Հայաստանի ՊՆ-ն կներկայացնի Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խոստացել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որոշ ժամանակ անց կներկայացվի ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրություն»,- հայտնել է նա:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:
Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում