Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Երևանյան բեսթսելեր 4/25. ամենաշատը գնել են Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գիրքը

Երևանյան բեսթսելեր 4/25. ամենաշատը գնել են Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին»  գիրքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: Այն առաջին անգամ տպագրվել է 1958 թ: Գրքի կենտրոնական թեման սերն է, սակայն Մարկեսն անդրադառնում է շատ այլ խորքային բնույթ կրող խնդիրների:

Երկրորդ տեղում անգլիացի գրող Օսկար Ուայլդի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է` «Դորիան Գրեյի դիմանկար»:  Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքի տեսքով տպագրվել է միայն 1891 թվականի ապրիլին:

Երրորդ տեղում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Վարկանիշային աղյուսակ է վերադարձել ու չորրորդ տեղը զբաղեցրել Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոց» գիրքը: Այն էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներքնաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։

Հինգերորդ տեղում է «Անտարես»-ի լույս ընծայած «Խատուտիկի գինի» ստեղծագործությունը: Ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից մեկն է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը հեղինակի բնորոշմամբ նրա պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Բրեդբըրին մեծ գրողին վայել վարպետությամբ իր պատմությունները շաղախում է խենթ ռոմանտիզմի, նրբին բանաստեղծականության ու անմոռանալի հումորի վառվռուն ցոլքերով, որոնք «Խատուտիկի գինին» դարձնում են ամեն տարիքի և կարգի ընթերցողին սրտամոտ հազվագյուտ գիրք: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Տասնյակի վեցերորդ հորիզոնականում է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ:

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոս» վեպը, որն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է, հայտնվել է յոթերորդ հորիզոնականում: Վեպը շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: «Ալքիմիկոս»-ի վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի վաճառքների քանակին:

Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը ութերորդ տեղում է այս շաբաթվա վարկանիշային աղյուսակում: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:

Իններորդում լուսանկարիչ և գրող Էդգար Հարությունյանի ստեղծագործություններն ամփոփող առաջին՝ «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն է: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

«Երևանյան բեսթսելեր»-ի այս շաբաթվա ցանկ է վերադարձել ու այն եզրակափակում է ամերիկացի հռչակավոր գրող Ռեյ Բրեդբըրիի «Մարսյան քրոնիկոնը», որը հեղինակը հումորով կոչել է «վեպ ձևացող պատմվածաշար»: Այն համարվում է 20-րդ դարի լավագույն գրքերից մեկը: «Կարմիր մոլորակի» նվաճման այս տարեգրության մեջ, ինչպես նկատել է աստղագետ Կարլ Սագանը, «Մարսը յուրատեսակ առասպելական ասպարեզ է, որտեղ մարմնավորվել են մեր երկրային հույսերն ու երկյուղները»:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 21
2 0

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ  20
3 -2

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 14
4 *

Ժան-Պոլ Սարտր

«Սրտխառնոց»

Անտարես 13
5 +2

Ռեյ Բրեդբըրի

«Խատուտիկի գինի» 

Անտարես 12
6 -2

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր» 

Էդիթ Պրինտ 11
7 *

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոս» 

Անտարես 11
8 *

Գարսիա Մարկեսի

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

Բուկինիստ 10
9 *

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 6
10 *

Ռեյ Բրեդբըրի

 «Մարսյան քրոնիկոն»


Անտարես 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անի Նազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am