Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելն Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրում է. «Գեղարդ» հիմնադրամ

Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական 
մայրաքաղաք հռչակելն Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրում է. 
«Գեղարդ» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելն Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրման հերթական փորձն  է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել  «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

«Ադրբեջանի կողմից  օկուպացված Շուշին` որպես 2024 թ. Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելը Շուշիի` հայկական ինքնության կեղծման և Բաքվի կրոնական երկերեսանի քաղաքականության հերթական դրսևորումն է:

Ադրբեջանցիները հայտարարել են,  թե իրենց հիմնական նպատակներից է միավորել աշխարհի երիտասարդությանը և հնարավորություն տալ տարբեր երկրների երիտասարդներին ծանոթանալ Շուշիի պատմությանն ու մշակույթին:

Նմանատիպ միջոցառումների միջոցով Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել Արցախի զավթումն ու արցախահայության էթնիկ զտումները։  Շուշիում հայկական քրիստոնեական հետքը ոչնչացնելով` Բաքուն փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել Շուշին` որպես ադրբեջանական քաղաք: Զավեշտալի է, որ Ադրբեջանը Շուշին հռչակել է Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք այն պարագայում, երբ Ադրբեջանում պետական մակարդակով բռնաճնշումների են ենթարկվում ադրբեջանցի մուսուլմանները։

Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ միշտ  ոտնահարվել են մուսուլմանների և կրոնական փոքրամասնությունների  իրավունքները: Այդ երկրում  բանտարկված են հարյուրավոր հավատացյալներ:

Իսլամական երկիր համարվող Ադրբեջանում հաճախակի են փակվել մզկիթներ կամ, առհասարակ, մատնվել  անուշադրության: Արգելված է  բարձրախոսով ազան հնչեցնելը, կրոնական բովանդակությամբ պաստառներ փակցնելը, դպրոցներում հիջաբ կրելը: Սահմանափակված է նաև հոգևորականների` կրթություն ստանալու իրավունքը: Բացի այդ` Իսլամական համագործակցության կառույցի անդամ Ադրբեջանը Գազայի դեմ ռազմական գործողություններում բացահայտ  աջակցում է Իսրայելին»,- ասված է հայտարարության մեջ:

Հիմնադրամի հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելն Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրման, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և Շուշին ադրբեջանականացնելու հերթական փորձն  է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am