Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը

Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Աբովյան փողոցում հունիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակ, ծնունդով գյումրեցի ամերիկաբնակ գործարար Գրիգոր Բեդիրյանը: Արձանի բացման պատիվը տրվեց Սամվել Բալասանյանին և նախաձեռնության հեղինակին: Ի դեպ, Գյումրու քաղաքային իշխանությունները նպատակ ունեն Աբովյան փողոցը հետագայում անվանակոչել Քըրք Քըրքորյանի անունով:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոսեց արձանի, դրա տեղադրման նախաձեռնության մասին, ապա անդրադարձավ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի գործունեությանը, Գյումրիում ունեցած ներդրմանը. «2800 բնակարան կառուցվել է Լինսի հիմնադրամի միջոցներով, ճանապարհներ, մշակութային օջախներ, տարբեր միջոցառումներ, որ անցկացվել են Լինսի հիմնադրամի միջոցներով: Այս ամենի համար գյումրեցին իր երախտիքի խոսքը պետք է ասեր և ասեց»,-ավելացրեց Սամվել Բալասանյանը:
Քաղաքապետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանին՝ արձանի տեղադրման նախաձեռնության համար:
Իր խոսքում ողջունելով հայրենակիցներին՝ Գրիգոր Բեդիրյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր իրենց լուման են ներդրել արձանի տեղադրման գործում:
Արձանի հեղինակը գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանն է, ով իր խոսքում նշեց. ,Մեր բոլորիս նպատակն է եղել երախտապարտ լինել մեր բարերարներին, հատկապես Քըրք Քըրքորյանին, ով այդքան միջոցներ տրամադրեց Գյումրու վերականգնմանը»,-նշեց քանդակագործը:
Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ամերիկահայ միլիարդատերը ստեղծեց «Լինսի» հիմնադրամը՝ Հայաստանի տնտեսության մեջ ներդնելով 220 միլիոն դոլարի նվիրատվություն։ Միայն 73 միլիոն ծախսել է ճանապարհաշինության վրա՝ վերանորոգելով 435 կիլոմետր պետական նշանակության ճանապարհներ։ 45 միլիոն դոլար էլ հատկացրել է երկրաշարժից ավերված բնակֆոնդի վերականգման համար, որով Շիրակի ու Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք՝ 3674 բնակարանով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am