Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայատյացությունը կենտրոնական տեղ է զբաղեցրել նրա կյանքում. շվեյցարացի պատմաբանն ուսումնասիրել է Թալեաթի կենսագրությունը

Հայատյացությունը կենտրոնական տեղ է զբաղեցրել նրա կյանքում. շվեյցարացի 
պատմաբանն ուսումնասիրել է Թալեաթի կենսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի պատմաբան Հանս-Լուկաս Կիզերը շուրջ 35 տարի Հայաստանին եւ Հայոց ցեղասպանության հարցին անդրադառնալուց հետո ի վերջո առաջին անգամ այցելել է Հայաստան: Ոգեւորված է եւ ուրախ, քանի որ այդ տարիների ընթացքում միշտ մտածել է Հայաստան գալու մասին:

«Հայաստանը շատ եմ հավանել, նաեւ մարդկանց հյուրընկալությունը: Կարող եմ ասել, որ կյանքը ծաղկում է այստեղ: Ես այստեղ տեսնում եմ մշակույթ, մայրաքաղաքում տեսնում եմ ոչ միայն հերոսների եւ քաղաքական գործիչների արձաններ, այլեւ գրողների եւ երաժիշտների. սա  կյանքի, ներուժի նշան է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Պատմաբանը, ում Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար շնորհվեց ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակ, նշեց, որ Թուրքիան դեժավյու է ապրում այն իմաստով, որ ոչ թե պատմությունն է կրկնվում, այլ քաղաքական մոդելները:

«Այսինքն` կոնկրետ էլեմենտներն են կրկվում այժմ, որոնք սակայն խոստումնալից չեն եւ չեն տանում դեպի ապագա: Սա այն զգացողությունն է, որն ունենում եմ, երբ նայում եմ Թուրքիային: Այն հույսերը, որոնք ունեինք ժողովրդավարացման տարիներին՝ 2002-2010 թվականներին, ոչնչացվել են, իսկ մոդելները  կրկնվում են:  Պատմությունը երբեք չի կրկնվում, միայն մոդելները, քաղաքականությունը, գաղափարները»,-ընդգծեց նա:

Հանս-Լուկաս Կիզերը թեպետ մոտ ապագայում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որեւէ հեռանկար չի տեսնում, այնուամենայնիվ դրական է համարում հարցի մասին բարձրաձայնումը տեղի քաղաքական գործիչների կողմից:

«Սա առաջին անգամն է, որ խորհրդարանի ներկայացուցիչները բացահայտորեն խոսում են Ցեղասպանության մասին, նույնիսկ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է հնչեցրել ճանաչման մասին առաջարկ: Կարծում եմ՝ սա մի ներուժ է, որը կոպտորեն ճնշման է ենթարկվում, բայց հնարավոր չէ սպանել ներուժը. նույնիսկ եթե այն  անհույս է թվում,  կարող է շատ հեշտորեն վերափոխվել»,-ասաց նա:

Շվեյցարացի պատմաբանը տեղեկացրեց, որ ավարտել է Թալեաթ փաշայի կենսագրության մասին ուսումնասիրությունը, որը կհրատարակվի 2018 թվականի գարնանը:

«Երկու կետ եմ առաջ քաշել ուսումնասիրության մեջ: Նախ` ցույց եմ տվել, որ Թալեաթը դոմինանտ քաղաքական դեմքն էր, նա միանշանակ առաջինն էր, ոչ Ջեմալ փաշան, ոչ Էնվերը: Նա այն մարդն էր, ում ուսերին Աթաթուրքը կառուցեց Թուրքիայի Հանրապետությունը: Մյուս կարեւոր կետը, որը ցույց եմ տվել, այն է, որ Հայաստանը եւ Հայոց ցեղասպանությունը, իր  հայատյաց քաղաքականությունը կենտրոնական տեղ են զբաղեցրել նրա կյանքում»,-եզրափակեց Հանս-Լուկաս Կիզերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am