Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հռոմի պապի ինքնաթիռն ուղղություն վերցրեց դեպի Վատիկան. ավարտվեց ուխտագնացությունը Բիբլիական երկիր

 Հռոմի պապի ինքնաթիռն ուղղություն վերցրեց դեպի Վատիկան. ավարտվեց 
ուխտագնացությունը Բիբլիական երկիր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտեց առաջին քրիստոնյա երկիր իր ուխտագնացությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` եռօրյա այցն ամփոփվեց «Զվարթնոց» օդանավակայանում, ուր նրան ճանապարհելու էին եկել ՀՀ Նախագահը, առաջին տիկինը, Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների այլ ներկայացուցիչներ: Տեղի ունեցավ պատվիրակությունների հետ հրաժեշտի արարողություն:

ՀՀ Նախագահը ձեռքսեղմումով հրաժեշտ տվեց Հռոմի պապին Հայաստանում ուղեկցած պատվիրակության անդամներին: Ֆրանցիսկոս պապն, իր հերթին, ցտեսություն ասաց հայաստանյան պատվիրակությանը, որի կազմում էին նախարարներ, հոգևոր այրեր, այլ պաշտոնյաներ: ՀՀ պատվոպահակախմբի ղեկավարը Հռոմի պապին զեկուցեց, որ պահակախումբը շարված է, հնչեցին ՀՀ և Վատիկանի օրհներգները: Կարմիր գորգի վրայով Պապն անցավ մինչ ինքնաթիռը եղած ճանապարհը, ջերմորեն հրաժեշտ տվեց ՀՀ Նախագահին, բարձրացավ ինքնաթիռ` վերջին անգամ հայոց հողի վրա օրհնելով հավաքվածներին:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Նույն օրը Պապը Գյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսով`համեմված հայկական շարականներով: Երեկոյան Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ տեղի է ունեցել խաղաղության աղոթք և էկումենիկ արարողություն: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում մատուցվել է Սուրբ պատարագ` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ և Սրբազան քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապի աղոթակցությամբ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ստորագրվել է համատեղ հայտարարություն, որից հետո Սրբազան քահանայապետը և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը այցելել են նաև հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Այնտեղ միասին աղոթելուց հետո նրանք աղավնիներ են բաց թողել Արարատի ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am