Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ինչ ազդեցություն կունենա այլ երկրներից Հայաստան տեղափոխված մասնագիտական ներուժը ՏՏ ոլորտի վրա․ մեկնաբանում է Krisp-ի համահիմնադիրը

Ինչ ազդեցություն կունենա այլ երկրներից Հայաստան տեղափոխված մասնագիտական 
ներուժը ՏՏ ոլորտի վրա․ մեկնաբանում է Krisp-ի համահիմնադիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին շրջանում հատկապես Ռուսաստանից նկատվում է ՏՏ ոլորտի մասնագիտական ներուժի զգալի հոսք, նրանք մի կողմից իրենց հետ Հայաստան են բերում մեծ ընկերություններից ստացած փորձը, մյուս կողմից առաջացնում են մրցակցություն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում։

Նա կարևորեց հայկական ընկերությունները  տաղանդավոր և փորձառու կադրերով համալրումը։ 

«Նրանք գալիս են մեծ ընկերություններում աշխատանքի փորձով ու, եթե հայտնվում են հայկական ընկերություններում, գիտելիքի արագ փոխանակում է կատարվում»,-ասաց նա։

Մինասյանը շատ կարևորեց նոր ընկերությունների մուտքը Հայաստան, որոնցից են Yandex, Miro ընկերությունները։ 

«Այսպիսի խոշոր ընկերություններ, բնականաբար, մինչ այդ չկային Հայաստանում, ու դա բերելու է նոր աշխատանքային մշակույթի, գիտելիքի և այլն։ Դա մեր ՏՏ ոլորտի աշխատակիցների համար էլ նոր հնարավորություններ է բացում։ Կարող են գնալ արդեն կայացած ընկերություններում գիտելիք ու փորձ ձեռք բերել»,- ասեց Մինասյանը։ 

Նրա համոզմամբ՝ ինչ-որ առումով Հայաստանը ՏՏ ոլորտի օտարերկրյա հիմնադիրների համար դարձել է ճանապարհ դեպի Սիլիկոնյան հովիտ։

«Հիմա ռուս և ուկրաինացի տարբեր հիմնադիրներ ներկայանում են որպես հայկական ստարտափների հիմնադիրներ և նոր գնում Սիլիկոնյան հովիտ»,- ասաց նա։ 

Այն հարցին, թե արդյոք Հայաստան տեղափոխված մասնագետները չեն զբաղեցնում տեղացի մասնագետների հաստիքները՝ Մինասյանը պատասխանեց, որ ՏՏ ոլորտում մրցակցությունն ամբողջ աշխարհում մնում է արդիական։ 

«Կան տարբեր համակարգեր, որոնք թույլ են տալիս տարբեր երկրներում էլ մարդկանց աշխատանքի ընդունել առանց իրավաբանական բարդությունների, այդ պատճառով մրցակցությունն արդիական է։ Ճիշտ է, դա բերում է նրան, որ մրցակցությունը ավելի է շատանում, բայց դրանից խուսափել հնարավոր չէ։ Եթե դու լավ մասնագետ ես, ուզում ես լավ աշխատանք ունենալ, պետք է հաշվի առնես, որ մրցակցելու ես համաշխարհային լավագույն կադրերի հետ»,- եզրափակեց Մինասյանը։ 

Հյաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ նորարարական չորրորդ ֆորումն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 5-6-ը: Ֆորումը սկսել է իրականացվել 2017 թվականից: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։

Կարինե Տերտերյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am