Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Կոտայքի մարզում ճանապարհաշինության տեմպերն անցած տարի աննախադեպ են եղել

Կոտայքի մարզում ճանապարհաշինության տեմպերն անցած տարի աննախադեպ 
են եղել

ԵՐԵՎԱՆ, 19  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզում պետական ծրագրով անցած տարի աննախադեպ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել։

Այս մասին «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը՝ մանրամասնելով, որ միայն պետական միջոցներով 2023 թվականին մարզում իրականացվել է և ընթացքի մեջ են միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ: Արդյունքում՝ 117 կիլոմետր հիմնանորգված ճանապարհ, ինչն այս տարիների ընթացքում աննախադեպ էր, իսկ ընթացիկ տարում նախատեսված ճանապարհաշինությունը 90 կիլոմետրի է հասնում, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։

OLD06468.JPG (690 KB)

«Իհարկե, մեր ճանապարհներն այնպիսի վիճակում են, որ նույնիսկ այս տեմպերով աշխատանքների չափն ու քանակը, կարծես թե, չի բավարարում ազգաբնակչությանը, բայց հավատացնում եմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի կոնկրետ ճանապարհներն ավելի լավ վիճակի բերվեն»,-հավաստիացրեց մարզպետը։

OLD06530.JPG (1.60 MB)

Անդրադառնալով Կոտայքի մարզում սուբվենցիոն և ամբողջությամբ կառավարության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներով իրականացվող այլ ծրագրերի ցուցանիշներին՝ մարզպետը տեղեկացրեց, որ սուբվենցիոն ծրագրերը 2022 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել են։

Մարզում 2023 թվականին մոտ 11 միլիարդ դրամի չափով ծրագիր է իրականացվել , որոնց մեծ մասի աշխատանքներն արդեն ավարտվել են և շահագործման հանձնվել, իսկ մեծածավալ ծրագրերի մի փոքր մասը տեղափոխվել է 2024 թվական։

OLD06508.JPG (1.18 MB)

Դրանց թվում են նաև մանկապարտեզների, Արզնի համայնքում ոռոգման ցանցի կառուցումը, որի արժեքը կազմում է 500 միլիոն դրամ։

Սահակյանը նշեց, որ իրականացվող բոլոր ծրագրերն էլ կենսական նշանակություն ունեն մարզի համար։ Այդ շրջանակներում մեծ ուշադրություն է դարձվում խմելու ջրի համակարգերին և ընդհանրապես բոլոր ենթակառուցվածքների զարգացմանը։

OLD06444.JPG (497 KB)

«2018 թվականից մինչ օրս Կոտայքի մարզում ծախսվել է շուրջ 63 միլիարդ դրամի չափով գումար, որն ուղղված է եղել կենսական նշանակություն ունեցող ծրագրերին՝ ավտոճանապարհներ, լուսավորության գծեր, գազաֆիկացում։ Բացի այդ՝ շուրջ 20 մանկապարտեզ է կառուցվել և վերակառուցվել»,-ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ եղել են համայնքներ, մասնավորապես՝ Արամուսը և Բալահովիտը, որոնք տարիներ շարունակ մանկապարտեզ չունեին։

Ընդհանուր առմամբ 63 միլիարդ դրամից 40 միլիարդի չափով ծրագրերն իրականացվել են կառավարություն և համայնք համաֆինանսավորմամբ, իսկ մնացածն՝ ամբողջությամբ պետական միջոցներով։

Մարզպետի տեղեկատվությամբ՝ այս տարի Կոտայքի բոլոր համայնքները միասին շուրջ 16 մլրդ դրամի չափով սուբվենցիոն ծրագրերի հայտեր են ներկայացրել, որոնք այժմ քննարկման և հաստատման փուլում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։

Ծրագրերն ուղղված են ճանապարհների բարելավմանը, ոռոգման և խմելու ջրի ցանցերի, մանկապարտեզների, արվեստի դպրոցների կառուցմանը։

OLD06517.JPG (1.71 MB)

Կարևորելով հատկապես դպրոցաշինությունն ու մանկապարտեզների կառուցման վերակառուցման ծրագրերը՝ Սահակյանը հայտնեց, որ կառավարության ֆինանսավորմամբ Հրազդան և Աբովյան քաղաքներում ներկայում 2 դպրոցի շինարարություն է ընթանում, որոնց շինարարության ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Եվս 2 դպրոց՝ Հրազդանի Ջրառատ ու Աբովյանի Կաթնաղբյուր գյուղերում, արդեն հանձնվել են շահագործման։ Այս տարի Կոտայքի գյուղական համայնքներում նախատեսվում է մեկնարկել 16 դպրոցի շինարարություն, ինչպես նաև 5 մանկապարտեզի կառուցման և վերակառուցման հայտեր են ներկայացվել։ Բյուրեղավան համայնքում էլ կառավարության ֆինանսավորմամբ կմեկնարկեն մանկապարտեզի կառուցման աշխատանքները։

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների վերահսկողության հետ կապված խնդիրներին՝ Կոտայքի մարզպետն այն պայմանավորեց հանրապետությունում տեխհսկողության ինստիտուտի կայացած չլինելով։

«Մեր ունեցած ռեսուրսներով փորձում ենք այդ վերահսկողությունն իրականացնել, բայց, ցավոք, մեր ռեսուրսները բավարար չեն իրականացվող 11 միլիարդ դրամի շինարարությունը վերահսկելու համար, ինչը գրեթե անհնար է, որովհետև մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունը սահմանափակ թվով աշխատակիցներ և տեխնիկական միջոցներ ունի, որպեսզի այդ ահռելի շինարարությունը կարողանա պատշաճ վերահսկել։ Կարծում եմ, որ պիտի մտածենք, թե տեխնիկական հսկողություն իրականացնող ինստիտուտն ինչպես կարող ենք  կայացնել, որպեսզի ցանկացած շինհրապարակ վերահսկվի հենց տեխհսկողություն իրականացնող մարմնի կողմից և վստահությունը թե՛ պետության, թե՛ հասարակության կողմից այդ ինստիտուտի նկատմամբ ավելի աճի»,-համոզմունք հայտնեց Սահակյանը։

OLD06490.JPG (483 KB)

Ըստ նրա՝ ի հայտ եկած խնդիրները վերաբերում են շինարարության որակին ու ժամկետներին, ինչը նաև պայմանավորված է նրանով, որ շինարարները պատրաստ չեն նման ծավալի աշխատանքներին։

«Օրինակ 2019 թվականին իրականացրել ենք 269 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր, այսօր արդեն 11 միլիարդից ենք խոսում, իսկ 2024 թվականի համար 16 միլիարդ է։ Բնականաբար մեր շինարարական ընկերություններն էլ պետք է աշխատանքներ տանեն իրենց տեխնիկական վերազինման ու պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու  ուղղությամբ»,-ընդհանրացրեց Կոտայքի մարզպետը։

OLD06521.JPG (1.85 MB)

Հեղինակ՝ Վան Նովիկով

Լուսանկարիչ՝ Հայկ Հարությունյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am