Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ և ՌԴ մրցակցային մարմինները դատական կարգով հաղթեցին «Գրանդ Տոբակոյի» գործն ընդդեմ «Ֆիլիպ Մորիսի»

 ՀՀ և ՌԴ մրցակցային մարմինները դատական կարգով հաղթեցին «Գրանդ Տոբակոյի» 
գործն ընդդեմ «Ֆիլիպ Մորիսի»

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին էր դիմել  «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ ընկերությունը, տեղեկացնելով, որ ՌԴ տարածքում իր արտադրանքը իրացնելիս բախվել է որոշակի խոչընդոտների:  Մասնավորապես, ծխախոտի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիս Բրեդս Սարլ» ընկերությունը  Ռուսաստանում որոշակի արգելքներ է ստեղծել «Գրանդ Տոբակո»  ընկերության համար, համաձայնության գալով մի շարք խոշոր սուպերմարկետների հետ, փորձել էր խոչընդոտել վերջինիս արտադրանքի իրացմանը:

Ըստ «Ֆիլիպ Մորիս Բրեդս Սարլ» ընկերության, «Գրանդ Տոբակոյի» «Ararat» անվանումով սիգարետները շփոթության աստիճանի նման են «Marlboro» ապրանքանիշին, ինչի հետ կապված էլ ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով արգելել հայկական այդ արտադրանքի իրացումը Ռուսաստանում:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, մանրամասն ուսումնասիրելով խնդիրը, հանգել է այն եզրակացության, որ նշված ապրանքային նշանների միջև  շփոթություն առկա չէ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովից, քանի որ խնդիրը առաջացել է ՌԴ տարածքում, ապա Հանձնաժողովը, Ռուսաստանի գործընկերների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ, նրանց ևս ներգրավել է խնդրի կարգավորման և հայկական արտադրողի շահերի պաշտպանության գործում: ՌԴ հակամենաշնորհային ծառայության և ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված համատեղ ուսումնասիրություններով ևս ամրագրվեց, որ «Գրանդ Տոբակոն» օրենսդրական որևէ խախտում չի կատարել, գործել է բարեխիղճ և արդար մրցակցային կանոններով:

Մարտի 31-ին կայացված որոշմամբ, Մոսկվայի արբիտրաժային դատարանը ամբողջովին մերժել է  «Ֆիլիպ Մորիս»-ի հայցը, հաստատելով, որ «Գրանդ Տոբակոյի» գործողությունների մեջ որևէ հակամրցակցային տարր չկա: Դատարանն ամրագրել է, որ երկու ընկերությունների արտադրանքը չի կարող համարել շփոթության աստիճան նման, քանի որ բոլոր հատկանիշներով դրանք միմյանցից էականորեն տարբեր են:

Մոսկվայի արբիտրաժային դատարանի կողմից կայացված որոշումը աննախադեպ է նախ այն պատճառով, որ ՀՀ մրցակցային մարմնի և տնտեսվարողի համագործակցության արդյունքում հնարավոր եղավ հասնել հայկական խոշոր արտադրողի շահերի պաշտպանությանը արտերկրում: Բացի այդ, այս որոշումը կարող է դրական նախադեպ լինել  արտահանմամբ զբաղվող բոլոր այն տնտեսվարողների համար, ովքեր ԵԱՏՄ անդամ երկրներում բախվում են մրցակցային խնդիրների: ՏՄՊՊՀ-ը կարևորում է բարեխիղճ տնտեսվարողների իրավական պաշտպանվածության խնդիրը, որպեսզի վերջիններս կարողանան անարգել արտահանել և իրացնել իրենց արտադրանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am