Չեխիայում քննարկվում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու հավանականությունը
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատում քննարկվում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու հավանականությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
«Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, պաշտոնյաներ և խորհրդարանականներ, Չեխիայի կաթոլիկ եկեղեցին, շատ այլ կառույցներ և հեղինակավոր գործիչներ: Պատգամավորների պալատում ևս քննարկվում է այդ կապակցությամբ բանաձև ընդունելու հավանականությունը»,- նշեց դեսպանը։
Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 2015թ. ապրիլի 14-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև, որը վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի» մասին կոնվենցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում