իրականացումը, հավատարիմ մնալու անվտանգության ընդհանուր, համապարփակ, միասնական և կայուն հայեցակարգին, հարգելու բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, նպաստելու ՄԱԿ-ի կանոնադրության ոգուն, հաշվի առնելու յուրաքանչյուր երկրի անվտանգության հիմնարար մտահոգությունները և նպաստելու միջազգային վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը երկխոսության և բանակցությունների միջոցով՝ այսպիսով ունենալով իր էլ ավելի մեծ ներդրումը միջազգային և տարածաշրջանային խնդիրների լուծման գործում:

Պետք է ուժեղացնենք քաղաքակրթությունների միջև փոխադարձ ուսուցումը։

Ի շնորհիվ աշխարհի բոլոր երկրների համատեղ ջանքերի հնարավոր կլինի հասնել ներդաշնակության ու բարգավաճման, ինչն էլ հանդիսանում է հենց չինական մշակույթի ուսմունքը՝ ներդաշնակություն բազմազանության մեջ: Սա է մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնք ստեղծելու մշակութային հիմքը: Նախագահ Սի Ծինփինը մեկնարկել է Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունը՝ կոչ անելով հարգել մշակութային ժառանգությունն ու նորարարությունը, հարգել համաշխարհային մշակույթների բազմազանությունը, խթանել ողջ մարդկության ընդհանուր արժեքները, ինչպես նաև ամրապնդել միջազգային մարդասիրական փոխանակումն ու համագործակցությունը: Ե՛վ  Չինաստանը,  և՛ Հայաստանը ունեն հարուստ պատմություն ու մշակութային ժառանգություն, ինչն էլ ամուր հիմքեր է ստեղծում փոխադարձ փոխանակման ու ուսուցման համար: Երկու կողմերը պետք է շարունակեն ամրապնդել համագործակցությունը կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տարածաշրջանային համագործակցության և այլ ոլորտներում՝ խթանելով ժողովուրդների միջև հաղորդակցությունն ու ամրապնդելով երկու երկրների միջև ավանդական բարեկամության հասարակական և սոցիալական հիմքերը։

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յուն 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am