Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Արևելյան երաժշտության վառ գունապնակը՝ օպերային թատրոնում. Երևանում համերգով կնշվի Սիրիայի անկախության օրը

Արևելյան երաժշտության վառ գունապնակը՝ օպերային թատրոնում. Երևանում 
համերգով կնշվի Սիրիայի անկախության օրը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի անկախության 78-րդ տարեդարձն ապրիլի 17-ին հագեցած համերգային ծրագրով կնշվի Երևանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Սիրիացի և սիրիահայ հեղինակների ինքնատիպ ստեղծագործությունները, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել երկրի երաժշտական ավանդույթների, դրանց զարգացման մասին, կհնչեն օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Նվագախումբը կղեկավարի սիրիահայ դիրիժոր Միսակ Բաղբուդարյանը, որպես մենակատար հանդես կգա ուդահար Ադնան Ֆաթալլահը:

«Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը ներկա են եղել համերգի փորձին, դիրիժորի և մենակատարի հետ զրուցել կայանալիք երեկոյի, Սիրիայի անկախության մասին:

Միսակ Բաղբուդարյանը 2003 թվականից Սիրիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի  ղեկավարն է, իսկ 2024-ից՝ Սիրիայի Ասադի անվան մշակույթի և արվեստի տան գլխավոր հաստատության (օպերայի) տնօրենը:

Առաջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել 2021 թվականին Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Նա շատ է կարևորում օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը, որը կայացել է Հայաստանում Սիրիայի դեսպանատան և օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի նախաձեռնությամբ:

Բաղբուդարյանի խոսքով՝ համերգային երեկոյին հնչելու են սիրիացի հայտնի հեղինակների, ինչպես նաև հին ու նոր դպրոցի սիրիահայ կոմպոզիտորների գործեր, որոնցից են Հովհաննես Վարդանյանն ու Շիրազ Այարյանը:

միսակ.JPG (551 KB)

Միսակ Բաղբուդարյանը կարծում է՝ երաժշտությունը մեծ դեր կարող է խաղալ ժողովուրդների բարեկամության, միասնականության գործում: Այն կարող է բուժել անգամ ամենաանհավանական իրավիճակներում:

«Երբ 2011 թվականին սկսվեց պատերազմը, առաջին մի քանի ամսվա ընթացքում անորոշ վիճակ էր, չգիտեինք շարունակե՞լ աշխատել, թե՞ ոչ, սակայն մեզ աջակցում էր ժողովուրդը, հանդիսատեսը, որը միշտ հարցնում էր, թե ինչո՞ւ համերգներ չենք  կազմակերպում: Սկսեցինք համերգներ նախաձեռնել, և դահլիճները լեփ-լեցուն էին, անգամ ամենածանր պայմաններում, երբ Դամասկոսը հրթիռակոծվում էր, մարդիկ սրահում էին: Դա մեզ աշխատելու ուժ էր տալիս, հասկանում էինք, թե որքան կարևոր են մշակույթն ու երաժշտությունը պատերազմի ժամանակ: Երաժշտության միջոցով կարողանում էինք մեր ինքնությունը պահել, համախմբված լինել»,-նշում է նա և հավելում՝ աշխատելն իրենց պարտականությունն է. ինչպես բժիշկներն են հիվանդներին օգնում, այնպես էլ իրենք են հոգեպես բուժում հանդիսատեսին:

230259.jpg (750 KB)

Հայաստանն ու Սիրիան դարավոր բարեկամական կապեր ունեն, սակայն լավ չեն ճանաչում իրար: Ըստ դիրիժորի՝ հայերն ու սիրիացիները պետք է ավելին իմանան միմյանց մասին՝ ավելի լավ բարեկամներ դառնալու համար, և կայանալիք համերգը կարող է նպաստել դրան:

«Մենք շատ ընդհանրություններ ունենք, սակայն չգիտենք, որ նույն կերպ ենք մտածում, կամ նույն կերպ ենք նվագում: Խոսում էինք ուդի, քանոնի խազերի մասին, որոնք ընդհանրություններ ունեն: Նման համերգներն ամրապնդում են այդ հարաբերությունները, թույլ տալիս ավելի լավ հասկանալ իրար ու փաստել, որ նման ենք ոչ միայն արտաքինով, այլև մշակույթով»,-շեշտում է Միսակ Բաղբուդարյանը:

Երաժշտական երեկոն առավել հարստանում է ուդի գեղեցիկ ելևէջների ներքո, որոնք հանդիսատեսին են փոխանցում արևելքի ոգին ու տրամադրությունը:

Ուդահար Ադնան Ֆաթալլահը Սիրիայի ազգային արաբական երաժշտության խմբի ղեկավարն է, կոնսերվատորիայի ռեկտորը: Նա պատմում է՝ ուդն արևելյան երաժշտական գործիք է, սակայն երաժշտագետները դժվարանում են ասել, թե որտեղից է այն ծագել, քանի որ շատ հին է, նույնիսկ եգիպտական բուրգերի վրա կարելի է հանդիպել այդ գործիքի պատկերներին:

ֆաթալահ.JPG (891 KB)

«Տարիների ընթացքում գործիքը զարգացել է թե՛ արտաքին տեսքի, թե՛ պատրաստման նյութի առումով: Սիրիայում այն շատ պահանջված է: Դամասկոսում ուդի մասնավոր դպրոց կա, իսկ նախորդ տարի ուդը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոգևոր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Փորձում ենք Սիրիայում մեծացնել գործիքի նկատմամբ հետաքրքրությունը, նպաստել դրա զարգացմանը»,-շեշտում է Ֆաթալլահն ու հավելում՝ այն այնքան գեղեցիկ հնչողություն ունի, որ հաճախ նվագում է առանց նվագակցության՝ սոլո տարբերակով:

Ադնան Ֆաթալլահը, որը կատարելու է իր հեղինակած ստեղծագործությունները, հավաստիացնում է՝ անգամ այն մարդիկ, որոնք քաջածանոթ չեն սիրիական երաժշտությանը, համերգին գալով՝ բավականին լավ պատկերացում կկազմեն դրա մասին:

Անդրադառնալով սիրիահայերին՝ երաժիշտն ասում է, որ նրանք Սիրիայի կարևոր մասն են, շատ հոգեհարազատ են իրեն, ուստի Երևանում ելույթ ունենալը նրա համար շատ հետաքրքիր է: Հույս ունի ամեն տարի այցելել Հայաստան, հանդես գալ տեղի երաժշտասերների առաջ:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am